Լրահոս
Օրվա լրահոսը

Նոր ձերբակալություններ Բաքվում

Փետրվար 05,2013 16:18
Ադրբեջանցի իրավապահների պնդմամբ, հունվարի վերջին Իսմայիլլի քաղաքում տեղի ունեցած հուզումների եւ ոստիկանության հետ բախումների գլխավոր մեղավորը ընդդիմության առաջնորդներն էին:

Այդ իսկ պատճառով մի քանի ժամ տեւած հարցաքննությունից հետո Բաքվի Նասիմիի շրջանի դատարանը երեկ ուշ երեկոյան վճռեց երկամսյա նախնական կալանքի դատապարտել ընդդիմադիր «Մուսավաթ» կուսակցության փոխնախագահ Թոֆիկ Յաղուբլուին եւ «Հանրապետական այլընտրանք» քաղաքացիական շարժման առաջնորդ, Եվրոպայի խորհրդի հովանու ներքո Բաքվում  գործող քաղաքագիտական դպրոցի ղեկավար Իլգար Մամեդովին: Վերջինի դեպքում իրավիճակն ավելի քան երկիմաստ է ու սկանդալային, քանի որ նրա ղեկավարած քաղաքական ուժը որոշել էր հենց Մամեդովին որպես թեկնածու առաջադրել հոկտեմբերին կայանալիք նախագահական ընտրություններում:

Դատախազությունը Յաղուբլույին եւ Մամեդովին մեղադրանք է առաջադել Քրեական օրենսգրքի միանգամից երկու հոդվածների հատկանիշներով` «հասարակական կարգի խախտմանը հանգեցրած գործողությունների կազմակերպում» եւ «դիմադրություն իշխանության ներկայացուցիչներին»:

Այն, որ Իսմայիլլի քաղաքում տեղի ունեցած անկարգությունների մեղքը իշխանությունները փորձելու են բարդել հենց ընդդիմադիր գործիչների վրա, պարզ դարձավ դեռ հունվարի 29-ին, երբ Ադրբեջանի Գլխավոր դատախազությունն ու Ներքին գործերի նախարարությունը հանդես եկան համատեղ հայտարարությամբ, որում պնդում էին, թե «Յաղուբլուն եւ Մամեդովը հունվարի 24-ին Բաքվից ժամանել էին Իսմաիլի` հրահրելով տեղի բնակիչներին անօրինական գործողությունների, մասնավորաբար, կոչ անելով նրանց չենթարկվել իշխանություններին, դիմադրություն ցուցաբերել ոստիկանության աշխատակիցներին, փակել ճանապարհները»:

 

Կալանավորված քաղաքական գործիչների փաստաբանները պնդում են, որ թե’ Մամեդովը եւ թե’ Յաղուբլուն կտրականապես հերքում են իրենց ներկայացված մեղադրանքները:

«Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայության հետ զրույցում փաստաբան Ֆուադ Աղայեւը նշել է, որ ընդդիմադիր գործիչները տեղեկատվական վակուումի պայմաններում հունվարի 24-ին ժամանել էին Իսմաիլի` տեղում իրադարձությունների ընթացքին ծանոթանալու համար:

«Դատարանի այս որոշումը միանգամայան անօրինական է եւ հակասում է Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների մասին կոնվենցիայի դրույթներին: Դատավճիռը հակասում է նաեւ ադրբեջանական օրենքներին: Մենք որեւէ կասկած չունենք, որ մեր պաշտպանյալներին հետապնդում են նրանց քաղաքական գործունեության համար», – նշել է ադրբեջանցի փաստաբանը:

Բաքվում այս օրերին շատերն են նշում, որ իշխանությունները լայնածավալ հարձակում են սկսել ընդդիմության դեմ` հետապնդումներ իրկանացանցելով ոչ միայն ակտիվիստների, այլեւ նրանց ընտանիքների անդամների դեմ: Ադրբեջանական լրատվամիջոցները տեղեկացնում են, որ կալանքի դատապարտված «Մուսավաթ»-ի փոխնախագահ Թոֆիկ Յաղուբլուի ավագ դուտրը եւս արդեն մի քանի ամիս է, ինչ գտնվում է անազատության մեջ: «Մուսավաթ»-ի երիտասարդական թեւի ակտիվիստուհի Նիգյար Յաղուբլուին Բաքվի դատարանը դատապարտել էր 4 տարվա ազատազրկման` խոշոր ավտովթարի հանգեցրած երթեւեկության կանոնների խախտում թույլ տալու մեղադրանքով:

Հարկ է նշել, որ առայժմ արեւմտյան պետություններն ու միջազգային կազմակերպությունները սպասողական վիճակում են` գերադասելով պաշտոնապես չարձագանքել Բաքվում իրականացված ձերբակալություններին: Միայն Միացյալ Նահանգերի պետքարտուղարությանը մոտ կանգնած աղբյուրներն են, որ «Թուրան» գործակալությանը փոխանցել են, թե Վաշինգտոնում «մտահոգված են տեղի ունեցող իրադարձություններով եւ սպասում են պաշտոնական զեկույցի»:

Գեւորգ Ստամբոլցյան

«Ազատություն» ռադիոկայան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728