Ինչպես հաղորդեց ամերիկյան «International Competitions and Festivals» –ի գործադիր տնօրեն Սթիվեն Դայերը, Հայկական կամերային երաժշտության փառատոնի անցկացումը վտանգված է, քանի որ Լոս Անջելեսի Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոսությունը զարմանալիորեն շատ տարօրինակ և անհասկանալի դիրքորոշում է որդեգրել այս նախագծի իրագործման վերաբերյալ:
Ա. Խաչատրյանի ծննդյան 110-ամյա հոբելյանի կապակցությամբ Ամերիկյան «International Competitions and Festivals» կազմակերպությունը ՀՀ Մշակույթի նախարարության հետ համատեղ և նախարարության աջակցությամբ նախատեսում է 2013 թ ԱՄՆ-ում անցկացնել Հայկական կամերային երաժշտության փառատոն:
Փառատոնի ընթացքում նախատեսվում է հայաստանյան հայտնի խմբերի և երաժիշտների մասնակցությունը, որի ընթացքում կատարվելու են հիմնականում հայ կոմպոզիտորների ստեղծագործություններ, որոնց մի մասը ԱՄՆ-ում կկատարվեն առաջին անգամ, ամերիկյան մի շարք մեծ քաղաքների հեղինակավոր համերգասրահներում:
«International Competitions and Festivals»- ղեկավարությունը 2012 թ հոկտեմբերից բազմիցս դիմել է Լոս Անջելեսի ՀՀ գլխավոր հյուպատոս պարոն Գրիգոր Հովհաննիսյանին վերոհիշյալ փառատոնին առնչվող կազմակերպչական տարբեր հարցերով: Սակայն, զարմանալիորեն, այս ողջ ընթացքում, գլխավոր հյուպատոսի կողմից որևէ արձագանք չեղավ: Նույնիսկ համայնքի ոգևորված մի շարք ներկայացուցիչներին խրախուսելու փոխարեն իր կեցվածքով հուսահատեցնում է փառատոնի գաղափարով հետաքրքրված անձերին և հնարավոր հովանավորներին:
Կարդացեք նաև
Ինչպես հայտնի է ԱՄՆ-ում Մշակույթի նախարարություն գոյություն չունի և նմանատիպ միջոցառումները կյանքի են կոչվում հովանավոր կազմակերպությունների և անձերի նվիրատվություններով:
«Շատ ցավալի կլինի, եթե նման ծավալուն և հեղինակավոր փառատոնը տեղի չունենա»,-ասում է Սթիվեն Դայերը: « Չէ՞ որ Հայկական երաժշտության կամերային փառատոնի անցկացումը ոչ միայն աննախադեպ հնարավորություն է ընձեռում բարձր պրոֆեսիոնալ մակարդակով ներկայացնելու Հայաստանի երաժշտական մշակույթը, այլև այն մեծ եղեռնի 100-ամյակի նախաշեմին դրական շատ կարևոր գործոն է հանդիսանում ԱՄՆ-ում ամրապնդելու Հայաստանի վարկանիշը»:
Այս մասին տեղեկանում ենք «International Competitions and Festivals»-ից ստացած մամուլի հաղորդագրությունից: