Այսօր «Սլաք» ակումբում «Ժառանգություն» կուսակցության քաղաքական քարտուղար Ստյոպա Սաֆարյանը անդրադառնալով հայտարարությանը, որ Հայրիկյանը չի դիմի ՍԴ եւ իր համար անհաղթահարելի խոչընդոտ չկա, ասաց. «Կարծում եմ՝ վերջին տրամաբանական հետեւանքն էր սա, քանի որ, երբ Պարույր Հայրիկյանը հայտարարեց, որ ստիպված է ընդունել ընտրությունները հետաձգելու տարբերակը, իսկ դրանից հետո սկսեց այլ հայտարարություններ անել, բոլորի համար պարզ էր, որ պրոցեսը գնում է դեպի ՍԴ չդիմելուն եւ ընտրությունները չհետաձգելուն: «Ժառանգությունը» ցանկություն չուներ, որ ընտրական պրոցեսը որեւէ ձեւով ընդհատվեր, եւ կարծես թե առանձնապես բան չի էլ փոխվի դրանից, բայց, իմ կարծիքով, մեզ համար էական է, որ ընտրական գործընթացը շարունակվի սահմանադրական պրոցեսներում: Մահափորձը շեղել է, վիժեցրել մի լավ կարեւոր պրոցես, դա այն է, որ հայտարարել էին Բագրատյանը, Հովհաննիսյանն ու Հայրիկյանը, երկրից բացակայողների անունների ցուցակի հետ կապված հարցը: Կարծում եմ՝ թեկնածուները պետք է հետամուտ լինեն, որ այս ցուցակը տրվի»:
Անդրադառնալով Րաֆֆի Հովհաննիսյանի ծրագրին՝ ասաց, որ իրենք մերժում են կուսակցական կրծքանշաններով պաշտոններ ստանալու գաղափարը. «Կրծքանշանը կպցնելով պաշտոնի տեղավորելը սխալ է, փոխարենը բազմաթիվ արժանի մարդիկ կան: Րաֆֆի Հովհաննիսյանն ասում է, որ բոլոր մարդիկ լինելու են իրենց տեղում: Լավ չենք կառավարի, հինգ տարի հետո հասարակությունը կասի ցտեսություն, բայց ես կարծում եմ, որ Րաֆֆի Հովհաննիսյանի ծրագիրը դա երազ չէ, օդ ու ջրի պես անհրաժեշտ է ժողովրդին»:
Եվա ՀԱԿՈԲՅԱՆ