Լրահոս
Օրվա լրահոսը

«Դասախոսներիցս մեկն ինձ ասաց՝ ջահել տղա ես, էս ի՞նչ թեմա ես վերցրել». Երիտասարդ օպերատորի մասին

Փետրվար 05,2013 15:23

Երևանի Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ուսանող Արթուր Օրդոյանի լուսանկարչական տաղանդի մասին ձեզ պատմել ենք , այսօր կխոսենք արդեն Արթուրի նկարահանած ֆիլմերի մասին: Դրանցից առաջինը կոչվում է «Լռություն». «Քանի որ սովորում եմ կինոօպերատորական բաժնում, իմ վարպետի՝ պրն. Խաչատրյանի, հանձնարարությամբ նկարահանեցի վավերագրական ֆիլմ, նախ և առաջ օպերատորական վարպետության աստիճանը բարձրացնելու և հմտանալու համար, – պատմում է Արթուրը, – ես էլ բոլորի նման գրեցի սցենարներ, ներկայացրեցի վարպետիս, հավանություն ստացա ու նկարեցի առաջին ֆիլմս՝ գերեզմանոցի հարևանությամբ ապրող տատիկի մասին»: Ֆիլմն ավելի մանրամասն Արթուրը ներկայացրեց այսպես. «Թեման սոցիալական հարցն է. միայնակ տատիկ, որը ձեռքով փայտ է կոտրում, վառարանը վառում, գնում մատուռում մոմ վառում, իսկ աղոթքի ժամանակ երեխաների ձայն է լսում, շրջվում է ու տեսնում, թե ինչպես են երեխաները գերեզմանաքարերի կողքին ձնեմարդ պատրաստում, և մենք այդպես պատահական հայտնվում ենք գերեզմանոցում, հետո գալիս է գարունը. նա նստած է գերեզմանոցի դիմաց ու հետևում է անցորդներին, իսկ վերջում լուռ գնում է դեպի անվերջություն»: Ֆիլմի մասին կարծիքներ ու քննադատություններ շատ են եղել, բայց ինչպես Արթուրն է ասում՝ քննադատությունը պետք է հիմնավորված լինի, ալեգորիկ մտքեր չի սիրում լսել: Սակայն այդ բոլոր կարծիքների մեջ կար մեկը, որը զարմացրել էր Արթուրին. «Դասախոսներիցս մեկն ինձ ասաց, ջահել տղա ես, էս ի՞նչ թեմա ես վերցրել, էս լուրջ թեմա ա, ճիշտ ա լավ ես նկարել, բայց ջահել ես, չարժեր…, – ասում է Արթուրն ու հավելում, – դե ես էլ ոչինչ չասացի»:

«Լռություն» ֆիլմին հաջորդեց «Հովվերգություն»-ը: Այն բաղկացած է մի քանի համառոտ պատմություններից, որոնցից առաջինում ներկայացված է հասարակ գյուղացու առօրյան. «Ամառային արձակուրդներս ինձ հոգեհարազատ գյուղում են անցել, ես էլ որոշեցի ավելի արտասովոր ու «ազդեցիկ» դեմքերի նկարել. առաջինը պատմում եմ մի պապիկի մասին, նրա առօրյայի, հաջորդ համառոտ պատմությունը իմ տատիկի մասին է, թե ինչպես է լավաշ թխում, հաց պատրաստում… իսկ երրորդն արդեն մեր գյուղի լեգենդար մեղվապահի մասին է», – ասում է Արթուրը, և նշում, որ ֆիլմի հնչյունային ու մոնտաժային մասն արել է Սոնա Խաչատրյանը, իսկ երաժշտությունը տրամադրել է կոմպոզիտոր Աշոտ Գևորգյանը:

Ինչպես տեղեկացանք երրորդ ֆիլմն էլ սարերի ետևում չէ, սակայն ի տարբերություն այս երկուսի՝ երրորդն արդեն Արթուրի հեղինակային ֆիլմը չէ. «Նոր ֆիլմն արդեն ընթացքի մեջ է, ես որպես օպերատոր եմ, իսկ դրանից հետո նորից իմ հեղինակային կարճամետրաժ ֆիլմն եմ ուզում նկարել Քամյուի «Ժանտախտը» վիպակի հիման վրա», – ասում է նա:

Մինչ կնկարահանվի Արթուրի նոր հեղինակային ֆիլմը, առաջարկում եմ դիտել «Հովվերգություն» -ը:

Տիգրանուհի Թասլակյան

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (4)

Պատասխանել

  1. Իմ կարծիքով ստացված էր:Եթե ֆիլմի հիմքում ընկած է իրականություն,ապա այն հետաքրքիր կլինի եթե ոչ բոլորի.ապա գոնե մեծամասնության համար:Ընդամենը 13 րոպե,բայց ինչքա՛ն բան է ասում այս ֆիլմը տատիկի,պապիկի ու հեղինակավոր մեղվապահի մասին:Արտ ջան, շնորհավորում եմ:Միշտ առաջ:

  2. Արթուր says:

    Շնորհակալ եմ բոլորից

  3. ՈՒզում եմ սկզբից ևեթ շնորհակալություն հայտնել նկարողին այս հետաքրքիր,դրական լիցքերով լի ֆիլմի համար,քանի որ նրա յուրաքանչյուր դրվագ ստիպեց ինձ սլանալ իմ հայրենի գյուղ….Ֆիլմն օգնեց զգալ ինձ իսկական հայկական ու շատ հարազատ իմ գյուղում:Այս ֆիլմի հիմքում,իմ կարծիքով,ընկած է նկարողի բարի լինելու,բնության ստեղծածը ճիշտ զգալու և,ամենակարևորը, ճիշտ արտահայտելու փաստը….Ամեն ինչ շատ բնական էր:Շնորհավորում եմ քեզ Արթուր ջան,վստահ եմ,որ քեզ շատ ու շատ հաջողություններ են դեռ սպասվում…

  4. Արթուր says:

    Շնորհակալ եմ,ուղակի շնորհակալ

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728