«Ժառանգություն» կուսակցության մամուլի խոսնակ Հովսեփ Խուրշուդյանն այսօր «Սլաք» ակումբում ասաց, որ ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի ընտրությունները չհետաձգելու հետ կապված որոշումը իր իրավունքների սահմանում է. «Մեզ համար ընդունելի կլիներ նրա ցանկացած որոշում, մենք հարգանքով ենք վերաբերվում նրա որոշմանը եւ մաղթում շուտափույթ վերադարձ դեպի նախընտրական պրոցես»:
Խուրշուդյանը անդրադառնալով «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի նախընտրական ծրագրին՝ ասաց. «Կարեւորը վստահության հարցն է, գործող նախագահն էլ է գեղեցիկ ծրագիր ներկայացնում… Իսկ նոր ուժերին պետք է հավատալ, քանի որ նրանք առավել վստահելի են, այն առումով, որ կոռուպցիայի մեջ չեն եղել, հետեւողական են եղել, ու ամենակարեւորը` մարդիկ շփումներում զգում են, թե տվյալ մարդը որքանով է անկեղծ: Րաֆֆի Հովհաննիսյանի ծրագրում թվերը հենց այնպես գրված չեն, օրինակ՝ աշխատատեղերի հետ կապված 180 000 աշխատատեղը հենց այնպես գրված չէ, մենք կարող էինք 350 000 գրել, բայց ամեն ինչ հաշվարկված է: Նույնը եւ կենսաթոշակների հարցն է, կոռուպցիայի դեմ պայքարը եւ այլն: Նա ինքն իր ընտանիքով չի հարստանալու, ներդրումներ են լինելու եւ միջազգային կառույցներից, եւ սփյուռքից, նվազեցվելու է արտագաղթը»:
Խուրշուդյանը հավելեց, որ Րաֆֆի Հովհաննիսյանի ծրագրի վրա աշխատել են մի խումբ մասնագետներ, տնտեսագետներ, իրավաբաններ, հեղինակներից մեկն էլ Ստյոպա Սաֆարյանն է:
Եվա ՀԱԿՈԲՅԱՆ