Լրահոս
Օրվա լրահոսը

Սամվել Թանգյան. «Սյունիքի արոտավայրերը չօգտագործելու դեպքում էլ վտանգ կա»

Փետրվար 05,2013 22:12

Բնապահպանները համոզված են, որ Սյունիքի արոտավայրերը իրանացիներին վարձակալությամբ տալը անթույլատրելի է, իսկ Սյունիքի մարզպետարանի գյուղվարչության պետը հակառակ կարծիքին է

Samvel Tangyan«Առավոտը» փորձեց Սյունիքի մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Սամվել Թանգյանից (լուսանկարում) որոշ պարզաբանումներ ստանալ` վերջերս մեծ հնչեղություն ստացած եւ բնապահպանների ու ակտիվիստների մտահոգությունների առիթ դարձած այս տարվա հունվարի 15-ին Իրանում ստորագրված  հայ-իրանական երկկողմ համաձայնագրի վերաբերյալ:

Գյուղատնտեսական ոլորտում Արեւելյան Ատրպատական նահանգի եւ Սյունիքի մարզի հետագա համագործակցության նպատակներով երկուստեք ստորագրված փաստաթղթի համաձայն` Իրանից պետք է անասուններ փոխադրվեն Սյունիքի մարզի արոտավայրեր արածեցնելու, իսկ իրանական կողմին այդ նպատակով  անհրաժեշտ է ոչ պակաս 50 հազար հա տարածք: Նախնական պայմանավորվածությամբ` Սյունիքի մարզի արոտավայրերը կվարձակալվեն  5 տարի ժամկետով`  հետագայում այն  մինչեւ 10 տարի ժամկետով երկարացնելու հնարավորությամբ: Սյունիքի արոտավայրերի անխնա օգտագործման եւ այդքան տարածքների հետագա ոչնչացումը, իրանական ոչխարների վարակիչ հիվանդությունների տարածման մեծ ռիսկերը լուրջ խնդիր են համարում բնապահպաններն ու անասնաբույժները:  Իսկ Սյունիքի մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Սամվել Թանգյանը հավաստիացնում է, որ այդ համագործակցությունը որեւէ վտանգ չի պարունակում իր մեջ, համապատասխան հսկողություն է իրականացվելու ողջ ընթացքում, իսկ համագործակցությունը շահավետ է լինելու  Սիսիանի եւ Գորիսի տարածաշրջանների գյուղական համայնքների համար:

«Մենք ունենք տեսչություններ, արոտների պահպանման մշակված օրենքներ, անասնաբուժական միջոցառումներ եւ իրենք պետք է ենթարկվեն մեզ մոտ գործող  բոլոր օրենքներին: Նույն անասնաբուժական միջոցառումներին իրենց անասուններն են ենթարկվելու:  Իրենց միջոցներով, բայց կսուգվեն մեր լաբորատորիայում, եւ ամեն ինչ կարվի մեր տեղի անասնաբույժների մասնակցությամբ ու հսկողությամբ: Քնարկումներ եղել են համայնքների ղեկավարների հետ, պատվիրակության կազմում միեւնույն ժամանակ եղել են համայնքների ղեկավարներ: Նախքան համաձայնագրի ստորագրումը` մենք Գորիսի  եւ Սիսիանի համայնքների ղեկավարների հետ քննարկել ենք այդ հարցը: Համաձայնագիրը դեռեւս պայամանգիր չէ, պայմանագիրը պետք է կնքի համայնքը: Եւ մեր համաձայնագրի մեջ  ամենագլխավոր կետերից մեկն այն է, որ մենք մանր եղջերավորներ շատ ունենք, նախ իրենք մեզանից անասնագլխաքանակի գնում պետք է կատարեն, իսկ երբ պակաս կլինի, այդ դեպքում Իրանից անասնագլխաքանակ կբերեն», – նշեց Սամվել Թանգյանը: Գյուղվարչության պետի խոսքով` կան համայնքներ, որոնք ունեն 500-600 հա չօգտագործվող արոտներ եւ այդ տարածքները վարձակալությամբ տրամադրելու դեպքում` նյութական օգուտ կունենան (կարող են փոխարինել նաեւ գյուղտեխնիկայով):  Իսկ գումարը, յուրաքանչյուր հա-ի դիմաց նախնական 25 դոլար է նախանշվել: Նախքան այդ, համայնքներում հասարակական լսումներ պետք է անցկացվեն: «Առանց համայնքի ժողովրդին եւ ավագանուն տեղյակ պահելու` համայնքի ղեկավարն  իրավունք չունի  վարձակալության տալու հողերը:  Եթե համայնքի ավագանին, համանյքի ժողովուրդը կհամաձայնվեն, պայմանագրերը կկնքվեն:  Նույնիսկ կարող է մրցույթ հայատարարվի, որ 500 հա արոտները աճուրդով տրվում են վարձակալությամբ», – ավելացրեց պարոն Թանգյանը եւ անդրադառնալով բնապահպանների այն հայտարարություններին, որ արոտների ոչնչացման վտանգ է լինելու, վերջինս ներկայացրեց  նաեւ հակառակ տեսակետը:

«Արոտները չօգտագործելու վտանգ էլ կա: Երբ  արոտը չի օգտագործվում, այդ խոտը մնում է եւ թափոն է դառնում`  նեխում է, շիմակալում է եւ  ինչքան էլ  ասեն արոտներն օգտագործելը վնաս է, համենայնդեպս, արոտները չօգտագործելու վնաս էլ կա:  Մենք ունենք մշակված կարգ եւ մեր գործող օրենքի համաձայն են մեր արոտներում արածեցնելու իրենց անասունները: Անհրաժեշտության դեպքում արոտների բարելավում կկատարեն, միեւնույն ժամանակ իրենք պատրաստ են ջրարբիցում կատաելու, բարելավելու տարածքը, որտեղ որ խոտածածկը պակաս է` նաեւ  սերմելու: Առայժմ համաձայանգիր է ընդամենը, կարող է իրականում  իրենք չուզենան էլ: Այս պահին արոտները ձյունածածկ են հիմնականում, մարտի կեսերին կամ ապրիլի սկզբներին նրանք կգան եւ կծանոթանան տեղանքին, եթե համայնքներն էլ համաձայնվեն` պայամանագիր կկնքեն», – ավելացրեց Սամվել Թանգյանը: Օրերս Կապան այցելած ԻԻՀ Արեւելյան Ատրպատականի նահանգապետ Ալիզեռա Բեյգը նույնպես անդրադարձել է գյուղատնտեսական ոլորտում նախատեսված  համագործակցությանը եւ մատնանշել մի քանի  ուղղություններ:

«Մեզ մոտ լավ գյուղատնտեսական տեխնիկա է արտադրվում, եւ նկատի ունենալով, որ այստեղի տնտեսությունը գյուղատնտեսական եւ անսնապահական տնտեսություն է, գյուղացիական տնտեսությունները կկարողանան լավ բերք ստանան եւ մեր արտադրանքերն էլ կվաճառվեն: Համատեղ գյուղատնտեսական  ընկերություններ կտեղծենք միասին աշխատելու համար, մանավանդ կկարողանանք մեր կարիք եղած անասնակերը ՀՀ-ի տարածքից  ապահովել: Մենք հավատացած ենք, որ նախ մեր հարեւանին պետք է օգուտ հասցնենք, հետո` մեր շահը ձեռքբերենք», – լրագրողներին տված հարցազրույցի ժամանակ ասել էր Կապան այցելած Ալիզեռա Բեյգը:

Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728