Լրահոս
Օրվա լրահոսը

Կարախանյանը՝ Հայրիկյանի մահափորձի մասին. «Նախօրոք գծագրված բեմադրություն էր»

Փետրվար 06,2013 11:48

Հատված «Միաբանություն» հայկական ազգային ակումբի նախագահ, կրեմլյան փորձագետ Սմբատ Կարախանյանի հարցազրույցից:

– Պարոն Կարախանյան, Պարույր Հայրիկյանն իր վրա արձակված կրակոցներից հետո հայտարարեց, որ դա ռուսական իմպերիալիզմի ձեռքի գործն է: Ի՞նչ են մտածում այդ մասին ռուսական իմպերիալիստները։

– Նախ՝ ե՛ւ ռուսական շրջանակների, ե՛ւ իմ կողմից անձամբ ցանկանում եմ Պ. Հայրիկյանին շուտափույթ ապաքինում։ Ամեն դեպքում, մարդու վրա կրակել են, վիրավորվել է, արյուն է թափվել։ Իհարկե, ռուսական քաղաքական շրջանակներում այդ հարցը մի քիչ զարմանք առաջացրեց։ Նախ՝ զարմանալի էր այդ բառակապակցությունը՝ «ռուսական իմպերիալիզմ»։ Լսել էինք ռուսական կայսերական, կայսերապաշտական, շովինիստական եւ ուրիշ նման արտահայտություններ, բայց «ռուսական իմպերիալիզմը» նույնիսկ Հայրիկյանի համար կարծես մի քիչ ավելի ներմուծված էր։

– Այդ հայտարարությունն ինչի՞ հետ է կապված։

– Ցավոք, այս ամենը տեղի է ունենում ՀՀ նախագահական ընտրապայքարի կոնտեքստում։ Այն պահից, երբ հիմնական քաղաքական ուժերը հրաժարվեցին մասնակցել ընտրապայքարին՝ առաջ քաշելով իրենց հայտնի պայմանները՝ արդար, մրցակցային ընտրությունների ապահովում, ՀՀ իշխանությունները Հայաստանի ընտրությունների մասով կոնկրետ շահեր ունեցող գերտերություններին շռայլ խոստումներ տվեցին, թե ընտրությունները կլինեն ազատ, արդար, մրցակցային պայմաններում։ Բայց այդ խոստումների փոխարեն պատմության մեջ առաջին անգամ մի զարմանալի իրավիճակ ձեւավորվեց. սպասվելիք միջոցառման մեջ բոլոր դերակատար-մասնակիցներն իրենց առջեւ խնդիր չեն դրել, որ հաղթեն եւ դառնան նախագահ։ Այդ թվում՝ նաեւ Սերժ Սարգսյանը, որովհետեւ նա այդ հարցն իր համար վաղուց լուծել է։

– Հայրիկյանին ուղղված կրակոցներն ինչքանո՞վ փոխեցին իրավիճակը։

– Պատկերացնո՞ւմ եք. մինչ այդ արտաքին ուժերը՝ այդ թվում նաեւ ռուսական վերլուծաբանները, հետազոտությունների եւ ուսումնասիրությունների արդյունքում պարզ կարող էին հասկանալ, ՀՀ քաղաքացիների ամենաքիչը 80%-ը շատ անտարբեր է իրենց կազմակերպած միջոցառման նկատմամբ, այսինքն՝ ընտրությունների։ Մարդիկ կա՛մ չեն ուզում գնալ, շատ դառնացած են խոսում, կա՛մ վատ են վերաբերում։ Եվ ահա այդ տարօրինակ միջոցառման մեջ հետաքրքրություն ու ինտրիգ առաջացնելու համար անհրաժեշտ էր ստեղծել տարբեր քաղտեխնոլոգիական միջոցառումներ։ Դրա համար էլ իմ տպավորությունն այնպիսին է, որ դա անհաջող թատերական բեմադրություն էր՝ սկզբից մինչեւ վերջ, որովհետեւ անհասկանալի քիլլերը՝ այլազգիի դիմագծերով մոտենում է, կրակում երկու անգամ, հետո փախչում, նրան տեսնում են, ու հետո ոչ մեկ չի կարողանում գտնել այդ մարդուն։ Սա նշանակում է, որ ՀՀ ԱԱԾ-ի, ոստիկանության ղեկավարությունը պետք է առնվազն գործից հեռացվի։ Մամուլը գրում է, որ գաղտնալսումներ են անում ընդդիմախոս եւ ոչ ընդդիմախոս, իրենցից ինչ-որ բան ներկայացնող քաղաքական ուժերին, բայց քիլլերին չեն գտնում։ Ու դեպքից հետո հիվանդանոց են գնում պետական գործիչներ՝ սկսելով ֆանտաստիկ վարկածներ տարածել։ Դեռ հետաքննությունը նորմալ չի սկսվել, քննիչները դեռ տվյալներ են հավաքում, արդեն պետական այրերը համոզմունք ունեն։ Սա ծիծաղելի է ու գալիս է ապացուցելու, որ բեմականացված ինչ-որ մի բան է՝ գործընթացում հետաքրքրություն մտցնելու համար։ Իսկ դրանից հետո կիսաապաքինված, ակամայից դերակատար դարձած անձը սկսում է խոսել ռուսական իմպերիալիզմի հատուկ ծառայությունների մասին։

– Կարծում եք՝ իշխանությունները պլանավորված հակառուսական տրամադրություննե՞ր են ստեղծում։

– Տպավորությունն այն է, որ նախօրոք գծագրված բեմադրություն էր, թե ժամ առ ժամ, քայլ առ քայլ ինչ պետք է լիներ։

– Իսկ Ռուսաստանը չի՞ նեղացել Հայրիկյանի այդ հայտարարությունից եւ իշխանությունների պահվածքից, որը նկարագրեցիք։

– Նեղանալու բան չկա, Պ. Հայրիկյանի գաղափարական տեսակետները, համոզմունքները բոլորն էլ գիտեն։ Ավելի լավ է՝ գաղափարական հիմքի վրա կանգնած մարդն իր տեսակետները հայտնի, քան այն մարդիկ, որոնք 15-20 անգամ տեսակետ են փոխում, վազում այստեղից այնտեղ։

Թագուհի ԹՈՎՄԱՍՅԱՆ

«Ժողովուրդ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728