Լրահոս
Օրվա լրահոսը

Աղվան Վարդանյան. «Միջազգային հարաբերությունները ինչպե՞ս կարող են նման կիսագրագետ ու սիրողական մոտեցումներով դրսևորվել»

Փետրվար 05,2013 17:41

ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանի հայտարարությունը

Զանգվածային լրատվամիջոցները  հրապարակել են  երկու փաստաթուղթ: Մեկ հուշագիր և մեկ համաձայնագիր՝ ստորագրված Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի և մեր բարեկամ Իրանի Իսլամական Հանրապետության Ատրպատական նահանգի ներկայացուցիչների կողմից:

Ըստ դրանց՝ նախատեսվում է Սյունիքի մարզից 52.000 հեկտար վարձակալության տալ իրանական կողմին՝ անասուններ տեղափոխելու և արածացնելու նպատակով: Ժամկետը 5-ից 10 տարի է: Մեկ հեկտարի վարձավճարը սկզբում անհայտ է, հետագայում աճելով՝ մինչև 25 դոլար:    Գոնե հայերեն տարբերակում՝ կիսագրագետ, դասական ուղղագրությամբ, բազմաթիվ հարցական-անորոշություններով փաստաթղթեր են:

Մենք վաղը,  Ազգային ժողովում,  կփորձենք պարզաբանումներ ստանալ կառավարությունից: Դաշնակցության Սյունիքի մարզային կոմիտեն արդեն իսկ հանդես է եկել հայտարարությամբ՝ իր  մտահոգություններն ու տարակուսանքը հայտնելով: Սոցիալական ցանցերում խնդիրն ակտիվորեն քննարկվում է:

Ի՞նչ է սա նշանակում: Ի վերջո,  հարցը պետության տարածքի մի մասը վարձակալությամբ տալուն է վերաբերում: Որքանո՞վ է տեղին տարածքային մարմինների նման՝ չակերտավոր ինքնագործունեությունը: Եթե կայանա,   այդ գործարքից ի՞նչ է շահելու մեր պետությունը, շահելու՞, թե՞ կորցնելու են այդ տարածքների հարակից գյուղացիական տնտեսությունները, ի՞նչ է լինելու քաղաքական, հոգեբանական, բնապահպանական հետևանքը:

Ես չեմ անդրադառնում վարձակալության համար սահմանված անորոշ գումարին. ինչ գումար էլ սահմանված լինի, նախ պետք է հաշվի առնել խնդրի ռազմավարական նշանակությունը և մեր երկրին սպառնացող ռիսկերը:

Ի վերջո, հարց է առաջանում, եթե այս վարձակալությունը ձեռնտու է  իրանական կողմին, և մենք ունենք նման մասշտաբի ազատ արոտավայրեր, ինչու՞ ինքներս չենք սուբսիդավորում կամ ցածր տոկոսադրույքով վարկեր տրամադրում մեր գյուղացիներին, ինչու՞ պետությունը չի ապահովում մսամթերքի և կաթնամթերքի երաշխավորված իրացում, ինչու՞ մեր գյուղացին կամ տնտեսավարողները իրենց ուժերով չեն կարող զարգացնել անասնապահությունը: Ինչու՞ չենք ուզում  երկիրը լքել ցանկացող գյուղացու փոխարեն սոցիալապես ավելի ապահով բնակչություն և զարգացած անասնապահություն ունենալ:

Այդուհանդերձ կա հարցերի հարցը՝ միջազգային հարաբերությունները ինչպե՞ս կարող են նման կիսագրագետ ու սիրողական մոտեցումներով դրսևորվել: Կիսաթաքուն այս գործելաոճը որքանո՞վ է համապատասխանում իրավական, ժողովրդավարական պետության մեր կարգավիճակին:

Սրանք հարցերն են: Գնահատականը՝ կառավարության պարզաբանումներից հետո:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728