Հայրիկյանի դեմ կատարվածին կարծես թե չի արձագանքել պաշտոնական Մոսկվան: Օրինակ` Միացյալ Նահանգների պետքարտուղարությունը պաշտոնական ներկայացուցիչ Նուլանդի մակարդակով արեց դատապարտող հայտարարություն և հույս հայտնեց, որ հետագա ընտրական զարգացումները կլինեն սահմանադրականության շրջանակում: Իսկ ահա պաշտոնական Մոսկվան լռում է: Փոխարենը, Կրեմլի արձագանք կարելի է որակել Նիկոլայ Բորդյուժայի հայտարարությունը հեռուստակամուրջի ժամանակ. ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը դատապարտելով բռնությունը` հայտարարել էր, թե ինքը համաձայն չէ մահափորձ ձևակերպման հետ: Պաշտոնական Մոսկվայի լռության ֆոնին սա առավել քան ուշագրավ հայտարարություն է: Այդ իմաստով, հետաքրքրական է, որ բացառությամբ լրագրողական-փորձագիտական շրջանակի մի քանի ներկայացուցիչների, Բորդյուժայի այդ հայտարարությունը Հայաստանի հասարակական-քաղաքական դաշտում մնաց անարձագանք: Եվ օրինակ` հարցեր չհնչեցին ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին, որ եթե նա համաձայն չէ մահափորձի հետ, ապա, ըստ նրա, ի՞նչ է տեղի ունեցել Հայրիկյանի հետ:
Բորդյուժայի հայտարարությունը Երևանում կարծես թե գերադասեցին լռության մատնել, «մոռանալ»: Մինչդեռ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն ամենևին այն կալիբրի գործիչը չէ, որի հայտարարությունները արժե այդքան հեշտ մոռացության մատնել և չենթարկել առնվազն հռետորական հարցադրումների, եթե նույնիսկ անմիջապես Բորդյուժային հարցեր տալու հնարավորություն չկա: Սակայն չեղան՝ ոչ ուղղակի, ոչ հռետորական հարցեր, մի քանի բացառությամբ հանդերձ: Օրինակ` «Կենտրոն» հեռուստաընկերությունը Հայրիկյանի հետ տեղի ունեցածի հաջորդ օրն իսկ բավական ծավալուն և ներկայացուցչական քննարկում էր կազմակերպել տեղի ունեցածի թեմայով, որին մասնակցում էին քաղաքական գործիչներ, մտավորականներ, փորձագետներ: Սակայն քննարկման մասնակիցներից և որևէ մեկը ուշադրություն չդարձրեց նույն օրը Բորդյուժայի արած հայտարարության վրա, չհիշատակեց այն, չփորձեց հանրայնացնել Հայրիկյանի մահափորձից հետո հնչած ամենաէական հայտարարություններից մեկը, եթե ոչ ամենաէականը: Կարելի է հիշատակել նաև այլ տարբեր արձագանքներ, տարբեր սուբյեկտների, որոնք այդպես էլ ոչ մի կերպ՝ ուղղակի կամ անուղղակի, առիթով կամ հենց մասնավորաբար չանդրադարձան հնչած հայտարարությանը: Սա կարելի է համարել ստեղծված իրավիճակում հատկանշական կողմերից մեկը:
Երբ հնչում է ինչ ասես, բայց անտեսվում է, թերևս, այն եզակի հայտարարություններից մեկը, որն, ըստ էության, բավական կոնկրետ ու հստակ էր, և այդ ամենով հանդերձ` բարձրաձայնվել էր բավական ազդեցիկ շրջանակի ազդեցիկ ներկայացուցչի շուրթերից, ապա սա, իհարկե, չի կարող լինել պատահականություն: Սա, ընդհանուր առմամբ, բնորոշում է ոչ միայն ստեղծված իրավիճակը, այլ Հայաստանի հասարակական-քաղաքական միջավայրն ընդհանրապես: Կամ այդ միջավայրում կա ամեն ինչ հնարավորինս արագ լղոզելու, փոշիացնելու և այդ միջոցով պատասխանատվության խնդիրը հնարավորինս մշուշելու զարմանալի լուռ կոնսենսուս, կամ պարզապես իրավիճակը վկայում է հասարակական-քաղաքական միջավայրում առկա որոշակի անմեղսունակության մասին, երբ ամբողջությամբ չեն գիտակցվում մարտահրավերներն ու չի ձևակերպվում համարժեք արձագանք, չի գործում համարժեք՝ ոչ միանման, այլ համարժեք վարքաբանական համակարգ, որը ունակ է հստակ դիրքորոշումներ արտադրել առկա մարտահրավերներին ընդառաջ՝ լինեն դրանք երկարաժամկետ, թե կարճաժամկետ: Նաև այդ հանգամանքն է, որ Հայաստանը պարբերաբար կանգնեցնում է այնպիսի իրավիճակների առաջ, երբ որևէ հարցի ուժային լուծումը դառնում է միանգամայն հնարավոր:
Իհարկե, այստեղ գլխավոր պատասխանատվությունն իշխանությանն է, որը պարտավոր է ապահովել Սահմանադրության ու օրենքի գերակայությունը, ապահովել յուրաքանչյուր քաղաքացու անվտանգությունն ու թույլ չտալ, որ երկրում իշխվի բռնության մշակույթ: Հայաստանում սովորաբար իշխանությունը արել է հակառակը, և հենց ինքն է հանդիսացել բռնության մշակույթի աղբյուր: Բայց այստեղ զգալի է նաև այն, որ բռնության մշակույթի դեմ հակազդեցության պատասխանատվություն պետք է ունենա հանրությունն էլ: Դա չի նշանակում անել իշխանության գործը: Պարզապես ակնհայտ է, որ Հայաստանի հասարակական-քաղաքական միջավայրը նման դեպքերում ներքաշվում է այն քաղաքական շահարկումների և խաղերի հորձանուտ, որը փորձում են թելադրել բռնության աղբյուրները: Արդյունքը դառնում է այն, որ հասարակությունը կամա-ակամա սկսում է ծառայել արդեն իսկ եղած բռնությանը:
Կարդացեք նաև
Արամ ԱՄԱՏՈՒՆԻ
«Ժամանակ»