Երեկ ուշ երեկոյան Վալանս քաղաքի «Ժորժ Պոմպիդու» ստադիոնում կայացած ֆուտբոլի Լյուքսեմբուրգ-Հայաստան ազգային հավաքականների ընկերական խաղում կողմերը մեկական գոլ են փոխանակել:
ՀՖՖ լրատվական բաժնի պետ Տիգրան Իսրայելյանը տեղեկացնում է, որ խաղի սկիզբը սիմվոլիկ հարվածով արձանագրել է Վալանսի քաղաքապետ Ալեն Մորիսը, որից հետո կողմերն սկսել են պայքարը: Ըստ աղբյուրի, մեր ընտրանին առաջին խաղակեսում եւ երկրորդի սկզբնամասում տարածքային եւ խաղային առավելություն են ունեցել, որին մրցակիցը պատասխանել է սուր հակագրոհներով: Դրանցից մեկն էլ 14-րդ րոպեին ավարտվել է դարպասի գրավումով: Հաշիվը բացել է Մարիո Մյուտշը: Բաց թողած գոլից հետո մեր ֆուտբոլիստները շարունակել են նախաձեռնությունն իրենց ձեռքում պահել եւ հանդիպման 42-րդ րոպեին Էդգար Մանուչարյանը (լուսանկարում՝ սպիտակ մարզազգեստով) գլխի հարվածով հավասարեցրել է հաշիվը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ