Լրահոս
Օրվա լրահոսը

«Ընտանեկան փաստաբանից օգտվելը ձեռնտու է ֆինանսական առումով»

Փետրվար 06,2013 13:50

Ասում է ՀՀ փաստաբանների պալատի անդամ Հովհաննես Հարությունյանը

– Պարոն Հարությունյան, Հայաստանում արդեն մի քանի տարի է՝ գործում է ընտանեկան բժիշկների ծառայությունը: Ճի՞շտ է, որ Դուք մտադիր եք ձեւավորել ընտանեկան փաստաբանների ինստիտուտ:

– Այո: Ես գտնում եմ, որ մեզանում այս ինստիտուտը պետք է, որ կայանա:

Ցանկացած զարգացած երկրում ոչ բոլորն են պարտավոր իմանալ օրենքները, իրենց պարտականությունները: Աշխարհի շատուշատ երկրներում կա ընտանեկան փաստաբանների համակարգ. յուրաքանչյուր իրեն հարգող ընտանիք, իրեն հարգող ձեռներեց, գործարար ունի իր փաստաբանը, պայքարում է լավագույն իրավաբանն իրեն կողքին ունենալու համար:

Նայելով բոլոր եղած հայտարարությունները՝ կարող եմ ասել, որ առաջին ընտանեկան փաստաբանը ես եմ:

– Ի՞նչ ծառայություններ եք մատուցելու:

– Նշել եմ, որ բացի իրավաբանական ծառայություն մատուցելուց, որ իրականացնում եմ դատարաններում՝ քրեական, քաղաքացիական եւ վարչական գործերով, նախաքննական եւ հետաքննական մարմիններում փաստաբանական ծառայությունների, ընտանեկան փաստաբանության ծառայության, հիմնադիր փաստաթղթերի եւ պայմանագրերի կազմում:

Քաղաքացիաիրավական հարաբերությունների համար խնդիրներ են ծագում հատկապես պայմանագրերի կնքման, դրանից բխող պարտավորությունների շրջանակներում, եւ խիստ անհրաժեշտություն է դարձել քաղաքացու՝ բանկային, հարկային, մաքսային, այլ մարմինների հետ պայմանագրերի ճիշտ եւ նրա շահերին չհակասող բովանդակությամբ պայմանագրերի կնքումը:

Պատահական չէ, որ քաղաքացիները շատ հաճախ կնքում են պայմանագրեր, չհասկանալով կնքված պայմանագրերի բովանդակությունը, դրանից բխող իր համար ոչ ձեռնտու եւ ծանր հետեւանքների առաջացումը, որից հետո ընկնում են ծանր վիճակի մեջ, քանի որ նշված պայմանագրերի հիման վրա ստանձնած պարտավորությունների փոփոխման, առաջացած ծանր հետեւանքների վերացումը դառնում է անհնար:

Դատարաններում քննվող գործերի 70 տոկոսն առնչվում է պայմանագրային հարաբերություններին: Պայմանագրերի հիման վրա է, որ մարդիկ հայտնվում են դժվար վիճակում:

Եթե մարդիկ նախքան գործարքը ստանան խորհրդատվություն, ծանր վնասից կխուսափեն:

Վաշխառուները… ինչ են անում: Քաղաքացիները կնքում են սահմանված տոկոսներից բարձր տոկոսներով՝ 5-10 տոկոս, ամսական փոխառության պայմանագրեր, մարդկանցից խլում են անշարժ գույքը: Իմ պրակտիկայում 50 մարդ՝ ընտանիքի 200 անդամներով, զրկվել են իրենց տներից, մնալով առանց մի կոպեկի: Էլ չեմ ասում մատակարարման, առաքման… պայմանագրերի մասին:

– Ինչպե՞ս եք տալու խորհրդատվությունը: Հայտնի է, որ մեր քաղաքացիներից շատերն անվճարունակ լինելով՝ չեն դիմում նման ծառայություններից օգտվելու համար: Փաստաբանի 1 ժամ խորհրդատվությունը 100 դոլարին համարժեք է:

– Իհարկե, հասկանալի է, որ բնակչության մեծ մասը գտնվում է ծանր սոցիալական, ֆինանսական վիճակում, եւ նրանց համար միգուցե եւ ընտանեկան սուղ բյուջեից դժվար կլինի ամսական որոշակի գումար վճարել փաստաբանին: Ընտանեկան փաստաբանի խորհրդատվությունը լինելու է անվճար: Իհարկե, կլինեն վճարովի խորհրդատվություններ էլ՝ նայած գործի ծավալի, բնույթի:

Սակայն ցանկանում եմ նշել, որ ընտանեկան փաստաբանի ծառայությունը կարող է օգտակար լինել ֆինանսական առումով, քանի որ դատավարության, նախաքննության մասնակցելու դեպքում նոր կնքվելիք պայմանագրով կնախատեսվի պայմանավորված գումարի 30-40% զեղչ:

Բացի այդ, փաստաբանի մասնակցությունը գործի հենց սկզբից կապահովի անձին զերծ պահել նրա նկատմամբ հնարավոր ապօրինի գործողություններից, անհիմն մեղադրանքներից, որոնք կարող են հանգեցնել ֆինանսական լուրջ խնայողությունների:

– Պարոն Հարությունյան, ի՞նչ կարող է անել ընտանեկան փաստաբանը քրեական գործերով, ունե՞ք պրոֆեսիոնալ թիմ, որպեսզի գնա թեժ հեռախոսականչի հետքերով:

– Ունեմ իմ թիմը:

Մարդիկ կվճարեն իմ բանկի հաշվին 5000 դրամ: Դա նրանց իրավունք կտա, որ օրվա ցանկացած ժամի ընտանիքի ցանկացած անդամ ստանա խորհրդատվություն:

Հայտնի է, որ քրեական գործերով մեղադրվող անձինք, կասկածյալները, ինչու չէ՝ վկաները, դատաքննությունների ընթացքում բողոքում են, որ հետաքննության եւ նախաքննության ժամանակ իրենց տրված բացատրությունները եւ ցուցմունքները չեն համապատասխանում իրականությանը, որ դրանք կորզվել են իրավապահների կողմից: Ընտանեկան փաստաբանի դեպքում, անձին բերման ենթարկելու պահից սկսած՝ ներկա կլինի փաստաբանը քննչական գործողություներին, կբացառվեն խոշտանգումները, այլ բռնությունների կիրառումը:

Իսկ տնտեսական հանցագործությունների դեպքում մեր փաստաբանները կհետեւեն համապատասխան ստուգումների ընթացքին, համապատասխան միջոցառումների ձեռնարկմամբ կհասնեն ստուգման ակտերի օրինական եւ հիմնավոր լինելուն:

– Ի դեպ, Ձեր «ընտանիքի» անդամների՝ վստահորդների միջեւ կապն ինչպե՞ս եք ամրապնդելու:

– Ամիսը մեկ անգամ մեր վստահորդների հետ բաց դռների օր ենք կազմակերպելու:

Զրույցը՝ ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆԻ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728