ՀՀ-ում Լեհաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Զդիսլավ Ռաչինսկիի հետ հարցազրույցից:
– Եվրոպական դիտորդներն արդեն մտահոգություն են հայտնել այն առումով, որ ընտրությունները ոչ մրցակցային են:
– 1991թ. Հայաստանի առաջին նախագահը հաղթեց մեծ առավելությամբ։ Այդ ընտրությունները ոչ մրցակցայի՞ն էին։ Չէի ասի։ Պատմության որոշակի փուլում դեպքերն այնպես են զարգանում, որ մեկ քաղաքական ֆիգուրը զբաղեցնում է ավելի մեծ տեղ քաղաքական ասպարեզում, դուրս մղելով ուրիշներին։ Ես չեմ կարող ասել, թե ընտրությունները ոչ մրցակցային են, քանի որ կան արժանի թեկնածուներ։ Միայն թե, դա արդեն դուք գնահատեք, որովհետեւ մենք չենք կարող դա գնահատել, հատկապես ես։ Պետք է տեսնել, քարոզարշավի այդ կարճ ժամկետը՝ 40 օր, բավարա՞ր է, որպեսզի մյուս թեկնածուները ցույց տան իրենց հնարավորությունները։ Սա արդեն Հայաստանի օրենսդրական հարց է։
Երկրորդը, պրակտիկայում, կարծում եմ, եթե սխալվում եմ՝ ուղղեք ինձ, թեկնածուներն ունեն տարբեր հնարավորություններ՝ ԶԼՄ-ներ մուտք գործելու։ Թեպետ, բոլոր երկրներում է այդպես, որ գործող նախագահն ավելի հաճախ է օգտվում հեռուստաեթերից։ Այստեղ բոլոր հանդիմանություններն անտեղի են։
Կարդացեք նաև
Երրորդը, որի վերաբերյալ ես չեմ կարող արտահայտվել, միգուցե դուք ինձ օգնեք, առանձնապես ինչպես է անցնում քարոզարշավը մարզերում։ Ես հուսով եմ, որ մարզերում մարզպետները չեն կանչում համայնքների ղեկավարներին եւ ցուցումներ տալիս, թե ում ընտրեն։ Հուսով եմ, որ դպրոցներում տնօրենները չեն կանչում ծնողներին եւ ցուցում տալիս։ Սա արդեն կլինի վարչական ռեսուրսի օգտագործում, որի հնարավորությունը չունեն նրանք, ովքեր իշխանության մեջ չեն։ Սա արդեն փոխում է պատկերը։ Ես կարծում եմ, որ ընտրությունները չեն կարող կտրված լինել այն քաղաքական իրականությունից, որ կա։ Դուք ասեք, Հայաստանում կա՞ չինովնիկների այնպիսի խումբ, որը իրավունք չունի կուսակցական լինել կամ ներկայացնել իր քաղաքական հայացքները։
– Մեզ մոտ, օրինակ, ոստիկաններն են, զինվորականները։
– Լեհաստանում բոլոր հանրային կառույցներում նման իրավունք չունեն, քանի որ դա մեկնարկի պահին առավելություն է տալիս նրան, ով գործող է։ Դա եւ լավ է եւ վատ։ Լսում եմ, որ անձնագրերի տվյալներ են հավաքում, եւ կարծում եմ դա ճշմարտությունը չէ, քանի որ Ս. Սարգսյանի շտաբը դատապարտել է այդ երեւույթը։ Նրանք, ովքեր դա անում են, գործում են ոչ միայն իրավունքի դեմ, այլեւ գործող նախագահի։ Եթե այդ ամենն արվում է, հարց է դրվում, թե որքանով են ընտրություններն ազնիվ։
– Հայաստանի իշխանությունները խոստանում են անցկացնել մեր երկրի համար աննախադեպ դեմոկրատական ընտրություններ։ Դուք տեսնո՞ւմ եք նախադրյալներ դրա համար, երբ սպասվում է ցածր մասնակցություն, չկան քաղաքական բանավեճեր եւ այլն։
– «Դեմոկրատական» հասկացությունը ընդհանուր էտալոն է։ Կա ստանդարտ, որը ԵԱՀԿ-ն սահմանել է, թե երբ են տվյալ ընտրություններն արժանի բարձր գնահատականի։ Կտեսնենք, թե ինչպես կանցնեն ընտրությունները։ «Աննախադեպ», «լավ», «վատ»… Գիտեք, դրանք շատ սուբյեկտիվ գնահատականներ են։ Դա նման է նրան, որ կշիռը չափես սանտիմետրով։ Դա չափորոշիչ է, որը պետք է ընտրել տվյալ դեպքի համար։ Ինչ վերաբերում է մասնակցությանը, ամեն երկրում տարբեր է լինում։ Կան երկրներ, որտեղ մասնակցությունը ավանդաբար ցածր է լինում, կամ բարձր։ Լեհաստանում մասնակցությունը, ցավոք, բարձր չէ։ Սեզ մոտ կարեւոր են համարվում ՏԻՄ ընտրությունները 40-50 տոկոս մասնակցությամբ։ Նախագահական ընտրություններին՝ մինչեւ 60 տոկոս։ Թե որքանով են այս ընտրությունները համապատասխանում նորմերին, որքանով են թեկնածուների համար ստեղծված հավասար պայմաններ, իրական հավասար, հավասար մուտք դեպի ԶԼՄ-ներ, վարչական ռեսուրսի բացակայություն, ընտրողների վրա ճնշումների բացակայություն, որ չլինի ընտրողների տվյալների հավաքագրում, չլինի 10 հազար դրամի ողորմությունը։
Երբեմն մկան եւ կատվի խաղ է լինում։ Միջազգային դիտորդները, որ կարճ ժամկետով են այստեղ գալիս, շատ հարցեր կարող են չնկատել։ Բայց դիվանագիտական
առաքելությունների համար, որոնք աշխատում են այստեղ տարիներով, որոնց մի մասը խոսում է հայերենով, լինում գյուղերում, հանդիպում մարդկանց հետ, մենք բոլորս գործընթացի մեջ ենք, տեսնում ենք իրականությունը, ինչպես որ
այն կա։ Ես չեմ խոսում հենց այս ընտրությունների մասին, այլ՝ իրավիճակի մասին։ Երբ գնում է պաշտոնյան եւ ասում՝ եթե չընտրեք այս մարդուն, ճանապարհ չենք կառուցի կամ եթե դպրոցն այսպես չանի՝ տանիքը չենք նորոգի։ Այդպիսի բաներ կա՞ն՝ կան։ Դրա համար պետք չէ մտածել, որ ուրիշները նման բաները չեն տեսնում։ Այսպիսին է իրականությունը Հայաստանում։
Միամիտ կլիներ սպասել, որ այս 22 տարիների ընթացքում այստեղ բոլոր գործընթացները բերեին նրան, որ ստացվեր մաքուր վիճակ։ Սա քաղաքական կուլտուրայի հարց է։
Դիտարկենք մեկ այլ կողմից, մարդիկ մասամբ բարոյալքված են, սովոր են այդ 10 հազար դրամին: Սա արդյունք է, որը հնարավոր չէ վերացնել 2-3 տարվա ընթացքում։ Դա պրոցես է։ Մարդիկ պետք է հավատան, որ իրենց քվեն ինչ-որ բան փոխում է, որ ազդում է իրական վիճակի վրա։ Ընդհանուր առմամբ ես անկեղծ չէի լինի, եթե փակեի աչքերս ակնհայտ պրոգրեսի նկատմամբ, որ տեղի է ունենում Հայաստանում։ Կա՞ հանրահավաքների իրական ազատություն՝ կա։ Ոստիկանությունը «չի լարում»։ Ես չգիտեմ, կարծում եմ հետո չեն հարցաքննում մարդկանց, ովքեր մասնակցում են դրան։ Մամուլը պլյուարիստիկ է, քննադատություն գոյություն ունի։ Այո, հեռուստատեսությունը ներկայացնում է ոչ այնքան իշխանության, որքան իրեն ֆինանսավորող խմբերի շահերը։ Բայց իմ գնահատականով, պրոգրեսն ակնհայտ է, նույնիսկ այս 5 տարիների համար։ Ինչ վերաբերում է մարդու իրավունքներին, խոսքի ազատությանը, ազնիվ չէր լինի դա ժխտել։ Այլ հարց է, որ Հայաստանը, Հայաստանի քաղաքացիները, ի վիճակի են, պատրաստ են եւ արժանի են ավելիին։
Գագիկ ԱՂԲԱԼՅԱՆ
«Հայկական ժամանակ»