Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հայաստանի Դեմոկրատական կուսակցության Հանրապետական խորհրդի ընդլայնված նիստի հայտարարություն

Փետրվար 06,2013 12:55

 Գնահատելով նախընտրական ժամանակահատվածում երկրում առկա քաղաքական, տնտեսական, սոցիալական, բարոյա-հոգեբանական իրավիճակը, փաստելով, որ վերջին հինգ  տարում հանրապետությունում իրականացվող բարեփոխումները վճռական ազդեցություն չեն ունեցել բնակչության կենսամակարդակը բարելավելու, ներհասարակական արդար հարաբերություններ հաստատելու, սոցիալական բևեռացումը կանխելու գործում, որի հետևանքով նաև, համաձայն վիճակագրության, երկրից առ այսօր անվերադարձ հեռացել է ևս ավելի քան 160 հազ. քաղաքացի, ՀԴԿ-ն վերահաստատում է, որ գործող համակարգի և նրա օրգանական մասը կազմող ստվերային, մենաշնորհային տնտեսական կացութաձևի պայմաններում անհնար է երկրում արմատական փոփոխությունների իրականացումը:

  Ներքին խնդիրների օր առաջ կարգավորումը, ոչ միայն ժողովրդի պահանջատիրության արտահայտումն է, այլ նաև որոշիչ ազդեցություն ունի ԼՂՀ հիմնահարցի բանակցային գործընթացի վրա: Գաղտնիք չէ, որ օր օրի լկտիացող ադրբեջանական ագրեսիվ, հայատյաց քաղաքականության ոգևորող հույսը նաև մեր հնարավոր տնտեսական, սոցիալական, դեմոգրաֆիական տկարությունն է:

Մեր մտահոգության կենտրոնում միայն ու միայն Հայաստանի ապագան է:

   Ուստի, հաստատելով ՀԴԿ երկարամյա ակտիվ դիրքորոշումը` բոլոր հնարավոր միջոցներով պահանջատեր լինել իշխանություններից երկրում կուտակված հիմնահարցերն ամբողջական կարգավորելու առումով, հաշվի առնելով, որ ՀՀ նախագահի ընտրություններում առաջադրված թեկնածուների ծրագրերում ներկայացված ազգային գաղափարախոսության դրույթներից, ազգային-պետական անվտանգության համակարգի, նրա խարիսխը հանդիսացող, արտաքին վեկտորի ընտրության տեսանկյունից մեր կուսակցության հիմնարար գաղափարներին որոշակիորեն համապատասխանում է ՀՀ Նախագահ, նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի վարվող քաղաքականությունը, Հայաստանի Դեմոկրատական կուսակցությունը գտնում է, որ  անհապաղ են նաև  հետևյալ գործողությունները:

Այն է`

­— կազմաքանդել ստվերային, օլիգարխիկ, մենաշնորհային, կոռումպացված համակարգը, նպաստելով հասարակական արդար հարաբերությունների ձևավորմանը, պետական, հասարակական պաշտպանության տակ վերցնելով աշխատավոր մարդու իրավունքներն ու շահերը, նրան արժանավայել վարձատրություն երաշխավորելու հարցում.

— հաշվետու լինել հասարակության առջև պետական  պարտքի բովանդակային մասի վերաբերյալ, ներկայացնելով վարկերի ծախսման տնտեսական արդյունավետությունը.

— նոր վարկեր ստանալու դեպքում, դրանք ուղղել բացառապես տնտեսության ռեալ  սեկտորը զարգացնելուն.

— բյուջե վերադարձնելով «գողոնը», կենտրոնացնելով ստվերից դուրս բերված ֆինանսական ներքին ռեսուրսները, վերափոխելով Համահայկական բանկի գործառույթները, ներգրավելով համահայկական կապիտալի միջոցները, պետական հատուկ ծրագրեր մշակել ժամանակակից տեխնոլոգիաներով հագեցած,                       աշխատատար արդյունաբերական ձեռնարկություններ ստեղծելու ուղղությամբ.

— գյուղատնտեսության ոլորտում, հակառակ հատվածական ձեռնարկումների, ամբողջական ագրոարդյունաբերական համալիր ձևավորել, դրանով իսկ պետական հովանավորության տակ վերցնել գյուղի արտադրողի հոգսերը.

— հատուկ համալիր պետական ծրագրով, ներառելով սոցիալական արդարության սկզբունքի հաստատման պահանջը, շուկայական հարաբերությունների պետական կարգավորման անհրաժեշտությունը, քաղաքացու անվտանգ ապրելու, կենսաապահովման զամբյուղի պարունակությանը համապատասխան նվազագույն աշխատավարձի ու կենսաթոշակի ապահովումը, նախատեսել անհապաղ գործողություններ, որոնց իրականացման արդյունքում հնարավոր կլինի կանխել երկրի պետական անվտանգությունը խարխլող աղետալի չափերի հասնող արտագաղթը:

Մենք կողմ ենք հանդուրժողականությանը քաղաքական այլակարծության ասպարեզում, սակայն պահանջատեր ենք և մերժում ենք հանդուրժողականությունը բյուջետային միջոցները գողացողի, մսխողի, անարդյունավետ օգտագործողի նկատմամբ, բարեգործության քողի տակ ստվերային, մենաշնորհային տնտեսությունը զարգացնողի, հանցավոր ճանապարհով ստացված կապիտալը երկրից արտահանողի, սովորական քաղաքացու շահերը ոտնահարող կոռումպացված չինովնիկի, իրավապահի նկատմամբ: Գտնում ենք, որ վաղուց ժամանակն է խոսքից գործի անցնել, համալիր քայլերով մաքրել հասարակական աղտոտված մթնոլորտը :

Ելնելով վերոբերյալից, Հայաստանի Դեմոկրատական Կուսակցությունը հայտարարում է, որ կաջակցի ՀՀ Նախագահին այնքան ժամանակ, որքան որ նա, հաշվի կառնի հասարակության, հատկապես ընդդիմադիր հատվածի, պետականամետ առաջարկները, կշարունակի հետևողականորեն իրականացնել օրհասական բնույթի գործողություններ, երկիրը իրական զարգացման ուղի դուրս բերելու, արտաքին մարտահրավերներին համարժեք դիմակայելու համար:

 ՀԴԿ Հանրապետական խորհուրդ                                                                                                                              Երևան

24 Հունվար    2013 թ.

05 Փետրվար 2013թ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728