Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Րաֆֆիի կողքին կլինեմ՝ առաջին տիկնոջ, թե հայ կնոջ կարգավիճակով»

Փետրվար 06,2013 14:00

Raffi_2Արմինե Հովհաննիսյանը՝ ամուսնու, ընտանիքի եւ ընտրությունների մասին

ՀՀ նախագահի թեկնածու, «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը ժողովրդականություն է վայելում, ինչի համար նրա տիկինը՝ «Օրրան» բարեգործական կազմակերպության հիմնադիր Արմինե Հովհաննիսյանը, ուրախ է: «Ես հպարտ եմ Րաֆֆիով… Երբ ծանոթացանք, ինքը երիտասարդ էր, Հայաստանն էլ դեռ անկախ չէր, ու մեր երազանքն էր ապրել անկախ Հայաստանում: Փառք Աստծո, մեր երազանքն իրականացավ, երկրաշարժից հետո ընտանիքով տեղափոխվեցինք հայրենիք: Րաֆֆին իր կյանքի 25 տարիները նվիրեց պետական եւ հասարակական աշխատանքին, եւ հիմա բնական է, որ ունենալով ՀՀ տասը տարվա քաղաքացիություն, նախագահի թեկնածու է առաջադրվել: Կարծում եմ՝ ժողովուրդը պետք է ունենա ընտրության հնարավորություն, որովհետեւ չի կարող մեր ամբողջ հայ ազգի մեջ միայն մեկ մարդ լինել, ով ունակ է կառավարել այս երկիրը: Կան բազմաթիվ խելացի մարդիկ, որոնք իրենց ներդրումն են ունեցել տարբեր ասպարեզներում: Ինչ վերաբերում է Րաֆֆիին, ճակատագրի եւ կրթության բերումով, նա պատրաստված է քաղաքական-հասարակական աշխատանքի համար»,- նշեց տիկին Հովհաննիսյանը: Նա նորմալ չի համարում, երբ մարդիկ ասում են, թե ամեն ինչ կանխորոշված է ու եղածը հնարավոր չէ փոխել. «Այդ մտայնությունը բացարձակապես ընդունելի չէ հայի այն տեսակի համար, որն իմ մեջ է: Ինձ համար հայը ըմբոստ է եւ պայքարող, հայը նա է, որ դարեր շարունակ զրկանք, թալան, դաժանություն ու պատերազմ է տեսել, բայց կարողացել է տոկուն լինել, կյանքը շարունակել ու պայքարելու ուժ գտել, որպեսզի տեսնի արժանապատիվ հայրենիք: Անշուշտ, հնարավոր է ունենալ հայրենիք, որտեղ մարդն արժանապատիվ է զգում, որտեղ մարդիկ ցանկանում են ներգաղթել, այլ ո՛չ թե արտագաղթել: Այս ամենը հնարավոր է, եթե դա ցանկանանք եւ պատրաստ լինենք աշխատել, թեկուզ ինչ-որ առումով ժամանակավոր զրկանքներ կրենք՝ մինչեւ մեր բարձր նպատակներին հասնելը»:

ՀՀ նախագահի թեկնածուի տիկնոջը հարցրինք՝ ինչպե՞ս է վերաբերվում ամուսնու քաղաքական ընդդիմախոսների այն դիտարկմանը, թե Րաֆֆի Հովհաննիսյանը կիրթ է ընկալվում, բայց ոչ ուժեղ անհատ:

«Յուրաքանչյուրը ուժեղ լինելու վերաբերյալ իր պատկերացումն ու սահմանումն ունի: Հին դարերում, օրինակ, ուժեղ էր ընկալվում այն մարդը, որը լավ որսորդ էր, կարող էր կենդանի որսալ եւ կերակրել իր ընտանիքը: Հիմա ժամանակները փոխվել են՝ 21-րդ դարում ենք, քաղաքակրթությունն առաջ է անցել: Այլեւս բռնի ուժը չի կառավարում, այլ խելքի ուժն ու բարեկրթությունը: Ես իմ ամուսնուն համարում եմ շատ ուժեղ անհատականություն, որովհետեւ տեսել եմ, թե ինչպես է նա Թուրքիա գնացել եւ Հայոց ցեղասպանության հարցը բարձրացրել հենց Թուրքիայի հողում, ինչպես է ՄԱԿ-ի բարձր ամբիոնից նույն հարցը հնչեցրել, կարողացել 15 օր իր հավատքի համար ինչ-ինչ զրկանքներ կրել եւ հաց չուտել: Կամ ինչպես է միայնակ Բաքու գնացել ու իր խոսքը հասցրել միջազգային ներկայացուցիչներին: Ես այդտե՛ղ եմ տեսնում մարդու ուժը: Ուժեղը նա չէ, ով կարող է իր ժողովրդի հետ քմահաճորեն վերաբերվել, ծաղրանքի ու զրկանքների ենթարկել, լինել ոչ հարգալից: Ուժը իրականում սիրո, հարգանքի, համբերության եւ բարեկրթության մեջ է»,-պատասխանեց Արմինե Հովհաննիսյանը:

Հետաքրքրվեցինք՝ հե՞շտ է լինել ՀՀ նախագահի թեկնածուի տիկին:

«Ամեն հասարակական գործչի ընտանիք ինչ-որ գին է վճարում, որովհետեւ այդ մարդը իր ժամանակը ստիպված է լինում «կիսել» հասարակական գործունեության եւ ընտանիքի միջեւ: Բարեբախտաբար, մեր երեխաներն արդեն մեծացել են ու հասել այն տարիքի, որ ծնողական մեծ ուշադրություն չեն պահանջում, եւ այսօր նույնիսկ ուժեղ պարիսպ են իրենց հոր կռնակին: Դա ավելի է հզորացնում Րաֆֆիին: Ես միշտ Րաֆֆիի կողքին եմ, եւ կլինեմ՝ լինի դա առաջին տիկնոջ, թե պարզապես հայ տիկնոջ կարգավիճակով: Ես երդում եմ տվել եկեղեցում Աստծո առաջ՝ թե վատ, թե լավ օրերին լինել ամուսնուս կողքին: Հուսամ, որ այդ օրերը ապագայում կլինեն շատ ավելի լավը»,- պատասխանեց նա: Նաեւ հավելեց, որ առաջնորդները տարբերվում են սովորական մարդկանցից նրանով, որ հեռատես են, կարողանում են անհնարինը տեսնել եւ անհնարինը դարձնել հնարավոր. «Պատկերացրեք, եթե Ռայթ եղբայրները, որ երազում էին օդանավ սարքել ու թռչել, հանկարծ ընկճվեին ու չշարունակեին հավատալ իրենց երազանքին: Ինչքա՜ն տխուր աշխարհ կունենայինք այսօր առանց ռոմանտիկների»:

«Առավոտի» հարցին՝ կարո՞ղ է ԱՄՆ-ում ծնված, այլ մշակույթի կրող անհատը այնպես զգալ Հայաստանը, ինչպես հայաստանցին, տիկին Հովհաննիսյանը պատասխանեց. «Րաֆֆիի մայրը ծնվել է Ուկրաինայում, Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Գերմանիայի ճամբարներից անցել ԱՄՆ: Րաֆֆին ծանոթ էր սովետական իրականությանը մոր պատմածներով, նա նաեւ փոքր տարիքից միշտ այցելում էր Սովետական Հայաստան: Իր պատկերացումները Սովետական Հայաստանի մասին միայն դասագրքերից չէին, ինչ-որ առումով ինքն ապրել է այդ տարիները, իսկ երկրաշարժից անմիջապես հետո՝ 89-ին, այստեղ աշխատել է որպես Հայկական համագումարի տնօրեն: Կարծում եմ, որ այդ տարիներին Րաֆֆին շատ ավելի ամրապնդեց Հայաստանում ապրելու իր գիտելիքներն ու փորձը: Եվ հետո ինքն անկախ Հայաստանի ակունքներում էր, շարժման ականատեսը, նաեւ իր փոքր մասնակցությունն ուներ այդ ամենում: Ի վերջո, ինչպես բոլորի, այնպես էլ ամուսնուս համար, անկախ Հայաստանը նորություն էր: Ոչ մեկն էլ չգիտեր, թե ինչ է նշանակում լինել անկախ Հայաստանի քաղաքացի, բոլորս, անկախ նրանից, թե որ երկրում ենք ծնվել, միասին մեծացանք որպես ՀՀ քաղաքացի»:

Ռեպլիկին, թե շատ կանայք առաջին տիկին դառնալով՝ սկսում են զբաղվել բարեգործությամբ, Արմինե Հովհաննիսյանը պատասխանեց. «Ես բախտավոր եմ, որ կարողացել եմ այդ աշխատանքն անել 2000 թվականից: Այնպես որ, բարեգործությամբ զբաղվելու համար պարտադիր չէ առաջին տիկին դառնալ»:

ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Gayane Vardanyan says:

    Արմինե Հովհաննիսյանի խոսքն ու գործը միշտ համընկնում են: Եվ այսօր կամ հետագայում չէ, որ նա պետք է զբաղվի բարեգործությամբ, արդեն 13 տարի նա դա անում է մեծ նվիրումով ու եռանդով:

  2. Փիրուզ says:

    Հույս ունեմ,որ ժամանակի ընթացքում կհասունանք այնքան, որ նախագահ ընտրենք,այլ ոչ թե թագավոր,քանի որ վերջին տվյալների համաձայն հանրապետություն ենք: Սակայն պակաս կարևոր չէ առաջին տիկնոջ կերպարը: Փայլուն օրինակ է ԱՄՆ առաջին տիկին Միշել Օբաման` նա ամուր կանգնած է իր ամուսնու թիկունքին, բայց ոչ նրա ստվերում: Հիացնում են նրա նախաձեռնությունները, նրա անմիջականությունը: Ցավոք մեզ մոտ դեռ պարտիական առաջնորդների քաղքենի կանանց կերպարն է գերիշխում` շրջապատված ստրկամիտ մանկլավիկներով: Հասկանալի է, որ տղամարդիկ կին չեն ընտրում այն նկատառումով, որ նա ապագա առաջին տիկին է դառնալու, բայց այդ առումով Ռաֆֆի Հովհանիսյանը կարող է հանգիստ լինել; Տիկին Հովհաննիսյանը միանգամայն ճաշակով, էլեգանտ կին է`հարմար առաջին տիկնոջ դերի համար 🙂

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728