Լրահոս
Օրվա լրահոսը

Հայրիկյանն ուժեղ ցավեր ունի

Փետրվար 06,2013 12:14

Ի՞նչ է ստացվում. Հայրիկյանի վիճակն այնքան լավ է, որ նա ի վիճակի՞ է շարունակել քարոզարշավը։ Իհարկե, ասուլիսին նա մի պահ եկավ, սակայն մնաց շատ կարճ եւ խուսափեց լրագրողների հետ շփումից, նույնիսկ հայտարարվեց, որ հարցերի չի պատասխանելու։ Իսկ ասուլիսից ժամեր անց «Ժողովուրդ»-ը փորձեց զանգահարել Պ. Հայրիկյանին, սակայն վերջինս չպատասխանեց։ Մեզ հաջողվեց խոսել Հայրիկյանի՝ ԿԸՀ-ում լիազոր ներկայացուցիչ Արկադի Վարդանյանի հետ, որը զրույցի ընթացքում ասաց, թե նախագահի թեկնածուն այն աստիճան ուժեղ ցավեր ունի, որ դժվարանում է նույնիսկ խոսել։ Մի՞թե սա նշանակում է, որ Հայրիկյանն ի վիճակի է շարունակել քարոզարշավը։ Ա. Վարդանյանը պնդեց նույն «ՀՀԿ-ական տեսակետը», որ իրենք ահաբեկիչներին ընդառաջ չեն գնա, բայց իրենց որոշումն ի նպաստ իշխանությունների չէ։ Սակայն պետք է հաշվի առնենք, որ դեռ հայտնի չեն ո՛չ մահափորձն իրականացնողները, ո՛չ էլ պատվիրատուները, ուստի միանշանակ չենք կարող ասել՝ սա պետության դեմ ահաբեկչություն է, թե մեկ այլ բան։

Իշխանությունների հետ գործարքի մեջ մտնելու համար առնվազն պետք է ունենալ ինչ-որ շահ՝պաշտոն ստանալու ակնկալիք կամ ֆինանսական օգնություն։ Ֆինանսական օգնություն ակնկալում են ֆինանսական խնդիրներ ունեցողները։ Հայրիկյանի՝ ԿԸՀ ներկայացրած հայտարարագրում նշված է, որ նախագահի թեկնածուն ԱՍՆ 3 բանկերից ունի վերցրած ընդհանուր 50 հազար դոլարի փոխառություն։ Ըստ նախնական մեր եզրահանգման՝ Հայրիկյանն այս գումարը կարող էր վերցրած լինել ընտրություններին մասնակցելու նպատակով։ Սա կնշանակեր, որ թեկնածուն ֆինանսական այլ միջոցներ չուներ եւ ստիպված ամերիկյան բանկերից վարկ վերցրեց։ Սակայն Արկադի Վարդանյանը «Ժողովուրդ»-ի հետ հեռախոսազրույցում հայտնեց, որ նշված 50 հազար դոլարի փոխառությունն ընտրությունների հետ որեւէ կապ չունի, այն վերցված է դեռ վաղուց, իսկ ընտրագրավի համար պահանջվող գումարը հավաքելու հարցում Հայրիկյանին օգնել են ընկերները։ Թեկուզ այս տարբերակով կրկին եզրահանգումը նույնն է՝ Հայրիկյանն այնքան էլ լավ ֆինանսական վիճակում չէ, դեռ 50 հազար դոլարի վարկ ունի։

Եվ վերջապես, Պ. Հայրիկյանին պատմական հնարավորություն էր ընձեռվել նպաստել Հայաստանում արդար ընտրություններ անցկացնելուն, եթե օգտագործելով բոլոր առկա հանգամանքները՝ ընտրությունները որոշ ժամանակով հետաձգվեին, եւ հնարավոր լիներ հետաձգել մինչեւ ապրիլի 9-ը, ապա մենք կունենայինք արդար ու հավասար պայմաններում ընտրություններ անցկացնելու եզակի հնարավորություն, քանի որ կլրանար Սերժ Սարգսյանի լիազորությունների ժամկետը, եւ Սարգսյանն այնուհետ հանդես կգար միայն որպես նախագահի շարքային թեկնածու։ Հայրիկյանն իր այս հնարավորությունից չօգտվեց։

Եվս մի աբսուրդ, ասուլիսի ժամանակ Հայրիկյանը կրկին նշեց, որ իր վրա կրակել են մոտիկից, գնդակը կրծքավանդակից մտել է, մեջքից դուրս եկել (նույնիսկ մատով ցույց տվեց), այնինչ պաշտոնական աղբյուրներն ասում են, որ վիրահատության ժամանակ Հայրիկյանի մարմնից գնդակ են հանել։

Կարեն ՎԱՐԴԱՆՅԱՆ

«Ժողովուրդ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728