Աստվածաբանը՝ դավանանքի եւ քրիստոնեության ճգնաժամի մասին
«Առավոտը» զրույցի հրավիրեց Քենիայի Հանրապետության «Աֆրիկա միջազգային համալսարանի» աստվածաբանության բաժնում ուսում առած Հասմիկ Բաբայանին: Նա 2007թ. համալսարանն ավարտելուց հետո մեկ տարի աշխատել է Քենիայի Նաիրոբիի քրիստոնեական եկեղեցու կենտրոնական գրասենյակում: Մեր զրուցակիցը նշեց, որ Նաիրոբին բազմակրոն, բազմազգ երկիր է եւ տեղի եկեղեցին էլ հզոր կառույցներից մեկն է: Աստվածաբանը 2008թ. սկզբներին ականատեսն է եղել տեղի նախագահական ընտրություններից հետո իշխող կառավարության եւ ընդդիմության միջեւ կոնֆլիկտի արդյունքում տեղի ունեցած արյունահեղությանը: Նա նշեց, որ միջազգային ազդեցիկ կառույցների շնորհիվ էր, որ հակամարտությունը չշարունակվեց, քանի որ Քենիան մշակույթի, բիզնեսի, զբոսաշրջության հզոր կենտրոն է: Խաղաղության հարցում էլ մեծ էր եկեղեցու դերը:
Հասմիկ Բաբայանը մեկ տարի աշխատելուց հետո մեկնում է ԱՄՆ՝ կատարելագործվելու, ճամփորդում նահանգներում, այնուհետեւ Թուրքիայի Իզմիր քաղաքում՝ ամերիկյան աստվածաբանական կազմակերպության գրասենյակի հրավերով, դասավանդում է աստվածաբանություն: Մեր զրուցակիցը նշեց, որ բազմազգ Իզմիրում ամենակարեւոր ձեքբերումը ինտելեկտուալ թուրք ընկերներն էին, որոնք ափսոսում էին հայերի ու թուրքերի միջեւ եղած պատմական անդունդի առիթով:
Հետաքրքրությանը, թե երկու տարի հայրենիքում է, ինչո՞ւ դրսում ստացած աստվածաբանական գիտելիքները «չի ներդնում» այստեղ, մեր զրուցակիցը պատասխանեց. «Շուրջ երկու տարի Հայաստանում եմ եւ պետք է խոստովանեմ, որ ինձ համար դժվար է աֆրիկյան, ամերիկյան ու թուրքական բազմակրոն ու բազմաէթնիկ մշակույթներից հետո անմիջապես վերադառնալ հայաստանյան մշակութային իրականություն: Եվ, որ ամենակարեւորն է, չեմ կարող ինքս սահմանափակել սեփական ազատությունս»: Խնդրեցինք մանրամասնել վերջին միտքը: Աստվածաբանն ասաց. «Ուսումնառությանս ընթացքում եւ տարբեր երկրներ շրջելուց հետո եկա այն կարծիքին, որ եկեղեցին հաճախ սահմանափակում է Աստծո գաղափարը, երբեմն էլ խոչընդոտում, որ Արարչի կողմից ստեղծված էակը ձեւավորվի հենց նրա կողմից տրված ազատության մեջ: Խորին հարգանք ունեմ եկեղեցու ու նրա գաղափարների հանդեպ, սակայն պետք է նշեմ, որ մեր օրերում համաշխարհային մասշտաբով տարբեր կրոններ, մասնավորապես՝ քրիստոնեությունը ճգնաժամի մեջ են»: Հասմիկ Բաբայանը հավելեց, որ 21-րդ դարը, որ կրում է պոստմոդեռնիզմի գաղափարախոսությունը, մեծ մարտահրավեր է նետել եկեղեցուն, որ այլեւս հնարավոր չէ դոգմաներով ապրել ու շարունակել խորը հոգեւոր, ինտելեկտուալ, բազմաբնույթ հարցերի պատասխան տալ: Աշխարհում տառապանքն է իշխում եւ մարդիկ իրական պատասխաններ են փնտրում իրենց իրական ցավերին:
Մեր զրուցակիցը նշելով, որ հայերեն ոչ մի գրականություն չկա այն մասին, թե ինչ է կատարվում քրիստոնյա աշխարհում, հայտնեց, թե ինքն աշխատում է «My search for the REAL…» («Իրականի իմ փնտրտուքը») գրքի վրա, որը լույս կտեսնի անգլերեն՝ աշխարհին մատչելի լինելու նպատակով:
«Գոյություն չունի առանձին հոգեւոր եւ առանձին աշխարհիկ կյանք, ինչը հենց բերեց մերօրյա ճգնաժամի, կամ հոգեւորն ու ոչ հոգեւորը չի կարելի առանձնացնել, ինչը հակառակ է Աստծո արարչագործությանը: Նպատակս է 21-րդ դարի փիլիսոփայության ներքո աստվածաբանական, մարդաբանական եւ գոյաբանական խրթին հարցերին տալ սեփական մեկնաբանություն»,- ասաց Հասմիկ Բաբայանը: «Աստվածաբանների հիմնական խոսակցության թեման հետեւյալն է. 21-րդ դարում Աստված իր եկեղեցին կառուցում է եկեղեցուց դուրս»,- հավելեց աստվածաբանը:
ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ