Լրահոս
Օրվա լրահոսը

Խնամված ահաբեկչության զոհն ու դահիճը

Փետրվար 06,2013 10:25

Նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանը որոշեց չդիմել Սահմանադրական դատարան։ Ընտրությունները կկայանան սահմանված ժամկետում։ Ինչ-որ մարդիկ Հայրիկյանին համոզել են, որ նա իր հեղինակության գագաթնակետին է, և ավելի հարմար ժամանակ ընտրություններում, առնվազն երկրորդ տեղ գրավելու համար, չի լինելու։ Այստեղ տրամաբանություն կա։ Հայրիկյանի մասին հիմա իշխանամետ մամուլն ավելի շատ է գրում, քան Սերժ Սարգսյանի մասին։

Մի փամփուշտ այսօր Հայրիկյանի համար անում է ավելին, քան վերջինիս կենսագրությունն ու ապագա Հայաստանի մասին նրա ծրագրերը։ Ըստ էության, Պարույր Հայրիկյանն անձնական հարց լուծեց ՍԴ չդիմելով։ Սակայն բոլորովին անհարմար իրավիճակ ստեղծվեց մյուս թեկնածուների համար. չէ՞ որ նրանք իրենց հերթին նպաստեցին, որ Հայրիկյանի հեղինակությունը մեծանա։ Կրակոցի օրը կանգնելով Պարույր Հայրիկյանի կողքին՝ նրանք, այսպես ասած, իրենց անձը ծառայեցրին վիրավորված թեկնածուի քարոզարշավին։ Նրանք սկսեցին խոսել Պարույր Հայրիկյանի մասին, ավելին՝ գտան, որ նրա համար ստեղծվել է անհաղթահարելի խոչընդոտ քարոզարշավը շարունակելու համար։ Այսօր Պարույր Հայրիկյանն այդպես չի կարծում։ Ըստ նրա՝ անհաղթահարելի խոչընդոտ չկա։ Զուտ մարդկային առումով՝ Հայրիկյանը ճիշտ է, նա այս օրերին հասցրել է հիվանդանոցային անկողնուց վեր կենալ և մեկ ժամով գնալ Դավթաշենի իր ամառանոց։ Այսինքն՝ ի վիճակի է անկողնուց վեր կենալ, երկար ճանապարհ անցնել, շարժվել, խոսել և պառկել։ Սակայն ընդունելով, որ կա անհաղթահարելի խոչընդոտ՝ Հայրիկյանը հարվածի տակ կդներ իշխանությունների «ապահով» ընտրություններ կազմակերպելու անճարակությունը։ Այսինքն՝ իշխանությունը ստիպված պիտի լիներ ամեն ինչ անել մյուս յոթ թեկնածուներով զբաղվելու համար, հետևաբար մյուս յոթ թեկնածուները ավելի ու ավելի շատ կլինեին հասարակության ուշադրության կենտրոնում, նրանք հնարավորություն կունենային առնվազն 15 օր ավելի ընդդիմադիր երևալ, եթե նույնիսկ այդպես չէ։

Հայրիկյանն ասում է, որ ինքը քրիստոնյա է, իսկ քրիստոնյան մի քիչ էլ մտածում է ուրիշների մասին։ Սահմանադրական դատարան չդիմելու որոշումով նա, իհարկե, իրենից բացի, մեկի առջև ծառացած խոչընդոտներն էլ վերացրեց, և այդ մեկը Սերժ Սարգսյանն էր։ Այդ նա է «ապահով Հայաստանի» տեսլականի հեղինակը։ Սահմանադրական դատարան չդիմելու մասին որոշումով Հայրիկյանը ցույց տվեց, որ Սերժ Սարգսյանի «տեսիլքն» աշխատող տեսիլք է։ Մյուս կողմից՝ Հայրիկյանը ցույց տվեց, այսինքն՝ հասարակությանը հասկացրեց, որ ինքը ավելի խոշոր ահաբեկչության էր սպասում, այնպիսին, որը կաշխատեր նաև այդ չնախատեսված 15 օրը։ Նա հասարակությանը հասկացրեց, որ չարժե այսպիսի «խնամված ահաբեկչության» համար ընտրություններ հետաձգել։ Ուրիշ բան, որ ինքը մի յոթ օր բերանը բացելու հնարավորություն չունենար։ Իսկ այն, որ մնացած յոթ թեկնածուները, իրենց բան ու գործը թողած, առնվազն երկու օր իրենով էին զբաղված, իրեն հետաքրքիր չէ։ Բայց նախագահի թեկնածուն հաշվի չի առել մեկ բան՝ իր լռությունն ավելի շատ կաշխատեր իր օգտին, քան խոսքը։ Նա պետք է հիվանդանոցում 15 օր պառկած մնար և չխոսեր՝ ցույց տալով, որ վիճակն օրհասական է։ Դա չափազանց շատ բան կփոխեր։

Իսկ այսօր Հայրիկյանը մեկ օրում երեք միմյանց հակասող հայտարարություններ է անում, որոնք անլրջացնում են և՛ ընտրարշավը, և՛ այն պահում, այսպես ասած, անվտանգ միջոցառումների շարքում։ Ինքը՝ Պարույր Հայրիկյանը, մինչև ընտրությունների օրը՝ փետրվարի 18-ը, այսպիսի հայտարարություններով, թե ում է, ասենք, կասկածում այդ ահաբեկչության մեջ, մսխելու է այն վարկանիշը, որը ձեռք էր բերել այն պահին, երբ հայտնի դարձավ, որ նրա վրա կրակել են։

Հայրիկյանը վարկանիշ աճեցնելու երկու տարբերակ ուներ՝ լինել ահաբեկված և որպես այդպիսին մնալ հանելուկային։ Հանելուկայինի մեջ տառապյալի և իշխանությունների գլխավոր թիրախի ֆենոմենը կարող էր լինել։ Այսօր Հայրիկյանն այդպիսին չէ, այսօր նա իր դեմ կատարված ահաբեկչության զոհն ու դահիճն է՝ առաջին դեպքում մարդ էր, որն արյուն կորցրեց, երկրորդ դեպքում՝ մեկը, ով դահճի նման հողին հավասարեցրեց այն, ինչ ձեռք էր բերել զոհի դեմքով։

«Օրակարգ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728