2012 թվականի տվյալներով, շուրջ 13.000 ուսանողներ ավարտել են բակալավրիատը: Եթե վերցնեք խոշոր բուհերը և փորձեք նրանց կայքերում տեղեկություն գտնել շրջանավարտների աշխատանքի տեղավորման մասին, թե քանի՞ հոգի են աշխատում իրենց մասնագիտությամբ, ի՞նչ գործունեություն են ծավալում այսօր, ապա չեք գտնի. «Պատկերն այսպիսին է, քանի որ բուհին չի հետաքրքրում, որովհետև դա բուհի խնդիրն էլ չի, նրան ինչ հետաքրքիր է՝ ընդունվել ես, վճարի և վերջ: Բուհը պատրաստում է դիպլոմավորված գործազուրկներ»,-այսօր այս մասին «Ֆորում» մամուլի ակումբում ասաց «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանը:
Ըստ բանախոսի, սա լուրջ խնդիր է, որի մասին բարձրաձայնող չկա: Ծնողը իր վերջին կոպեկները տալիս է այդ թուղթը ստանալու համար, որը, ցավոք, չի երաշխավորում նրան աշխատանք: Բլեյանը համոզված է, որ սա շարունակվելու է նաև 2013 թվականին. «Այ կտեսնեք, դիմորդների թիվը կպակասի և դրա փոխարեն կավելանան ընդունելության տեղերը: Կլինեն թափուր տեղերը, քանի որ դիմորդները քիչ կլինեն»:
Մեր այն հարցին, թե կրթական համակարգում որո՞նք են այն երեք հիմնական խնդիրները, որ անհապաղ լուծման կարիք ունեն, պրն Բլեյանը պատասխանեց. «Կրթական ոլորտում խնդիրները շատ-շատ են, բայց ինձ համար առաջնային երեք հիմնական խնդիրներից մեկը ձևականությունն է, որ բովանդակությունից զուրկ ձև է: Երկրորդը` կեղծիքն է, որն առկա է կրթության մեջ և երրորդը` պարազիտությունը: Այս երեք խնդիրները ես կհամարեի նաև ոչ միայն կրթական, այլև հասարակական»,-ասում է Բլեյանը:
Նա համամիտ չէ այն տեսակետի հետ, որ բուհերը մասնագետներ տալու փոխարեն պատրաստում են կրթված անձինք. «Ես դա համարում եմ նույնականացում, ինչպես հաճախ անում են բուհերը»:
Կարդացեք նաև
Քրիստինա ՄԻՐԶՈՅԱՆ