«Ձեզ ակտիվություն, եռանդ, կազմակերպվածություն եմ ցանկանում, որպեսզի ավելի լավ սովորեք, նկարեք, երգեք ու արտասանեք»,-«Կիլիկյան» դպրոցի սիրիահայ աշակերտների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:
Այսօր նախարարն այցելել էր «Կիլիկյան» դպրոց, որտեղ սովորում են Հայաստանում գտնվող սիրիահայ երեխաները: Նախարարի արդեն ավանդական դարձած այցելության նպատակն է հանդիպել դպրոցի ուսուցիչների եւ աշակերտների հետ, ծանոթանալ ուսումնական գործընթացին, երեխաների տպավորություններին, առօրյային, Հայաստանում նրանց ինտեգրմանը, ինչպես նաեւ՝ նրանց ընտանիքներին հուզող տարաբնույթ խնդիրներին:
Վերջերս ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի նստավայրում կազմակերպվել էր տոնական միջոցառում: Նախագահական պալատ այցելել էին ծնողազուրկ, սոցիալապես անապահով եւ սիրիահայ երեխաները: Հանրապետության նախագահը հանդիպել էր երեխաների հետ: Աշակերտներից մեկը` Գարի Պապողլյանն, ով նկարել էր Հայաստանի ծանր վիճակը, նկարը նվիրել էր ՀՀ նախագահին, իսկ այսօր նախագահը շնորհակալական նամակ էր գրել նրան:
Սփյուռքի նախարարի համոզմամբ՝ սա մի երեւույթ էր, որը կարեւոր նշանակություն ունեցավ աշակերտներից յուրաքանչյուրի համար: Նա ընթերցեց ՀՀ նախագահի նամակը ուղղված Գարիին.
Կարդացեք նաև
«Սիրելի Գարի, շնորհակալ եմ ինձ փոխանցած նվերի `քո հիասքանչ նկարի համար, որ իր վառ գույներով լույս ու ջերմություն է հաղորդում մեր տանը եւ իր արժանի տեղն է գտել մեր ընտանիքի համար ամենակարեւոր նկարների շարքում`իմ թոռնիկների ձեռքի աշխատանքների կողքին: Ուրախ եմ, որ քեզ պես բազմաթիվ երեխաներ եկան եւ մասնակցեցին ՀՀ նախագահի նստավայրում կազմակերպված տոնական միջոցառումներին: Վստահ եմ, որ այստեղ ստացաք դրական լիցքերը եւ նոր ուժով դուք ամեն ինչ անելու եք, որպեսզի իրականություն դարձնեք մեր բոլորի երազների Հայաստանը: Մաղթում եմ Ձեզ գերազանց ուսում եւ խաղաղ երկինք հայրենիքում»:
«Կիլիկյան» դպրոցը ստեղծվել է ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ եւ «Կիլիկիա» բարեսիրական կազմակերպության աջակցությամբ: Դպրոցը գործում է հոկտեմբերի սկզբից, ներկայումս դպրոցում սովորում է 1-9-րդ դասարանի 300 աշակերտ, դասավանդում են Սիրիայից Հայաստան եկած ուսուցիչները:
Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ