Լրահոս
Օրվա լրահոսը

Վերադարձրել է տուժող զոքանչի բողոքը

Փետրվար 06,2013 13:55

Դատարանն արձանագրել է, որ նա եւ աղջիկը սուտ ցուցմունք են տվել նախկին փեսայի դեմ

Լոռու մարզի առաջին ատյանի դատարանը, նախագահությամբ դատավոր Մարինե Մելքոնյանի, նախորդ տարի արդարացման դատավճիռ էր կայացրել խուլիգանության մեջ մեղադրվող վանաձորցի Մուշեղ Կիրակոսյանին:

Ըստ գործի նյութերի՝ Մուշեղ Կիրակոսյանը, գտնվելով անբարյացակամ հարաբերությունների մեջ իր նախկին կնոջ ընտանիքի անդամների հետ եւ իմանալով, որ որդին գտնվում է Վանաձոր քաղաքում գտնվող իր հայրական տանը եւ այդտեղ խնջույքի է հրավիրել տատիկին, պապիկին եւ մորաքրոջը, վերջիններիս խնջույքն ու հանգիստը խանգարելու նպատակով, ալկոհոլային հարբած վիճակում, 2011 թվականի օգոստոսի 1-ին, ժամը 17:30-18:30-ն ընկած ժամանակահատվածում, գնացել է հիշյալ տուն եւ սեռական բնույթի հայհոյանքներ տալով՝ որդուց պահանջել է տան բակից դուրս հրավիրել նախկին կնոջ մորը՝ Հասմիկ Հարությունյանին, հորը՝ Գառնիկ Վիրաբյանին եւ քրոջը՝ Նելլի Վիրաբյանին: Մերժում ստանալով՝ փողոցի կողմից սկսել է ոտքով հարվածել բակի մուտքի դռանը, շուրջ երեսուն րոպե տեւողությամբ շարունակել է հայհոյանքները, իսկ Հասմիկ Հարությունյանի ու նրա ընտանիքի անդամների փողոց դուրս գալուց հետո, բռնություն է գործադրել, քաշքշել է Հասմիկ Հարությունյանի ամուսնուն՝ Գառնիկ Վիրաբյանին, ապա գետնից վերցրել է քարը եւ շպրտել Հասմիկ Հարությունյանի ուղղությամբ: Հետո գրպանից հանել է իր մոտ գտնվող, որպես զենք օգտագործվող դանակը եւ ցուցադրաբար սպառնացել Հասմիկ Հարությունյանին, թե կմորթի, սակայն Արամ Կիրակոսյանի եւ Գառնիկ Վիրաբյանի միջամտությամբ նա իր մոտ գտնվող դանակով Հասմիկ Հարությունյանին կամ այլ անձի վնաս չի կարողացել հասցնել:

Լոռու մարզի առաջին ատյանի դատարանի կայացրած վճռի դեմ տուժողներ Նելլի Վիրաբյանի եւ Հասմիկ Հարությունյանի թե վերաքննիչ, թե Վճռաբեկ դատարաններ ուղղված բողոքները մնացել են անփոփոխ:

Դատարանները, նման որոշումներ կայացնելով, օրինական ուժ են տվել առաջին ատյանի կայացրած վճռին:

Մուշեղ Կիրակոսյանի փաստաբան Գուրգեն Հարությունյանը ավելի վաղ «Առավոտի» հետ զրույցում նշել էր, որ թե նախաքննության, թե դատաքննության փուլում ձեռք բերված ապացույցները բավարար չէին իր պաշտպանյալին մեղավոր ճանաչելու եւ դատապարտելու համար. «Սովորական կենցաղային վիճաբանություն է եղել, բացի այդ՝ հրապարակային բնույթ չէր կրել: Դատաքննությամբ էլ ապացուցվեց, որ իմ պաշտպանյալը դանակ չի կիրառել, քարի գործադրման մասին էլ, բացի իրարամերժ ցուցմունքներից, որեւէ տեղեկություն չկա: Ուղղակի ցանկացել են սարքել գլխին»: Նա տեղեկացնում է, որ վերոնշյալ երկու տուժողները, ըստ էության, տվել են սուտ ցուցմունքներ, սակայն մինչ օրս դրա համար քրեական պատասխանատվության չեն ենթարկվել:

«Կարծում եմ, որ թե Լոռու մարզի դատախազությունը եւ թե վարույթ իրականացնող մարմինը, ընդհանրապես իրավապահ մարմինները ոչ միայն պետք է, այլեւ պարտավոր էին քրեական գործ հարուցել տուժողների նկատմամբ, որոնց ցուցմունքները Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը գնահատեց սուտ, վերադաս ատյաններն էլ որեւէ փոփոխություն չմտցրին դրանում: Կարծում եմ, որ պետք է լուծվի նրանց քրեական պատասխանատվության ենթարկելու հարցը: Եթե անմեղ են, թող քրեական գործը կարճվի, եթե մեղավոր են, ուղարկվի դատարան»,- ասում է Գուրգեն Հարությունյանը:

ԱՆՈՒՇ ԲՈՒԼՂԱԴԱՐՅԱՆ

Վանաձոր

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728