Կոմպոզիտորը նախընտրում է պահանջկոտ լինել
Հայաստանի հանրային ռադիոյի էստրադային սիմֆոնիկ նվագախումբը, որպես այդպիսին, ձեւավորվել է 1986 թ.-ին եւ այսօր նվագախմբի դիրիժորն ու ղեկավարն է Երվանդ Երզնկյանը: Նրա ղեկավարած նվագախումբը տարբեր տեղեր է համերգներով հանդես եկել, գոյատեւել ցուրտ ու մութ տարիներին, բայց եւ մի շարք հաջողություններ գրանցել: Դրանցից վերջինը նա ստացավ այսօր՝ արժանանալով «Իրավունք» օրաթերթի «Ոլորտի մեջ լավագույնը լինելու պատվոգրին»:
Այսօր կայացած ասուլիսում ամփոփելով անցյալ տարվա աշխատանքը՝ մաեստրոն նշեց, որ նվագախումբը համալրվել է մի շարք նոր գործիքներով՝ շեփոր, սաքսոֆոն, տրոմբոն եւ այլն: Նրա խոսքերով, իր ղեկավարած սիմֆոնիկ նվագախումբը ներկայումս աշխատում է երաժշտական երեք ուղղությամբ. «Ջազին մեծ ուշադրություն ենք դարձնում եւ ամեն բան անում ենք կատարյալ երաժշտական ջազային մշակումներ ստանալու համար: Մշակումներ ենք կատարում նաեւ հայկական էստրադայից՝ թե ՛հին, թե՛ նոր գործերից: Աշխատում ենք նաեւ համաշխարհային հիթերի՝ ամերիկյան, եվրոպական, ռուսական, ներկայացման եւ յուրովի մատուցման վրա»:
Ու թեեւ այսօր նվագախմբի երաժիշտներն ամսական ստանում են ընդամենը 32.000 դրամ աշխատավարձ, այնուամենայիվ՝ նրանք իրենց աշխատանքը սիրով են կատարում: «2000-2010 թթ. անգամ չենք վարձատրվել, նորմալ տեխնիկա ու գործիքներ չենք ունեցել, բայց մարդիկ եկել ու նվագել են, քանի որ երաժիշտն առանց իր աշխատանքի ուղղակի չի կարող ապրել»,- հավելում է Երվանդ Երզնկյանը:
Կարդացեք նաև
Ներկայումս նվագախումբը ղեկավարում են Մարտին Վարդազարյանի հետ, որը շատ ավելի համբերատար է երաժիշտների հանդեպ: Ի տարբերություն պարոն Վարդազարյանի՝ Երվանդ Երզնկյանը շատ ավելի պահանջկոտ է եւ խիստ: «Ամեն մի նվագախումբ ունի իր բարի ու «բոբո» ղեկավարները, այս նվագախմբի «բոբոն» ես եմ»,-կատակում է Երզնկյանը:
Սեւակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ