Նախագահի թեկնածուն մասնակցում էր բրիտանական էպոսի հայերեն թարգմանության շնորհանդեսին:
«Անհրաժեշտ է համեմատականներ տալ բրիտանական եւ հայոց էպոսների միջեւ: Բրիտանական էպոսը ժամանակագրական առումով որեւէ սահմաններ չունի՝ այն պատմական փաստ չէ, ինքն իրենով ազատ ու անկաշկանդ չէ»,-այսօր բրիտանացի բանահավաք Ռոջեր Լանսելին Գրինի «Արթուր Արքան եւ կլոր սեղանի ասպետները» գրքի հայերեն թարգմանված տարբերակի շնորհանդեսի ժամանակ նշեց «Չորրորդ հանրապետություն» կուսակցության նախագահ Էդուարդ Աբրահամյանը:
Կուսակցության նախագահի խոսքով` գրքում առաջաբան չկա՝ դրանով հնարավորություն է ստեղծվում ընթերցողին ինքնուրույն եզրակացությունների գալ.«Յուրաքանչյուր ազգի էպոս ժամանակի մեջ հավերժ է: Մենք տեսնում ենք հետաքրքիր պայքար ավանդապատում, որի մեջ տեղավորվում են այն տիեզերական սկզբունքները, որոնք առկա են մի շարք ժողովուրդների էպոսներում»:
Նրա պնդմամբ` Արթուր արքայի ուսուցիչ Մեռլինը գրքում քարոզում է արդարություն, ճշմարտացիություն, նա ոչ միայն ուսուցանում է, այլեւ ասում, որ արդար մարդիկ են տեղ գտնում սեղանի շուրջ: Մենք սովորում ենք ճշմարիտ ու արդար լինել բոլորի հանդեպ, արդար սեփական ժողովրդի եւ ինքդ քո հանդեպ, աստվածապաշտ ու հավատով լեցուն:
Հայագետ Սերգեյ Սիմոնյանի համոզմամբ գիրքն ունի աստվածային իմaստություն` 12 ասպետներն ու կլոր սեղանն էլ խորհրդանշում են կենդանակերպի շրջանը.«Ազգային ավանդապատումները իրար հետ կապված են: Պետք է մշտապես ուսումնասիրել եւ որպես ուղեցույց պահել, դրանք մնայուն գործեր են: Գրքի հերոսները մի ամբողջություն են, օրգանիզմ, կան լուսավոր ու դրական հերոսներ, կան մութ ու սեւավորներ, սակայն նրանք կապված են, որեւիցէ մեկի բացակայության դեպքում ամեն ինչ զրոյանում է»:
Էպոսագետ Վարդան Սեդրակյանը նույնպես ներկա էր գրքի շնորհանդեսին: ՀՀ նախագահի թեկնածուն Aravot.am-ի հետ զրույցում նշեց, որ երիտասարդները մեծ աշխատանք են կատարել, համեմատականներ անցկացնելով բրիտանականի կողքին դրել են հայկականը.«Մեր սերունդը օրերից մի օր չի լինի: Ինչպես ցանկացած գիրք, այս մեկն էլ իր գնահատականին արժանի է: Գրականությունը պետք է գրքի տեսքով լինի, ես հակված եմ դրան, էլեկտրոնային ընթերցանությունը երբեք չի համեմատվի տպագիրի հետ: Գիրքն իր խորհուրդն ունի»:
Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ