Լրահոս
Օրվա լրահոսը

Պահանջում էին անհապաղ ազատ արձակել Անիի նախկին ոստիկանապետի որդուն

Փետրվար 05,2013 19:50

Այսօր  Շիրակի  մարզի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց Վարդան Ղուկասյանի դստեր փեսացուի սպանության գործով դատավարությունը:

Մասնակիցների  մուտքը դատարանի դահլիճ  բավականին բարդացրել էին, բնականաբար,  ելնելով անվտանգության նկատառումներից: Կարգադրիչները, շրջափակելով դահլիճի դուռը, հատ-հատ  ստուգում էին պայուսակները, հագուստները, գրպանները, նոր միայն թույլատրում ներս մտնել:  Պատճառը, ամենայն հավանականությամբ,  այն էր, որ նախորդ դատական նիստը անցավ  շիկացած մթնոլորտում, անեծքներով, վիրավորանքներով ,  և դատավոր  Մարտին Սարոյանին  բավականին դժվար էր զսպել թե տուժողի,  և թե մեղադրվողի հարազատներին:

Այսօրվա դատական նիստի ժամանակ  նման միջադեպեր չարձանագրվեցին:  Հիշեցնենք, որ անցած  տարվա ապրիլի 12-ին` Գյումրու նախկին քաղաքապետի ավագ դստեր` Մանյայի ու Կարեն Եսայանի նշանադրության օրը, դաժանաբար սպանել էին փեսացուին: Այժմ այս գործով մեղադրվում է Անի նախկին ոստիկանապետի որդին`1983 թվականին ծնված Հարություն Սարգսյանը: Նրան մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի երկու հոդվածներով` 104 հոդվածի 1-ին մասով՝ սպանություն կատարելը և 188 հոդվածի 1-ին մասով` ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելը:

Հարություն Սարգսյանի փաստաբան Լուսինե Սահակյանը միջնորդություն ներկայացրեց դատարանին` պահանջելով անհապաղ ազատ արձակել իր պաշտպանյալին, փոխել նրա խափանման միջոցը: Փաստաբանը պնդում էր, որ Հարությունին ապօրինաբար են անազատության մեջ պահում, և որ դատարանը, խափանման միջոցը ընտրելիս, որևէ փաստական հանգամանք հաշվի չի առել: Ավելին, լրացել է ամբաստանյալին կալանքի տակ պահելու ժամկետը, սակայն նա ազատ չի արձակվել:

Փաստաբանը մեջբերեց  նախադեպեր Եվրադատարանի վճիռներից, համաձայն որի, նման դեպքում ամբաստանյալը պետք է ազատ արձակվեր:  Գլխավոր դատախազության ավագ դատախազ Արմեն Մարուխյանը, բնակաբար, առարկեց այդ միջնորդությանը` նշելով, որ վերջինս մեղադրվում է Քրեական  օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով, հետևաբար և բարձր է  գնահատվում այն հնարավորությունը, որ  նա ,  գտնվելով ազատության մեջ, կխուսափի պատասխանատվությունից և կխոչընդոտի նախաքննության ընթացքը: Փաստաբան  Լուսինե Սահակյանը  նկատեց, որ Եվորպական դատարանի նախահիմքերը ցույց են տալիս, որ հանցանքի ծանրությամբ չի կարելի պայմանավորել  հիմքը: Դատարանը առանձնացավ խորհրդակցական սենյակ ` որոշում կայացնելու: Այն տևեց ուղիղ 2 ժամ: Նշենք, որ մինչ այդ կես ժամով անընդմեջ ընդմիջվում էր դատական նիստը: Այն թեև նշանակված էր ժամը 12.00-ին , սակայն դատավորից բացի ոչ մեկը ճիշտ ժամին չէր ներկայացել նիստին:

Մարտին Սարոյանը ստիպված եղավ սպասել  փաստաբաններին ու երկու կողմերի հարազատները : Դատը սկսվեց 12.30-ից `տևելով մինչև 17.00-ն: Դատարանը մերժեց փաստաբան Լուսինե Սահակյանի` Հարություն  Սարգսյանին անհապաղ ազատ արձակելու  միջնորդությունը` գտնելով, որ նա կարող է թաքնվել և խոչընդոտել նախաքննության ընթացքը: Ամբաստանյալի շահերը պաշտպանելու  համար երկու փաստաբաններին  միացավ նաև երրրոդը` Հունան Բաբայանը, ով դատարանին խնդրեց 10 օր ժամանակ տալ գործի նյութերին ծանոթանալու համար: Դատը հետաձգվեց մինչև փետրվարի 27-ը:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728