Լրահոս
Օրվա լրահոսը

Բագրատյան. «Ռոբերտն եկավ, ասեց՝ բացում եմ աշխատատեղ, Սերժը փակեց»

Փետրվար 05,2013 16:50

«Ոստիկանները հետեւում են ինձ: Կխնդրեի ոստիկանապետին, որ ինձ մի պաշտպանեք, իմ կարգուկանոնը մի պաշտպանեք: Մենք մեր հանրահավաքների ցանկը կտանք, մի վախեցեք, մենք ինքներս ի վիճակի ենք մեր կարգուկանոնը պաշտպանելու»,- այսօր «Ազատություն» կուսակցության նախագահ Հրանտ Բագրատյանն արմավիրցիների հետ հանդիպման ժամանակ այսպիսի հորդորով դիմեց Վլադիմիր Գասպարյանին:

Նա հիշեցրեց, թե Սերժ Սարգսյանն ինչ է խոստացել 5 տարի առաջ ու չի արել. «Կուզեի, որ վաղը իրա հետ հանդիպմանը դուք գայիք, ոչ թե չինովնիկները ու ասեիք՝ այ ընկեր, բան ես խոստացել՝ պիտի անես»:

Ներկայացնելով իր նախընտրական ծրագրերը՝ Հրանտ Բագրատյանը նշեց, որ նոր սկսվող բիզնեսի համար մինչեւ 5000 դոլարի վարկի տոկոսը պետությունն է մարելու: «Պիտի վերացնենք էս բանկերի մոնոպոլիան: Մարտի 2-ին դրամն արժեզրկվեց, ոչ մեկի փողը, քաղաքների ավանդները չկոմպենսացրեցին, ամբողջ ռիսկը մնաց ժողովրդի վրա: Ես սա վերացնելու եմ, էս խաղերը պիտի վերանա: Սերժ Սարգսյանն ու Տիգրան Սարգսյանը, իրանք չեն ուզում սա վերացնեն, իրանք ուզում են իրենց տասը տղաները լինեն, կառավարեն բանկերը»:

Դիմելով արմավիրցիներին, նա կոչ արեց, որ չմոտենան իրեն ու չասեն, որ ոստիկանները հսկում են, վախենում են գալ հանդիպման:

«Մեռնում-գնում ենք, էդ ավանդները խի՞ չեն վերադարձնում»,- հետաքրքրվեց արմավիրցիներից մեկը:

Հրանտ Բագրատյանը տեղեկացրեց, որ ապլիկացիաներով կձեւակերպեն ու կմարեն, թե ինչքան տարում՝ չի կարող ասել. «Մի 10-12 տարում կմարենք, մանանա չեմ խոստանում»:

Մի մարդ հարցրեց՝ երբ ընտրվեք նախագահ, ի՞նչ եք անելու առաջին քայլը, արտագաղթը…բան: Նա պատասխանեց, որ այնպես չի, որ ինքը մի անգամ գոռա՝ արտագաղթի հարցը կլուծվի. «Առաջին օրը փոխելու ենք մաքսային ծառայության պետին»:

Հրանտ Բագրատյանը նաեւ ասաց, որ «ի տարբերություն Սերժի, ես չեմ ասում, թե ապահով Հայաստան կստեղծեմ: Այդ ապահով Հայաստանը դուք կստեղծեք, հասկանո՞ւմ եք: Իմ մոտեցումն ավելի գրագետ է: Ռոբերտը եկավ, ասեց՝ բացում եմ աշխատատեղ, Սերժը նրա աշխատատեղերը փակեց, հիմա իրենն է բացում»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728