Լրահոս
Օրվա լրահոսը

Ահարոն Ադիբեկյան. «Խաչիկ Խաչատյանը չգիտի, թե ինքն ինչ պատմությունների մեջ է մտնում» (Տեսանյութ)

Փետրվար 05,2013 15:35

Երեւանի թռչնաֆաբրիկայի սեփականատիրոջ եւ «Ժողովուրդ» օրաթերթի  լրագրող Սոնա Գրիգորյանի միջեւ դատական պայքարում պետք է լրագրողական կազմակերպությունները լինեն օրաթերթի եւ լրագրողի թիկունքում, խմբագրությունը միայնակ չի կարող պայքարել: Այսօր «Ֆորում» ակումբում նման կարծիք հայտնեց Ահարոն Ադիբեկյանը՝ Հայաստանում խոսքի ազատություն կա՞, թե՞ ոչ, թեմայի շուրջ քննարկման ժամանակ:

Սոցիոլոգը նույնիսկ օրաթերթին խորհուրդ տվեց դիմել Մարդու դատարան` 30 միլիոն դրամի պահանջով. «Երբ ցուլիկը մի հատ եզի հետ փորձում է կոտոշներով կռիվ անել, մի հատ պիտի կանխատեսի այս դատական համակարգի գործունեությունը»: Այս դեպքում, ըստ պարոն Ադիբեկյանի, ցուլիկը լրագրողն է, իսկ եզը` Խաչիկ Խաչատրյանը. «Ուղղակի Խաչիկ Խաչատրյանը չգիտի` թե ինքն ինչ պատմությունների մեջ է մտնում, կա Եվրոդատարան: Մեր դատարանը հետաքրքիր է. դու փաստը բերում ես, նա չի ընդունում»: Բացի այս, սոցիոլոգի դիտարկմամբ` դատարանների նկատմամբ իսպառ բացակայում է հանրային վերահսկողությունը:

Ասուլիսի մյուս մասնակիցը՝ ՀԱԿ եւ ՍԴՀԿ անդամ Գուրգեն Եղիազարյանն էլ ասաց, որ բոլոր նրանք, ովքեր փորձում են լրատվություն մատուցել Հայաստանի Հանրապետությունում, լրջագույնս վտանգված են, եւ օրինակ բերեց «ԳԱԼԱ» հեռուստաընկերությունը:

«Ժողովուրդ» օրաթերթի լրագրող Սոնա Գրիգորյանն էլ ասուլիսին ասաց, որ առաջին դատական նիստը նշանակված է մարտի 22-ին, բայց իրենք դիմել են դատարան, որպեսզի օրաթերթի եւ լրագրողի գույքի վրայից արգելանքը հանվի: Լրագրողը մեկ անգամ եւս հիշեցրեց Խաչիկ Խաչատրյանի եւ «Ժողովրդի» միջեւ ծագած «հակամարտությունը»:

Ըստ նրա, Երեւանի թռչնաֆաբրիկայի կողմից վաճառվող ժամկետանց հավկիթների վերաբերյալ ինֆորմացիան տպել է լրագրողական էթիկան պահպանելով` լսելով բոլոր կողմերին: Իսկ տպագրումից հետո, օրաթերթը կրկին ինֆորմացիա է ստացել Խաչիկ Խաչատրյանի վարքագծի մասին` ՊԵԿ-ի մոտ նա աղմուկ է բարձրացրել: Այս տեղեկատվությունը ճշտելու համար լրագրողը զանգահարել է Խաչիկ Խաչատրյանին, վերջինս էլ լսելով իր մասին տվյալ տեղեկատվությունը, սկսել է, ինչպես լրագրողն ասաց` հայհոյանքին մոտ արտահայտություններ անել:

Օրաթերթը դիմել է դատարան` Խաչիկ Խաչատրյանից հրապարակային ներողություն խնդրելու պահանջով, իսկ Խաչիկ Խաչատրյանի դատարան ներկայացրած հայցը վերաբերում է իր պատիվն ու արժանապատվությունն օրաթերթի կողմից արատավորելուն: Սոնա Գրիգորյանի խոսքերով` «Այսինքն, ժամկետանց ձվերի վաճառքի մասին գրելը պատիվ արատավորե՞լ է: Մենք բոլոր ապացույցներն ունենք` թե ժամկետանց ձվերի եւ թե ձայնագրությունը, որտեղ հայհոյում է»:

Aravot.am-ի այն հարցին, թե այսօր Հայաստանում ով ինչ ուզում գրում է, սա չի՞ խոսում այն մասին, որ խոսքի որոշակի ազատություն կա, ասուլիսին ներկա հյուրերն ասացին, որ նույնիսկ, եթե գրվում է, վերջում դատարանները դագանակի պես իջնում են ազատ խոսք արտահայտողի գլխին: Գուրգեն Եղիազարյանի կարծիքով էլ՝ ի տարբերություն խորհրդային տարիների, այսօրվա ԶԼՄ-ների ցենզուրան դատարաններն են:

Մանրամասները` տեսանյութում:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728