Հատված ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խորհրդի անդամ ՀԵՐՄԻՆԵ ՆԱՂԴԱԼՅԱՆԻ հարցազրույցից:
-Գլոբալ իմաստով, մեզ համար առանձնապես նշանակություն չուներ՝ Պարույր Հայրիկյանը ՍԴ կդիմի՞, թե՞ ոչ։ ՀՀԿ-ն մշտապես աշխատել է, իր ծրագրերը, գործունեությունը, տարիների ընթացքում կատարած աշխատանքը տեսանելի է դարձրել մեր քաղաքացիներին եւ դրանով է ներկայանում ընտրողներին։ Այս առումով, երկու շաբաթ «ավել-պակասը» պիտի որ ընտրությունների արդյունքների վրա որեւէ ազդեցություն չունենար։
Գործնական իմաստով, ընտրական գործընթացը երկու շաբաթով երկարաձգելու որոշումն արդարացված կլիներ, եթե թեկնածուն համարեր, որ իսկապես լուրջ դժվարություն է ունեցել՝ այս օրերին կորցրել է իր անձը, գաղափարները, ծրագրերը, գործունեությունը, կենսագրությունը պրոպագանդելու հնարավորությունը եւ մինչեւ ընտրություններ չի հասցնի լրացնել այդ բացը։
Թեկնածուն որոշեց, որ դրա անհրաժեշտությունը չկա, եւ դա հասկանալի է՝ Հայրիկյանն այն քաղաքական գործիչն է, որին հայ հասարակությունը լավ է ճանաչում, քաջատեղյակ է տարիների նրա պայքարին, գաղափարներին ու մոտեցումներին, որը մշտապես ունեցել է իր ունկնդիրը, իր համակիրը, իր հետեւորդը, եւ նոր չէ, որ պետք է ներկայանա հանրությանը։
… Ընդհանրապես չեմ կարծում, թե ընտրություններից 40 օր (կամ պլյուս-մինուս երկու շաբաթ) առաջ անհայտ մեկը, որն իր կյանքով եւ կենսագրությամբ, անցյալով ու ապագայի տեսլականով ճանաչելի չէ հասարակությանը, կարող է գալ, մտնել ընտրապայքարի մեջ եւ հաջողության իրական ակնկալիքներ ունենալ։ Իմ կարծիքով, լուրջ քաղաքականության մեջ այդպես չի լինում՝ մարդը իր ամբողջ կյանքով, գործունեությամբ է պատրաստվում նման կարեւոր իրադարձության, ինչպիսին նախագահի թեկնածու առաջադրվելն է։
Լիլիթ ՊՈՂՈՍՅԱՆ
Կարդացեք նաև
«Հայոց աշխարհ»