Հեռուստահաղորդավարուհի Թինա Կանդելակին և «Էռ Տե» հեռուստատեսության գլխավոր խմբագիր, լրագրող Մարգարիտա Սիմոնյանը «Էն Տե Վե» հեռուստաալիքով համատեղ կվարեն «Երկաթե լեդի» (երկաթե լեդիներ) քաղաքական թոք-շոու հաղորդումը: Գրում է «Նյուզ ռու» պարբերականը՝ հղում անելով «Ինտերֆաքսին»:
Հաղորդումն առաջին անգամ եթեր դուրս կգա փետրվարի 17-ին, այն կհեռարձակվի ուղիղ եթերով:
Հաղորդման ժամանակ լինելու են իրար դեմ երկու տարբեր կողմեր, հաղորդավարուհիներից յուրաքանչյուրը լինելու է կողմերից մեկի հետ: «Էն Տե Վի»-ի կայքում գրված է, որ հաղորդավարուհիները կպաշտպանեն իրենց դիրքորոշումներն այնպես, ինչպես հյուրերը, այլ ոչ թե հանդես կգան իբրև մրցավարներ, ինչպես ընդունված է ռուսական թոք-շոուներում:
«Անձամբ ես այլևս չեմ կարող բոլոր կողմերից հիմարություններ և թաքնված քարոզչություն լսել: Տաղտկալի է լուռ նստել, եթե ինչ-որ բաներ գիտես, տեսնում ես, թե ինչպես է ամեն ինչ սխալ մեկնաբանվում ու ուզում ես պատմել, թե ինչ է իրականում տեղի ունենում», – Սիմոնյանի խոսքերն է փոխանցում հեռուստակայանի կայքը:
Կարդացեք նաև
«Քաղաքական քննարկումներում մենք անընդհատ տուրք ենք տալիս հույզերին: Ու թեպետ ես ինքս շատ զգացմունքային մարդ եմ, սակայն հեռուստաեթերում քաղաքական քննարկումների մակարդակը բարձրացնելու համար առաջին հերթին փաստեր են հարկավոր: «Երկաթե լեդիներ»-ը հիմնված կլինի փաստերի վրա: Սակայն համոզիչ հույզերով», – ասել է Կանդելակին:
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ