Ռուսական «Օգոնյոկ» հանդեսի գլխավոր խմբագիր Վիկտոր Լոշակի հարցազրույցում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ, որը հրատարակվել է «Կոմերսանտ» և «Օգոնյոկ» պարբերականում, Ս. Սարգսյանը, խոսելով ղարաբաղյան հիմնախնդրի լուծման հարցում ՌԴ-ի դերակատարության մասին, նշել էր. «Բոլոր նրանք, ովքեր զբաղվում են այս հակամարտությամբ, թե Մոսկվայում, թե Վաշինգտոնում և թե Փարիզում, իսկ սրանք Մինսկի խմբի համանախագահ երկրների մայրաքաղաքներն են, շատ լավ գիտեն, թե ում մեղքով մինչ օրս լուծում չի գտնվել»:
Ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանն այս հայտարարության կապակցությամբ Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ նախագահը ներկայացրել է օբյեկտիվ իրականությունը և մանրամասնեց. «Իսկապես, արցախյան համակարտությունը չի կարգավորվում, քանի որ ադրբեջանական դիրքորոշումը ծայրահեղական է, ծավալապաշտական: Սա փաստ է: Փաստ է նաև այն, որ միջնորդ երկրի ռազմաքաղաքական ղեկավարությունը հոյակապ սա հասկանում է: Ընդամենը նախագահը իրերը կոչել է իրենց անունով: Գուցե պետք են ավելի գործուն լծակներ ադրբեջանական կողմի վրա, որ հարգեն տարրական պայմանավորվածությունը, որ ձեռք են բերել: Օրինակ՝ դիպուկահարներին առաջնագծից ետ տանելու վերաբերյալ և այլն»:
Ըստ պարոն Ջամալյանի՝ հարցն այն է, թե ինչու այդ լծակները չեն կիրառվում: Ըստ փորձագետի՝ հարցը հստակ է. «Ինչպես պիտի պարտադրենք նրան հարգել իր իսկ կողմից ստանձնած պարտականությունները: Եթե ադրբեջանական կողմը դիպուկահարներին կամավոր առաջնագծից ետ չի տանում, ուրեմն դրանք պիտի ոչնչացվեն և ետ տարվեն: Կամ ո՞վ է ստիպելու ադրբեջանական կողմին պահպանել պայմանավորվածությունը: Արցախյան հակամարտության կարգավորման ելքը մեկն է. Արցախը ի վերջո կամ դառնալու է առանձին պետական միավոր, կամ ՀՀ-ի մասը: Վաղ թե ուշ ադրբեջանական կողմը, ավելի կոնտրետ Անդրկովկասի թուրքերը, պիտի համակերպվեն այս իրողության հետ»:
Ըստ Դ. Ջամալյանի՝ Ս. Սարգսյանի խոսքը դիվանագիտական ենթատեքստ ունի: Փորձագետը մեկնաբանում է. «Այո, բոլորն էլ գիտեն՝ ով է մեղավոր: Այո, հակամարտությունը չի կարգավորվում, քանի որ ադրբեջանական կողմը չի ուզում համակերպվել գոյություն ունեցող իրականության հետ, ապրում է 86 հազար քառակուսի կիլոմետր տարածք ունեցող ադրբեջանական պետության հիշողությամբ: Ուստի մեր սկզբունքային կեցվածքով մեր միջնորդ երկրներին, մեր գործընկերներին պետք է ստիպենք ավելի սկզբունքային շարժվել»:
Կարդացեք նաև
Դ. Ջամալյանն այս ոլորտում առաջընթաց է տեսնում ու նկատում. «Մենք կանխել ենք պատերազմը, ամրապնդել ենք բանակը և Արցախ պետականության հիմքերը: Եթե մենք այս խաղաղության մեջ ենք ապրում, դա մեր նախագահի պաշտոնավարման ամենաառաջին ձեռքբերումը պիտի համարենք»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ