Լրահոս
Օրվա լրահոսը

Երեսպաշտությո՞ւն, թե՞ անտեղյակություն

Փետրվար 06,2013 10:32

Սերժ Սարգսյանը Մալաթիա-Սեբաստիա համայնքում քարոզարշավի ընթացքում երեկ հայտարարել է, թե Հայաստանում այլևս ոչ թե աշխատատեղերի խնդիր կա, այլ բարձր վարձատրվող աշխատատեղերի, քանի որ մարդիկ այլևս չեն ուզում աշխատել 150 հազար դրամով: Սերժ Սարգսյանը երևի մի պահ մոռացել է, որ ինքը Հայաստանի Հանրապետության նախագահն է, այն Հայաստանի, որտեղ մարդիկ անգամ 50-60, առավելագույնը 80 հազար դրամով են աշխատում, ընդ որում` գրեթե ստրկական պայմաններում: 

Սերժ Սարգսյանի համար բավական է ընդամենը ևս մեկ օր էլ այցելել Մալաթիա-Սեբաստիա համայնք` օրինակ, միայն թե ոչ թե իր նախագահական կորտեժով ու թիկնազորով, այլ ասենք` մի որևէ կերպ ծպտված, տեսնելու համար, թե նույն համայնքում ինչպես են աշխատում, ասենք, համայնքային օլիգարխ Սամվել Ալեքսանյանի մոտ աշխատանքի ընդունված մարդիկ: Այդ ժամանակ Սերժ Սարգսյանը երևի թե կհասկանար, որ Հայաստանում բարձր աշխատավարձերով աշխատատեղերից բացի, առաջին հերթին կա արժանապատիվ աշխատատեղերի խնդիր: Հայաստանի օլիգարխները իրենց աշխատողների ճնշող մեծամասնությանը շահագործում են բառիս բուն իմաստով, ընդ որում` դրա դիմաց վճարելով գրեթե կոպեկներ: Մարդիկ աշխատում են առավոտից երեկո, առանց բավարար աշխատանքային պայմանների, առանց հանգստյան օրերի և արձակուրդների, օլիգարխների հիմնարկներում տոտալ կերպով խախտվում են Աշխատանքային օրենսգրքի գրեթե բոլոր հոդվածները, մարդիկ նաև ազատվում են աշխատանքից կամայականություններով, առանց փոխհատուցումների:

Աշխատողների հանդեպ ցուցաբերվում է անհարգալից վերաբերմունք, որովհետև յուրաքանչյուր օլիգարխ գիտի, որ եթե տվյալ աշխատողը թքի և դուրս գա, նրա հետևից նույն աշխատատեղի համար, մեղմ ասած, ամենևին ոչ 150 հազար դրամ աշխատավարձով, այլ զգալիորեն շատ ավելի քիչ, կանգնած են հսկայական հերթեր:

Եթե Սերժ Սարգսյանը չգիտի այդ մասին, այդ ամենի մասին, ապա նա, ըստ էության, կառավարման լուրջ խնդիրներ ունի և ակնհայտ է, որ չի տիրապետում իրավիճակին, հետևաբար նա շատ այլ հարցերում է բանից անտեղյակ: Իսկ եթե գիտի, ապա ակնհայտ է, որ նա քարոզարշավի ընթացքում պարզապես զբաղված է երեսպաշտությամբ, երբ որ հայտարարում է, որ Հայաստանում մարդիկ այլևս չեն ուզում աշխատել 150 հազար դրամով: Դա երեսպաշտություն է, որովհետև Հայաստանում մարդիկ հերթ են կանգնում աշխատատեղի համար, որի համար գոնե 80-90 հազար են վճարում:

Հայաստանում այս խնդիրը` արժանապատիվ աշխատավարձով և արժանապատիվ աշխատանքային պայմաններով աշխատատեղերի խնդիրը արդեն վաղուց օրակարգային է և պահանջում է ֆունդամենտալ լուծում: Երեսպաշտության փոխարեն, Սերժ Սարգսյանը միգուցե բաց երեսով պատասխանատվություն ստանձնի այդ խնդիրը՝ աշխատողների պաշտպանվածության, արժանապատվության, մարդկային աշխատանքային պայմանների խնդիրը, լուծելու համար, առաջարկի լուծումներ: Սա կարևորագույն հասարակական խնդիր է, որի հետևանքով Հայաստանի Հանրապետության առանց այդ էլ ժողովրդագրական լուրջ խնդիրներ ունեցող բնակչության մոտ առաջանում են նաև հոգեբանական չափազանց ծանր դրսևորումներ, որոնք բարդույթավորում են հասարակությանը և կաթվածահար անում հանրային օրգանիզմի կենսունակությունը` թե° մտավոր, թե° ֆիզիկական իմաստով:

«Ժամանակ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728