Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Սերժ Սարգսյանը հուսախաբ չի՞ անի

Փետրվար 06,2013 13:40

«Հայկական ավիաուղիների» միակ գույքը վաճառելուց հետո էլ պարտքերը լրիվ չեն մարվի. պարտատերերի միակ հույսը ՀՀ նախագահն է:

Արդեն 8 տարի է՝ սնանկ ճանաչված «Հայկական ավիաուղիները» մի «փտած» «ԻԼ-86» ինքնաթիռ ունի Մոսկվայի օդանավակայաններից մեկում կայանած, որը կարող էր վաճառվել ու «Հայկական ավիաուղիների» գոնե մի պարտատիրոջը գումար տրամադրվեր, դեռ մի բան էլ այս ինքնաթիռի համար է պարտքեր կուտակվում կայանելու համար: Այս ինքնաթիռը, ինչպես «Առավոտի» հետ զրույցում ասաց «Հայկական ավիաուղիների» սնանկացման գործով կառավարիչ Հրանտ Ղամբարյանը, ուղղակի զրո է, այն եղած-չեղած մի հաշիվ է: «ԻԼ-86»-ի հետ սնանկ ընկերության պարտատերերը՝ հաշմանդամ օդաչուներն ու զոհված օդաչուների հարազատները, հույս չեն կապում. նրանք իրենց փոխհատուցումների միակ միջոցը «Սեւան» ազգային պարկի մոտ 11 հեկտար հողատարածքն են համարում, որը, սակայն, առայժմ աճուրդի չի էլ դրվում:

Լարիսա Օհանյանի ընտանիքին «Հայկական ավիաուղիները» պարտք է 13 միլիոն դրամ: Տիկին Լարիսայի ամուսինը զոհվել է 2001 թվականին՝ Իրանում «Հայկական ավիաուղիներին» պատկանող «ՅԱԿ-40» ինքնաթիռի վթարի ժամանակ. նա այդ ինքնաթիռի օդաչուներից էր: Զոհված օդաչուների եւս 4 ընտանիք արդեն երկար տարիներ սպասում են զոհված օդաչուների աշխատավարձերի փոխհատուցմանը, սակայն հույսի նշույլ էլ չկա, որ մոտ ապագայում պարտքը կմարվի, իսկ պարտքի ամբողջական մարման մասին այս ընտանիքները չեն էլ երազում: Բացի զոհված օդաչուների ընտանիքներից՝ «Հայկական ավիաուղիները» պարտք է բազմաթիվ հաշմանդամ օդաչուների:

Լարիսա Օհանյանը տարիներով դռնեդուռ ընկած՝ տարբեր գերատեսչությունների խնդրում է աստիճանաբար մարել զոհված օդաչուների ընտանիքների պարտքերը, քանի որ նրանք, կորցնելով ընտանիքի միակ կերակրողներին, մեծ դժվարությամբ են կարողանում հոգալ երեխաների տարրական հոգսերը:

«Էլ տեղ չմնաց, որ նամակ չգրենք. նախագահականից արդեն քանի տարի է՝ ասում են՝ մենք ձեր մասին մտածում ենք, ամեն ինչ լավ կլինի, բայց էդ լավ լինելը չի երեւում»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց Լարիսա Օհանյանը: Տիկինը օրերս էլ կառավարության շենքի հետնամուտքի մոտ սպասել է կառավարության անդամներին, որպեսզի խնդրի մասին կրկին հիշեցնի բարձրաստիճան պաշտոնյաներին. միայն հասցրել է մի քանի վայրկյան զրուցել արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի հետ, որն էլ, տիկին Լարիսայի պատմելով, ասել է՝ «Սպասեք, դեռ դրա ժամանակը չէ, Սեւանի հողատարածքը ծանրաբեռնված է»:

Ներկայումս «Հայկական ավիաուղիներին» պատկանող «Սեւան» ազգային պարկում մոտ 11 հեկտար հողատարածք կա, որը, սակայն, թանկ գներով էլ վաճառելուց հետո պարտքն ամբողջությամբ հնարավոր չի լինի մարել: Սա մեզ հետ զրույցում հաստատեց «Հայկական ավիաուղիների» սնանկացման գործով կառավարիչ Հրանտ Ղամբարյանը: Նրա ներկայացմամբ՝ հողատարածքի 1քմ-ն գնահատվել է մոտ 4000 դրամ, իսկ պարտքը հսկայական է: Նախորդ տարվա հուլիսի 1-ի դրությամբ, ինչպես վստահեցրեց պարոն Ղամբարյանը, զոհված եւ հաշմանդամ օդաչուների պարտքը եղել է 755 միլիոն դրամ, որն ամեն ամիս ավելանում է:

«Գոնե արագացնեն, այդ հողատարածքը վաճառեն, չեմ հասկանում՝ ինչո՞ւ են ձգձգում, ախր էդ վաճառքից հետո էլ գոնե մի քանի կոպեկ ձեռներս կընկնի, մեր երեխաներն էլ իրենց ծնողների աշխատավարձից կօգտվեն»,- մեզ հետ զրույցում ասաց զոհված օդաչուի կին Լարիսա Օհանյանը:

Մեր հարցին, թե ինչո՞ւ աճուրդի չի հանվում Սեւանի հողատարածքը, պարոն Ղամբարյանն ասաց, որ 20 օր առաջ են վերջացրել գույքի գնահատման գործընթացը, եւ շուտով այն աճուրդի կդրվի: Եթե վաճառվի էլ, զոհված օդաչուների ընտանիքներին առաջնահերթ չի վճարվելու. պարոն Ղամբարյանն ասաց, որ օրենքով որքան գումար էլ որ ստացվի, դա համամասնորեն պիտի բաժանվի բոլորի միջեւ: Մեր այն հարցին էլ՝ եթե սնանկ ընկերության միակ գույքն էլ վաճառելուց հետո պարտքն ամբողջությամբ չի մարվելու, ապա ինչպե՞ս է խնդիրը լուծվելու, հնարավոր չէ՞ պետությանը փոխանցել այդ ընկերության պարտականությունները՝ որպես իրավահաջորդ, պարոն Ղամբարյանն ասաց. «Երբ գործն ավարտվում է սնանկությամբ, իրավահաջորդ չի լինում: Այստեղ այլ խնդիր կա. հաշվի առնելով, որ այս ձեռնարկության 100% սեփականատերը եղել է պետությունը, նա էլ պիտի բարի կամք դրսեւորեր, եւ պետությունը, որի աշխատակիցը կամ հաշմանդամ է դարձել, կամ զոհվել է, փոխհատուցեր»: Ինչը, սակայն, դժվար թե պետությունը անի եւ պարտքերի նման բեռ վերցնի իր վրա:

Ինչ վերաբերում է «ԻԼ-86» ինքնաթիռին, ապա պարոն Ղամբարյանն ասաց, որ դա ուղղակի զրո է, գույք չեն հաշվում. «Չենք կարողանում հետ բերել, որ դրա վրա այնքան պարտք կա կուտակված կայանման համար, քանի որ այդ պարտքը ավելին է, քան նրան հետ բերենք ու օտարենք»: Հարցին, թե ինչու են անիմաստ պարտքեր կուտակում անպիտան գույքի համար, եւ արդյոք օդանավակայանը մի օր էլ այդ պա՞րտքը չի պահանջելու, սնանկացման գործով կառավարիչն ասաց. «Որպեսզի չվճարենք, ոչ էլ հետ կբերենք, ոչ էլ կօտարենք. այստեղ սնանկությունը օգնում է. եթե պահանջ ներկայացնեն, մենք էլ փող չունենք, որ վճարենք»: Պարոն Ղամբարյանի ներկայացմամբ՝ այս 8 տարիների ընթացքում զոհված օդաչուների ընտանիքներին վճարվել է մոտ 114 միլիոն դրամ, իսկ հաշմանդամ օդաչուների վնասի փոխհատուցում է տրվել մոտ 407 միլիոն դրամ:

Մինչ կվաճառվի Սեւանի հողատարածքը, եւ մինչ կհաշվարկվի, թե ում որքան գումար կհասնի, զոհված օդաչուների ընտանիքների միակ հույսը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն է. «Եթե հաշմանդամ օդաչուները դիմելու են Եվրադատարան, մենք մեր հույսը նախագահի հետ ենք կապում, կարծում ենք՝ հուսախաբ չի անի»:

ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728