Լրահոս
Օրվա լրահոսը

Միջազգային չափանիշներին համապատասխանող սահմանային անցակետեր կունենանք

Փետրվար 06,2013 14:16
Artur Bagdasaryan

Այսօր Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը մասնակցեց  «Հայաստանի և Վրաստանի ահմանին գտնվող Բավրա-Նինոծմինդա պետական սահմանի անցման կետերի սահմանների կառավարման կարողությունների զարգացում» Ծրագրի բացման արարողությանը: Մեկնարկային համաժողովին Ազգային անվտանգության խորհուրդը,  ՄԱԿ-ի Զարգացման Ծրագրի հայաստանյան գրասենյակը, Հայաստանում ԵՄ պատվիրակությունը և ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեն համատեղ ներկայացրեցին ԵՄ կողմից ֆինանսավորվող և ՄԱԶԾ-ի կողմից իրականացվող ծրագրի նպատակներն ու հեռանկարները:

Միջոցառմանը ներկա էին Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև Հայաստանի և Վրաստանի սահմանային գերատեսչությունների պատասխանատու պաշտոնատար անձինք: Համաժողովին ելույթներով հանդես եկան Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը,  ՄԱԶԾ մշտական ներկայացուցչի ժամանակավոր պաշտոնակատար Պատրիս Քոր-Բիզոն, Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիստեան և ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանը:

Իր խոսքում Արթուր Բաղդասարյանն ընդգծեց համաժողովի կարևոր նշանակությունը և մասնավորապես նշեց. «Սահմանային անվտանգության ապահովման խնդիրները մշտապես գտնվում են ՀՀ իշխանությունների ուշադրության կենտրոնում, և սահմանային անվտանգության ապահովման ռազմավարության հաստատումից հետո մենք այս ոլորտում ունենք բավականին դրական զարգացումներ: Մենք բավականին արդյունավետորեն համագործակցում ենք մեր գործընկերների հետ Հայաստան-Վրաստան պետական սահմանի արդիականացման ուղղությամբ: Մեր աշխատանքները մտել են վճռորոշ փուլ, և մենք շուտով լավ արդյունքներ կգրանցենք Բագրատաշեն, Բավրա, Գոգավան հատվածներում` ունենալով ԵՄ «Դեղին գրքի» ժամանակակից պահանջներին, միջազգային չափանիշներին համապատասխան սահմանային ենթակառուցվածքներ:

Զարգացումները թույլ են տալիս մեզ պնդելու, որ Հայաստանի Հանրապետության պետական սահմանի ողջ երկայնքով իրականացվող միջոցառումներն էլ ավելի կբարձրացնեն ու կամրապնդեն մեր սահմանային անվտանգությունը: Այս ծրագրի լիարժեք կենսագործումը կնշանակի կոռուպցիոն ռիսկերի կտրուկ նվազեցում կամ վերացում, մաքսանենգության դեմ պայքարի մեխանիզմների կատարելագործում, բեռների և քաղաքացիների առավել արագ և ազատ տեղաշարժ, բյուրոկրատական քաշքշուկների և ավելորդ թղթատարության վերացում»:

Ծրագիրը, որի ընդհանուր բյուջեն կազմում է 1,403,000 եվրո, նպատակ ունի հայ-վրացական պետական սահմանի «Բավրա» և «Նինոծմինդա» անցման կետերում ներդնել սահմանների համալիր կառավարման եվրոպական չափանիշներ, որոնք ուղղված կլինեն միջազգային առևտրի և տարանցիկ փոխադրումների խթանմանը, ինչպես նաև մարդկանց միջսահմանային շարժի հեշտացմանը:

Ծրագրի շրջանակներում կարդիականացվեն «Բավրա» և «Նինոծմինդա» անցման կետերի սահմանային ենթակառուցվածքները, ինչպես նաև կկատարվի Հայաստանի և Վրաստանի սահմանային գերատեսչությունների աշխատակիցների կարողությունների զարգացում մի շարք ոլորտներում` հմտությունների կատարելագործմանն ուղղված դասընթացների միջոցով, ներառյալ փաստաթղթերի նույնականացումը, ռիսկերի գնահատումը և պրոֆիլավորումը, զննման մեթոդները, միջազգային հեղինակային իրավունքը և կեղծ ապրանքանիշերով ապրանքների նույնականացումը, փախստականների և ապաստան հայցողների իրավունքները, ծառայողական հերթափոխերի կառավարումը և այլն:

Ազգային անվտանգության խորհուրդ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728