ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության 3-րդ վարչության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Նելլի Դուրյանն ու հոգեբան Իրինա Ծատուրյանը այսօր «Վարկած» ակումբում ներկայացրին անցյալ տարվա իրավիճակը` ընտանեկան բռնությունների առնչությամբ: Մասնավորապես, Նելլի Դուրյանն ասաց, որ իգական սեռի ներկայացուցիչների նկատմամբ 2012թ.-ին գրացվել է 2026 դեպք, որից 4-ը սպանության ելքով, դիտավորյալ, առողջությանը վնաս հասցնելու 2 դեպքով, 423-ը՝ ծեծի դրսեւորմամբ:
Ըստ ոստիկանության գնդապետի, կանանց նկատմամբ բռնությունների եւ թեթեւ մարմնական վնասվածքների դեպքերով առաջատար տեղում Երեւանն է:
Նելլի Դուրյանը հայտնեց նաեւ, որ անցյալ տարի անչափահասների նկատմամբ գրանցվել է 216 բռնության դեպք, 15-ը՝ ներընտանեկան բնույթի էին: Ուշագրավ է, որ դրանք դրսեւորվել են տղաների նկատմամբ:
Հոգեբան Իրինա Ծատուրյանն անդրադարձավ սեռական, հոգեբանական, ֆիզիկական եւ նյութական բռնությունների դեպքերին: Ըստ նրա, մեզանում կա կարծրատիպ, թե ծեծը, բռնությունները ներընտանեկան խնդիր են եւ պետք չէ բարձրաձայնել այդ մասին:
Կարդացեք նաև
Նա ասաց, որ կան բազմաթիվ դեպքեր, երբ բռնությունները տղամարդը տղամարդու նկատմամբ է կատարել: «Երբ խոսում ենք հավասարության մասին, պետք է հաշվի առնենք, որ 21-րդ դարում ենք ապրում, եւ կինը ունի հավասար պարտականություններ եւ հավասար հնարավորություններ»: Հոգեբանի դիտարկմամբ, 88-ի հեղափոխությունից հետո փոխվեց կին-տղամարդ հավասարակշռությունը եւ կինը սկսեց կատարել ընտանիքի կերակրողի դեր: Այդ երեւույթը, ըստ բանախոսի, ավելի մեծացավ, երբ տղամարդը մեկնեց արտագնա աշխատանքի, եւ կինը ստանձնեց տղամարդու դերը:
«Ո՞ւր է տղամարդը: Այսօրվա կնոջ հացի մեջ աղ չկա: Ամբողջ օրը աշխատելուց հետո ոնց ապրի, ինչպես չաշխատի»,- հռետորական հարցով Իրինա Ծատուրյանն ավարտեց իր խոսքը:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ