Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Հանդարտ ընտրապայքարի կրակոտ անակնկալները Սերժ Սարգսյանին

Փետրվար 06,2013 11:11

Նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանը չի օգտվի իրեն վերապահված իրավունքից եւ չի դիմի ՍԴ`փետրվարի 18-ին նշանակված նախագահական ընտրությունները հետաձգելու պահանջով։ Հայրիկյանը դեռ երեկ կեսօրին լրջորեն հակված էր ՍԴ դիմելուն` համոզմունք հայտնելով, որ «ահաբեկչությունն ու ժողովրդավարական սկզբունքներով ընտրություններն անհամատեղելի են»:

Հայրիկյանի ներկայացուցիչները հայտարարեցին, որ անհաղթահարելի խոչընդոտներ առաջացել են, բայց թեկնածուն չի ցանկանում դա «շահարկել»։ Սակայն «Ազգային ինքնորոշում միավորման» առաջնորդի շտաբը պատրաստակամություն է հայտնում նախագահի մյուս թեկնածուների հետ քննարկել «միասնական մոտեցմամբ» հանդես գալու հարցը, եթե նրանցից որեւէ մեկը ցանկանա ընտրությունները հետաձգելու պահանջով դիմել ՍԴ:

Առհասարակ, Հայրիկյանի հետ կատարվածը ուշագրավ իրողություններ բացահայտեց: Պարզվեց, որ նախագահի մի քանի թեկնածուներ հակված են նախագահական ընտրությունները հետաձգել: Հետաձգման կողմնակիցների հիմնավորումն այն էր, թե նախագահական ընտրությունների հետաձգման դեպքում մինչեւ նոր ընտրությունների կայացումը Սերժ Սարգսյանը վայր կդնի իր լիազորությունները, իսկ ընտրությունները կկազմակերպի նախագահի պաշտոնակատարը: Սրանից բխեցվում էր, թե նոր իրավիճակում հնարավոր կլինի մրցակցային ընտրություններ անցկացնել:

Թվում է, թե քաղաքական ինչ-որ նոր իրավիճակում, նոր խաղի կանոններով առաջ ընթանալու մի վարկած է առաջ քաշվել: Իրականում սակայն, այս ամենի հիմքում ավելի խորքային խնդիր է: Մինչ Հայրիկյանը որոշում կայացրեց՝ ակնհայտ դարձավ, որ նախագահական ընտրապայքարին մասնակցողները հակված են ընտրապայքարն ավելի թեժացնել, նոր ինտրիգ, նոր լարում մտցնել քաղաքական դաշտ: Փետրվար 2-ին Անդրիաս Ղուկասյանն բաց նամակով Պ․Հայրիկյանին կոչ արեց՝ դիմել ՍԴ նոր ընտրություններ նշանակելու պահանջով՝ հիմնավորելով․ «Այդ դեպքում ես հնարավորություն եմ տեսնում ինձ համար, հետեւելով Ձեր հորդորին, դուրս գալ հացադուլից եւ մինչեւ նոր ընտրությունները ընկած ժամանակահատվածում միասնական պայքար սկսել՝ չթույլատրելու համար, որ ընտրակաշառք բաժանող եւ հակասահմանադրական գործունեություն իրականացնող կուսակցությունները մասնակցեն նոր նշանակված ընտրություններին»:

«Լավագույն լուծումը առայժմ երկու շաբաթով հետաձգելն է ընտրությունների` մինչեւ հայտնաբերվի ոճրագործը», -համոզմունք հայտնեց «Ազատություն» կուսակցության ղեկավար, ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր, ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը։ Նախագահի մյուս թեկնածու Արամ Հարությունյանը հայտարարեց, թե եթե Հայրիկյանի առաջին առաքելությունը կապում ենք անկախության հետ, ապա երկրորդը կլինի նախագահական ընտրությունների հետաձգումը: Իսկ էպոսագետ Վարդան Սեդրակյանը նույնիսկ սպառնաց, որ եթե Հայրիկյանը չհետաձգի ընտրությունները, ինքը օգտվելով իր իրավունքներից, կդիմի ՍԴ:

Երեկ Անդրիաս Ղուկասյանի նախընտրական շտաբի համակարգողը հավաստիացրել է, որ՝ «պայքարը հացադուլով չի ավարտվելու՝ այն շարունակվելու է»։ Նախագահի թեկնածուներից բացի՝ ակտիվություն են ցուցաբերում նաեւ ընտրապայքարին չմասնակցող միավորները․ Արցախյան շարժման 25-ամյա տարեդարձի օրը, Նախախորհրդարանը՝ «Հայաստանում նոր որակի պետություն ստեղծելու նպատակով» Մաշտոցի պուրակում անցկացնելու է ինքնակազմակերպման հավաք: Սոցիալական ցանցերում տարածվում է հորդոր՝ «Մերժո՞ւմ ես «ընտրությունները», փետրվարի 20-ին՝ ժամը 18:00-ին արի´ Մաշտոցի պուրակ»։ Մարտի 1-ին, հայտնի է, որ ՀԱԿ-ն է նախատեսում հանրահավաք անցկացնել:

Այսպիսով, կարելի է արձանագրել, որ ընտրապայքարի «հանդարտությունը», ավելին՝ հայաստանյան ներքաղաքական «կայունությունը» միայն թվացյալ է: Հայրիկյանի որոշումը վստահաբար շատ ուժերի «սրտով» չէ, եւ հավանաբար նրա դեմ քննադատության նոր ալիքի ականատեսը կդառնանք: Սակայն հարցը, թե ինչո՞ւ եւ ովքե՞ր էին Հայրիկյանի հետ կատարվածից հետո շահագրգռություն ցուցաբերում ընտրությունները հետաձգելու եւ նոր ընտրություններ նշանակելու համար, բաց է մնում: Եթե այդ ուժերը նախագահական ընտրապայքարից հրաժարված ուժերն են, ապա, ինչպես ասում են, ամեն ինչ դեռ առջեւում է․ փետրվարի 18-ից հետո Սերժ Սարգսյանի նախագահության երկրորդ շրջանին թերեւս բարդություններ են սպասում:

Դժվար է ասել, որ եթե նոր ընտրություններ նշանակվեին՝ Հայաստանում ինչ իրավիճակ կստեղծվեր մի քանի օր անց։ Գրեթե չորս տարի ընդդիմությունը «փողոցում» է եղել, ունեցել է բազմաթիվ առիթներ ոչ միայն ցուցադրել իր ուժը իշխանությանը, այլեւ կոնկրետ պահանջներ ներկայացնել եւ հաջողություններ արձանագրելու հնարավորություններ է ունեցել։ Սակայն մի պահից սկսած նախապատվություն տրվեց կուլիսային քաղաքականությունը, որի «արդյունքը»՝ բոլորի աչքի առջեւ է: Իսկ իրենց իշխանությանն «այլընտրանք» ներկայացնող, բայց հետո ընտրապայքարից հրաժարված ուժերը շարունակու՞մ են վայելել հասարակության վստահությունը․․․ Սրանք հարցեր են, որոնց պատասխանները թերեւս նույնպես բաց են:

Նախագահական ընտրությունների ընթացքը լարելու, քաղաքական կյանքում թեկուզ աշխուժություն մտցնելու ձգտում ունեցող ուժերը հնարավոր է, որ ունեն միանգամայն ընկալելի խնդիր՝ ընդդիմադիր դաշտը որեւէ նորահայտ ուժի չզիջելու նպատակ: Սակայն, եթե այս ուժերի խնդիրը ռազմավարական է, ավելին՝ եթե դրանով հետաքրքրված են նաեւ արտաքին ուժեր, ապա այդ դեպքում կարելի է ենթադրել, որ Սերժ Սարգսյանին այնքան էլ հեշտ ժամանակներ չեն սպասվում, եւ «հանդարտ» ընտրապայքարի կրակոտ անակնկալները դեռ միայն սկիզբն էին:

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728