Լրահոս
Օրվա լրահոսը

Թեկնածուներ՝ «իրենց դեմքով կամ դեմքի բացակայությամբ»

Փետրվար 06,2013 13:30

Ըստ Ալեքսանդր Մարկարովի՝ թեկնածուների մի խմբին քչերը կարող էին ընդունել որպես «լուրջ մրցակիցներ»

Իրավիճակը, որ ստեղծված է եղել նախագահական ընտրությունների շուրջ, ըստ էության, ինչ-որ իմաստով ավելի հետաքրքիր էր մինչեւ դեկտեմբերի կեսերը, երբ քննարկվում էր թեկնածուների առաջադրման հարցը եւ քաղաքական դաշտում կշիռ ունեցող տարբեր առաջնորդների դիրքորոշումները՝ «Առավոտ»-ի հետ զրույցում այսպիսի տեսակետ հայտնեց քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովը:

Դրանից հետո, ըստ քաղաքագետի, արդյունքում ի հայտ եկան փաստորեն գործող նախագահի մրցակիցները. ասպարեզ դուրս եկան քաղաքական գործիչներ, որոնք, իհարկե, գոյություն են ունեցել քաղաքական դաշտում, սակայն երբեւիցե չեն դիտվել որպես հիմնական պոտենցիալ այլընտրանք իշխանությանը։ «Արդյունքում թեկնածուները, որոնք առաջադրվել են՝ թե՛ մասնագետին, թե՛ ոչ մասնագետին երեւում է, որ որոշներն, ըստ էության, պայքարում էին պատվավոր երկրորդ տեղի համար, բայց դրան զուգահեռ՝ ստեղծված իրավիճակում նրանք կարողանում են իրենց համար ձեռք բերել լրացուցիչ ձայներ եւ ավելի մեծ PR կազմակերպել՝ օգտագործելով այս ընտրապայքարը եւ հատկապես այն հանգամանքը, որ այլ քաղաքական գործիչներ չեն մասնակցում դրան, ինչը նորմալ է, որովհետեւ երբ ազատ տեղ է ստեղծվում, բնականաբար՝ այդ տեղը պետք է լրացվի»,- նկատեց Ալեքսանդր Մարկարովը։

Քաղաքագետը կարծում է, որ ընտրապայքարում յուրաքանչյուր թեկնածու անում է այն, ինչ պետք է անի, մյուս կողմից՝ ընդգծելով, որ, իհարկե, կա թեկնածուների մյուս խումբը, որոնց շատ քչերը կարող էին ընդունել որպես լուրջ մրցակիցներ, բայց բոլոր դեպքերում նրանք հանդես են գալիս «իրենց դեմքով կամ դեմքի բացակայությամբ», ինչը իրենց քաղաքական կշռի մասն է կազմում։ «Ընտրարշավը մեկնարկեց այս օրինաչափություններից ելնելով, թեկնածուներից յուրաքանչյուրը փորձում է ներկայացնել իր ծրագիրը: Ծրագրային մրցակցությունը մի կողմից՝ տեղի է ունենում իշխանություն-ընդդիմություն դաշտում, հատկապես, երբ խոսքը գնում է տնտեսական ծրագրերի իրականացման մասին: Ընդհանուր մոտեցումներ են ներկայացվում արտաքին քաղաքական հարցերի վերաբերյալ, եւ համապատասխանաբար՝ կան թեկնածուներ, որոնք ներկայացնում են հաշվետվություն կատարված աշխատանքի վերաբերյալ, ցույց են տալիս ապագա ծրագրերը եւ դրանց ռեալությունը: Մյուս կողմից՝ կան թեկնածուներ, որոնք փորձում են ցույց տալ, որ նրանք կարող են անել որոշ դեպքերում նույն բանը, բայց ավելի լավ, կամ հանդես են գալիս ավելի քիչ կառուցողական դիրքերից՝ նշելով, որ կատարված աշխատանքը կարելի էր կատարել ավելի լավ»,- պարզաբանում է Ալեքսանդր Մարկարովը:

Ընդհանուր առմամբ ընտրարշավը հանգիստ հունի մեջ էր մինչեւ Պարույր Հայրիկյանի ուղղությամբ կրակոցները՝ նշեց քաղաքագետը՝ նկատելով, որ այդ դեպքը նախընտրական արշավում աշխուժություն մտցրեց: Սակայն այդ աշխուժությունը առավելապես բացասական երանգ էր ստացել՝ նշեց նա՝ հավելելով. «Բարոյական տեսանկյունից այս դեպքից հետո գրեթե միասնական դիրքորոշում նկատվեց թեկնածուների մոտ, բոլորը քննադատեցին այդ արարքը»: Եթե երկու շաբաթով ընտրությունները հետաձգվեին էլ, պարոն Մարկարովը չի կարծում, թե դրա արդյունքում թեկնածուների վարկանիշը կտրուկ աճելու էր կամ ընկնելու, էական ազդեցություններ, փոփոխություններ չէին լինելու:

Արդյոք նախագահական ընտրապայքարը ընթանո՞ւմ է Արեւմուտք-Ռուսաստան շահերի որոշակի պայքարով՝ հարց ուղղեցինք քաղաքագետին: Նա խորհուրդ տվեց դիտարկել երկու հնարավոր մակարդակները, ոչ թե Արեւմուտք-Ռուսաստան շահերը: «Մի մակարդակը Հայաստան-Ռուսաստանն է, մյուսը Հայաստան-Արեւմուտք փոխհարաբերություններն են, այն միատարր չէ, քանի որ կան հարաբերություններ ԵՄ-ի հետ, որը եւս միատարր չէ, ինչպես նաեւ կան ԱՄՆ-Հայաստան հարաբերությունները, Հայաստան-ՆԱՏՕ հարաբերությունները եւ այլն»:

Քաղաքագետը կարեւորում է նաեւ միջտարածաշրջանային հարաբերությունները՝ կովկասյան տարածաշրջանում Հայաստանի դերը: «Իհարկե, բոլորին հետաքրքրում է Հայաստանը եւ տարածաշրջանը՝ որպես կայուն գործընկեր, բայց այդ կայունության նպատակները յուրաքանչյուր կողմի համար տարբեր են: ԵՄ-ի դեպքում բացարձակապես պետք չէ անկայուն տարածաշրջան՝ ելնելով այն ռեսուրսներից, որոնք անցնում են էներգետիկ դիվերսիֆիկացիոն քաղաքականության շրջանակներում, Ռուսաստանի համար տարածաշրջանը հետաքրքրում է որպես անմիջական հարեւան, մյուս կողմից նաեւ՝ որպես հարեւան դեպի Իրան, նաեւ՝ դեպի Միջին Արեւելք: Վերջիվերջո՝ Ռուսաստանն այսօր Հայաստանն ընկալում է որպես միակ հուսալի ռազմավարական գործընկեր՝ հաշվի առնելով իրենց փոխհարաբերությունների բարդացումը Ադրբեջանի հետ: Այս տեսանկյունից Ռուսաստանի համար կարեւոր է, թե ով է լինելու եւ ինչ քաղաքականություն է հետապնդելու Հայաստանի նախագահը ընտրություններից հետո։ Բնականաբար, այս տեսանկյունից խոսքը գնում է Ռուսաստանի եւ Արեւմուտքի միջեւ ըմբռնման մասին. երկուսն էլ ցանկանում են տեսնել կայուն, կանխատեսելի, վստահելի գործընկերոջ, թեեւ մյուս կողմից նաեւ մրցակցության դրսեւորումներ նույնպես արտահայտվում են»,- նկատեց Ալեքսանդր Մարկարովը:

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Владимир says:

    Доктор наук, а политологический анализ на уровне “кухонных разговоров”. Может потому что защитил он докторскую по принципу Copy – Past? Об этом вам лучше расскажет доктор социологических наук, профессор Юрий Гаспарян.

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728