Լրահոս
Օրվա լրահոսը

«Արմեն Սարգսյանի վրա ցեխ շպրտելու կարիք չկա»

Փետրվար 06,2013 13:24

Էդուարդ Շարմազանովը կարծում է, որ զարմանալի կլիներ, եթե սպարապետի եղբայրը սատարեր այլ թեկնածուի

Նախորդ օրն Արարատ քաղաքում Վազգեն Սարգսյանի եղբայրը՝ Արմեն Սարգսյանը, հայտարարեց, որ առաջիկա նախագահական ընտրություններում սատարելու է ՀՀԿ-ական թեկնածու Սերժ Սարգսյանի թեկնածությունը: Ինչպես եւ սպասելի էր, երեկ արդեն ՀԱԿ-ական շրջանակներից Արմեն Սարգսյանն արժանացավ «մի երկու քաղցր խոսքի»: Մասնավորաբար, ներքին գործերի քրեական հետախուզության 7-րդ վարչության նախկին պետ, ՀԱԿ եւ ՍԴՀԿ անդամ Գուրգեն Եղիազարյանը երեկ Aravot.am-ի հետ զրույցում անդրադառնալով Արմեն Սարգսյանի հայտարարությանը՝ հիշել է նրա՝ իբրեւ Տիգրան Նաղդալյանի սպանության պատվիրատուի գործով մանրամասները ու եզրակացություն արել. «Վազգեն Սարգսյանի եղբայրը իր գործողություններով, իր հայտարարություններով ապացուցեց, որ ես այն ժամանակ սխալ էի, ինքն է պատվիրատուն եղել, հակառակ դեպքում հանիրավի մարդուն դատապարտելուց հետո նա չի կարող այսպես առաջ ընկնել ու պաշտպանել, հետո պատճառաբանել»: «Առավոտի» խնդրանքով անդրադառնալով այս ամենին՝ ՀՀԿ մամուլի խոսնակ, ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն ասաց. «Ես իրավական խնդիրները չեմ մեկնաբանում: Արմեն Սարգսյանին շատ լավ ճանաչելով՝ չեմ էլ հավատում, որ ինքն է պատվիրատուն»:

Հարցին՝ ՀՀԿ-ում անակնկալի՞ են եկել Արմեն Սարգսյանի հայտարարությունից, թե՞ դա սպասելի էր, մեր զրուցակիցը պատասխանեց. «Շատ նորմալ է, որ սպարապետի եղբայր Արմեն Սարգսյանն իր ավագ եղբոր ընկերոջը սատարում է, իր ընտանիքի ընկերոջը սատարում է, եւ ինչպես յուրաքանչյուր քաղաքացի, այնպես էլ Արմեն Զավենի Սարգսյանն իրավունք ունի բարձրաձայն ասելու, թե ում է սատարելու: Իսկ այն, որ Վազգեն Սարգսյանն ու Սերժ Սարգսյանը ոչ միայն մարտադաշտի ընկերներ են, այլ նաեւ գաղափարի ընկերներ՝ դա փաստ է: Ես չգիտեմ, թե այստեղ զարմանալու ի՞նչ կա: Եվ կարիք չկա, որ մարդիկ տարիներ հետո, քաղաքական իրավիճակի փոփոխության պատճառով, Արմեն Սարգսյանի վրա ցեխ շպրտեն: Նա սպարապետի ընտանիքի անդամ է, իսկ մենք պարտավոր ենք սպարապետի ընտանիքին միայն հարգանքով վերաբերվել, որովհետեւ սպարապետները ծնվում են հարյուր տարին մեկ»: Մեր հարցին՝ գուցե Սերժ Սարգսյանի թեկնածությունը պաշտպանելու իր հայտարարությամբ Արմեն Սարգսյանը պարզապես իր շնորհակալությո՞ւնն էր հայտնում, Շարմազանովը պատասխանեց. «Իր հարցազրույցում Արմեն Սարգսյանը շատ հստակ մեկնաբանել է, թե ինչու է սատարում Սերժ Սարգսյանին: Ես սպասում էի, որ Արմեն Սարգսյանը կսատարի Սերժ Սարգսյանին: Ավելին՝ զարմանալի կլիներ, որ Արմեն Սարգսյանը սատարեր այլ թեկնածուի՝ կոնկրետ այս դեպքում»: Պարոն Շարմազանովին հիշեցրինք, որ սպարապետի ընտանիքի մեկ այլ անդամ՝ Վազգեն Սարգսյանի մյուս եղբայրը, «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը բավականին կոշտ գնահատականներ էր հնչեցրել գործող իշխանությունների, ընթացող ընտրական գործընթացների հասցեին: Արամ Սարգսյանի բնորոշմամբ՝ այս ընտրությունները նման են «տուն-տունիկի»: Էդուարդ Շարմազանովը հակադարձեց. «Դա էլ Արամ Սարգսյանի իրավունքն է: Ի տարբերություն Արմեն Սարգսյանի՝ Արամ Սարգսյանը քաղաքական գործիչ է, եւ իր իրավունքն է, իբրեւ քաղաքական գործիչ կամ ՀՀ քաղաքացի, ներկայացնել իր տեսակետը, իր կարծիքը Հայաստանում տիրող քաղաքական գործընթացների վերաբերյալ: Որեւէ խնդիր այստեղ ես չեմ տեսնում»:

ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728