Լրահոս
Օրվա լրահոսը

Գուրգեն Եղիազարյանը չի ուզում, որ իր հաշվին «ԱրմենՏելն» իրեն շնորհավորի

Փետրվար 06,2013 13:45

ՀԱԿ անդամ Գուրգեն Եղիազարյանը «ԱրմենՏել» ընկերությունից գնել է շարժական ինտերնետ, ինչը, սակայն, պարոն Եղիազարյանի խոսքերով՝ «իր գլխին պատուհաս է դարձել»: Ինտերնետ կապը նրան հարկավոր է եղել Կոտայքի մարզի Գողթ գյուղում օգտագործելու համար, սակայն վճարումը կատարել է, բայց ծառայություն չի ստացել. «Մեկ ամսվա համար 8 հազար դրամ վճարելուց հետո ես կարողանում եմ իրենց ծառայությունից օգտվել ամենաշատը 7 օր, 7 օրից իմ կապը նրանց հետ լինում է օրական 10-15 րոպե՝ 24 ժամվա փոխարեն,- «Առավոտի» հետ զրույցում ասաց Գուրգեն Եղիազարյանը:- Իրենք եթե այդ ծառայությունը վաճառում են, ուրեմն համոզված են, որ Գողթում ծառայություն ունեն: Եթե հաշվենք ինձ թալանած գումարները, ինտերնետի մեկ րոպեն ոսկու գին է դառնում: Ես պարբերաբար այցելել եմ Գառնիում գտնվող նրանց գրասենյակ, օպերատորն ամեն անգամ վստահեցնում էր, որ ես կապի մեջ եմ»:

Գուրգեն Եղիազարյանը նաեւ դժգոհ է ինտերնետ ձեռք բերելու համար բաժանորդների հետ կնքվող պայմանագրից. «Երկու էջանոց մանր տառերով պայմանագիր է, դրանք հոգեբանների կողմից հատուկ մշակված տեքստեր են, հայտնի է, որ մեկ էջից բացի՝ մարդը չի կարդում, եթե դա գեղարվեստական ստեղծագործություն չի: Եվ մենք առանց դրան ծանոթանալու ստորագրում ենք, որպեսզի նա մեզ օրինական դաշտում կողոպտի»:

«ԱրմենՏելի» հետ կապված պարոն Եղիազարյանի դժգոհությունը ինտերնետ կապի որակով չի սահմանափակվում. նա թվարկում է ֆիքսված հեռախոսակապի ծառայություններ, որոնք ՀԱԿ անդամի խոսքերով՝ «դրամաշորթություն են նրբորեն»:

«Մենք ապրում ենք չպաշտպանված երկրում, այդ պատճառով էլ «ԱրմենՏել» բջջային օպերատորը մեր գլխին ինչ ուզում՝ անում է: Երբ ինչ-որ ինֆորմացիա իմանալու համար օպերատորն ասում է՝ հավաքեք 1, այնինչ տեղեկության համար՝ 2 եւ այլն, այսինքն՝ մոտ 3 րոպե, մեղմ ասած, ձեր գումարները կողոպտվում են: Եթե դուք ընկերության պատասխանատուներին հարց տաք, թե ինչո՞ւ է այդպես, կասեն՝ այ ընկեր, սա աշխարհով մեկ ընդունված ձեւ է: Կոմունիստների ժամանակ կային տեղեկատու բյուրոներ, նրանց զանգում էիք ուղիղ՝ ձեզ պատասխանում էին»:

Գուրգեն Եղիազարյանը «դրամաշորթություն» է համարում նաեւ, նրա խոսքերով ասած՝ «բաժանորդի հաշվին «ԱրմենՏելի օպերատորի» շնորհավորանքը որեւէ տոնի առիթով»:

«Որեւէ տեղեկություն ճշտելու համար մինչեւ հունվարի 13-ը նախեւառաջ ձեզ շնորհավորում է ծննդյան տոնով, հետո ձեզ շնորհավորում է Նոր տարիով, հետո ձեզ բարեմաղթանքների մի ամբողջ շարք է պարգեւում: Այսինքն՝ իմ գումարի հաշվին ինձ շնորհավորում է: Թող ինձ չշնորհավորեն, ինձ պետք չի, որ իմ գումարով է դա կատարվում: Թող բարի լինի իր հաշվին շնորհավորի»:

Պարոն Եղիազարյանի դժգոհությունների առնչությամբ «Առավոտի» հարցերին ի պատասխան՝ «ԱրմենՏել» ընկերության հասարակայնության հետ կապերի ծառայության ղեկավար Անուշ Բեղլոյանը հայտնեց. «Գուրգեն Եղիազարյանի անուն-ազգանունով «ԱրմենՏել» ընկերությունում չկա կնքված ինտերնետ ծառայությունների մատուցման որեւէ պայմանագիր: Եթե խոսքը գնում է շարժական ինտերնետի տրամադրման մասին, ապա պայմանագրի կնքման ժամանակ հաճախորդներին տեղեկացվում է, որ նրանք կարող են վերադարձնել մոդեմը 5 օրվա ընթացքում, եթե տրամադրված ծառայության որակը կամ արագությունը չի բավարարում նրանց: Տվյալ սակագնային փաթեթի համար նախատեսված գերարագ ինտերնետի ծավալը սպառելուց հետո գործում է արագության սահմանափակում 256 կբ/վրկ, ինչի մասին նաեւ գրված է մեր կայքէջում: Ձեր կողմից ուղարկված առաջին հարցին մենք հիմնովին կարող ենք պատասխանել միայն այն դեպքում, երբ մեզ կտրամադրվի այն հեռախոսահամարը, որին կցված է Գ. Եղիազարյանի ինտերնետը»:

Երբ պարոն Եղիազարյանին խնդրեցինք հեռախոսահամարը տրամադրել, որպեսզի ընկերությունում կարողանան ստուգել դժգոհության պատճառը, նա հայտնեց, որ այն դեն է նետել եւ այլեւս չի օգտագործում:

Ինչ վերաբերում է բաժանորդի հետ կնքվող պայմանագրին, «ԱրմենՏելից» հայտնեցին. «Կնքվող շարժական ինտերնետի պայմանագիրը բաժանորդի հարմարության համար տպվում է մեկ էջով: Հակառակ դեպքում բաժանորդը ստիպված կլինի ստորագրել պայմանագրի բոլոր էջերը: Սակայն քանի որ յուրաքանչյուր բաժանորդի գոհունակությունը մեր հիմնական նպատակներից մեկն է, մեր աշխատակիցները միշտ պատրաստ են մանրամասն պատասխանել պայմանագրին վերաբերող բոլոր հարցերին, իսկ բաժանորդի ցանկության դեպքում կարող են տպել պայմանագիրը վերջինիս համար ընթեռնելի տառաշարով: Ավելին, պայմանագրի էլեկտրոնային տարբերակը կարելի է գտնել մեր պաշտոնական կայքէջում»:

ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728