Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Նախարարի տեղակալը՝ 340 հազար դոլար արժողության զուգարանների մասին

Փետրվար 06,2013 14:52

2012 թվականի հունվար-դեկտեմբեր ամիսներին Հայաստան են ժամանել 843 հազար 330 զբոսաշրջիկներ: Այս ցուցանիշը 2011 թվականի նույն ժամանակաշրջանի նկատմամբ աճել է 11.3%-ով:

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին հայտնեց ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արա Պետրոսյանը:

Նախարարի տեղակալի կանխատեսմամբ` 2013-14 թվականներին Հայաստան ժամանող զբոսաշրջիկների թիվը կհատի մեկ միլիոնի սահմանը:

«Այս ցուցանիշի աճը նշանակալից է, եթե հաշվի առնենք, որ համաշխարհային տուրիզմի ցուցանիշը աճել է ընդամենը 4%-ով»,- ասաց Ա. Պետրոսյանը` նշելով, որ Հայաստան ժամանող զբոսաշրջիկների հիմնական հոսքերը գալիս են ԱՄՆ-ից, Ռուսաստանից ու Ճապոնիայից:

Aravot.am-ի այն նկատառմանը, թե 2012-ին իրանցի զբոսաշրջիկների հոսքը դեպի Հայաստան զգալի նվազել է, եւ շատ իրանցի զբոսաշրջիկներ հիմա նախընտրում են գնալ Վրաստան, նախարարի տեղակալը հակադարձեց` ասելով. «Ոչ, հայկական հոսքերը չեն ուղղորդվել դեպի Վրաստան: Իրանը, ներքին սանկցիաների հետ կապված, խիստ կրճատել էր ֆիզիկական անձանց` դոլարը փոխակերպելու հնարավորությունը: Մարդիկ չէին կարողանում դոլար գնել, որ գային Հայաստան: Սրանով հանդերձ` իրանցի զբոսաշրջիկների մեծ հոսք է գրանցվել: Էդ ճապոնացին, որ գալիս ա եւ Հայաստան եւ Վրաստան, խի՞ մենք դրան խորթ չենք նայում: Վրաստան գնացած զբոսաշրջիկների մեծ մասը Հայաստանում 3-4 օր մնացել ա, նենց չի, որ միանգամից են գնացել Վրաստան»:

Անդրադառնալով հունվարի 30-ից փետրվարի 1-ը Իսպանիա կատարած այցի արդյունքներին` նախարարի տեղակալը ասաց, որ մի շարք հանդիպումներ են կայացել Իսպանիայի գործարար շրջանակների ներկայացուցիչների հետ, ինչպես նաեւ «FITUR» միջազգային ցուցահանդեսի շրջանակներում կայացել է իսպանացի հեղինակ Խոսե Մարիա Կալի «Հայաստան. Հպարտություն եւ կիրք» վերնագիրը կրող ուղեցույցի շնորհանդեսը:

Պատասխանելով լրագրողներից մեկի հարցին` նախարարի տեղակալ Ա. Պետրոսյանը նշեց, որ պետական բյուջեի ֆինանսավորմամբ, ընդհանուր 340 հազար դոլար արժողությամբ երկու զուգարանները արդեն տեղադրվել են` մեկը Տաթեւի ճոպանուղու մոտ, մյուսը` սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու մոտակայքում:

Աշոտ ԱԹԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728