Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀՇ-ից հեռացրել են Հրանտ Բագրատյանին պաշտպանելու համար

Փետրվար 06,2013 11:04
hrant bagratyan

Մի քանի օր առաջ ՀՀՇ Արտաշատի տարածքային կառույցի խորհրդի որոշմամբ այդ կուսակցության շարքերից հեռացրել են նույն խորհրդի անդամ Հենրիկ Ավագյանին, ով նաեւ նախագահի թեկնածու Հրանտ Բագրատյանի Արտաշատի նախընտրական շտաբի ղեկավարն է: Հենց այս փաստն էլ Ավագյանին ՀՀՇ-ից հեռացնելու որոշման պատճառ է հանդիսացել։

Հենրիկ Ավագյանին հանդիպեցինք Հրանտ Բագրատյանի կենտրոնական շտաբում, որտեղ մեզ հետ զրույցում պատմեց իր գլխով անցածը։ «Ինձ զանգահարել են շաբաթ օրը, տեղեկացրել, որ կիրակի օրը ՀՀՇ խորհրդի նիստ է։ Ես խորհրդի անդամ եմ։ Գնացի խորհրդի նիստի, իմացա, որ օրակարգում մեկ հարց է՝ ինձ ՀՀՇ-ից հեռացնելու հարցը։ Ասի ՀՀՇ-ից հեռացնելու ի՞նչ կա, պատճառն ասեք։ Ասին՝ դու պաշտպանում ես Հրանտ Բագրատյանին, նրան ես սատարում, նրա շտաբն ես ղեկավարում։ Ասի՝ ի՞նչն ա խնդիրը, ես ընդդիմադիր եմ, միակ ընդդիմադիրն էլ ՀԱԿ մաս կազմող Բագրատյանն է, իրեն եմ պաշտպանում։ Եթե ուրիշ թեկնածու կա, ասեք, նրան պաշտպանեմ»։ Զրուցակցիս խոսքով, ՀԱԿ Արտաշատի կառույցի ղեկավար Հարութ Հովհաննիսյանը, որը մինչ այդ ՀՀՇ գրասենյակն է ղեկավարել եւ նույնպես խորհրդի անդամ է, ասել է՝ եթե գնայիր, օրինակ, պաշտպանեիր Պարույր Հայրիկյանին, Արման Մելիքյանին, քեզ չէինք հեռացնի մեր շարքերից։ «Եթե դու պաշտպանեիր Մելիքյանին, ուրիշ բան։ Բայց մենք դեմ ենք, որ Բագրատյանին ես պաշտպանում»,- ասել է Հարութ Հովհաննիսյանը։ Վերջինս եւ ՀՀՇ տարածքային կառույցի ղեկավար Վիկտոր Գասպարյանը Հենրիկ Ավագյանին նաեւ ասել են, որ ՀՀՇ վարչությունում նույնպես նիստ են արել ու որոշել իրեն Բագրատյանին սատարելու համար հեռացնել կուսակցությունից, եւ իբր, որոշումը համացանցում դրված է։ ՀՀՇ Արտաշատի տարածքային խորհուրդը նաեւ չի կարողացել բացատրել, թե ինչով է կուսակցության համար Մելիքյանին կամ Հայրիկյանին նախընտրելի կարեւոր Բագրատյանին սատարելուց։ Ավելին, Ավագյանին հայտնել են, որ դա նաեւ Լեւոն Զուրաբյանի եւ Արամ Մանուկյանի ուղղակի ցուցումն է։ Ավագյանի ասելով, կուսակցության Արտաշատի կառույցի խորհրդի 11 անդամներից նիստին ներկա են եղել յոթը։ Իրենից բացի՝ ներկա մյուս վեցը, իր խոսքով, ընտանեկան բուրգ է»։ Մնացածներին չեն կանչել։

Հենրիկ Ավագյանի խոսքով, ինքը ստեղծված իրավիճակի մասին տեղյակ է պահել ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանի տեղակալին՝ Սամվելին, վերջինս տեղեկությունը փոխանցել է Մանուկյանին։ Մանուկյանը օգնականի միջոցով, ինչպես Հենրիկ Ավագյանն ասաց, պատասխանել է, որ մոտ օրերս վարչության նիստ կգումարեն, իրեն էլ կհրավիրեն պարզաբանումներ տալու։ Ամեն դեպքում, ՀՀՇ կենտրոնական գրասենյակից ասել են, որ իրենք Հ. Ավագյանին հեռացնելու որոշում չեն ուղարկել Արտաշատ։

Այս պատմության շուրջ փորձեցինք մեկնաբանություն ստանալ նաեւ ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանից։ Վերջինս հավաստիացրեց, որ տեղյակ չէ խնդրից։ Նա զարմանք հայտնեց, որ Հրանտ Բագրատյանին սատարելու համար ՀՀՇ-ից մարդ է հեռացվել, անգամ մեզնից հարցրեց հեռացվածի անուն-ազգանունը։ Մանուկյանը խոստացավ մանրամասները ճշտելուց հետո, այսօր պարզաբանում տալ։

Գագիկ ԱՂԲԱԼՅԱՆ

«Հայկական ժամանակ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Mher says:

    “Խեղճ” Հենրիկ Ավագյան, ոնց պիտի դիմանա այդ հարվածին:

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728