Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպե՞ս ենք նշում ծննդյան տոները

Փետրվար 05,2013 15:13

18-ամյա Նոնան, ում 19-ամյակը կլրանա 2 ամսից, ասում է՝ երազում է դժբախտ ծննդյան օրվա մասին. «Միշտ ցանկացել եմ, որ այդ օրը լաց լինեմ, միայնակ, ոչ մեկ չշնորհավորի, փակված լինեմ սենյակումս ու հեկեկամ»: Չնայած նրա տարօրնակ ցանկությանը՝ աղջիկը հավաստիացնում է ՝ բոլոր տարեդարձները նշել է կամ տանը՝ բարեկամներին և ընկերներին հրավիրելով, կամ երևանյան կարաոկեներից մեկում: «Այ դրանից էլ զզվել եմ»,-հավելում է նա:
Իսկ 22-ամյա Գոռը ծննդյան օրը նշում է երկու անգամ: Բանն այն է, որ օրը համընկնում է նախատոնական տրամադրությանը: Ծնվել է դեկտեմբերի 30-ին: «Այդ օրը միայն ընտանիքի անդամներով ենք: Իսկ ահա ամսի 2-ին գալիս է ողջ գերդաստանը (կատակում է)»: Գոռը նախըտրում է տարեդարձը նշել տանը: Ի դեպ, բրիտանական միապետերը իրենց ծննդյան օրը նույնպես նշում են տարեկան երկու անգամ՝ տարբեր ամիսներին: Մեկն իրական է, մյուսը՝ պաշտոնապես նշանակված: Օրինակ՝ Եղիսաբեթ Երկրորդը ծնվել է ապրիլի 21-ին, և եթե տոնը անցկացնում է ընտանեկան միջավայրում, ապա պաշտոնապես նրա ծննդյան օրը նշվում է հունիսի առաջին կամ երկրորդ շաբաթ օրը: Այդ օրվա կապակցությամբ կազմակերպվում են ժողովրդական զբոսանքներ, որոնք ուղեկցվում են հրավառություններով, նաև ընդունելություններ Մեծ Բրիտանիայի դեսպանատներում:
Սովորաբար մարդիկ առանձնակի ոգևորությամբ են նշում իրենց «կլոր ամյակները»՝ տոնն ավելի հիշարժան դարձնելու նպատակով: Ոմանք գերադասում են մեկնել արտասահման, ոմանք նախընտրում են տարածաշրջանի ակումբները, ոմանք՝ կարաոկեները, շատերն էլ ծննդյան օրը նշում են տանը: Կան նաև մարդիկ, ովքեր առաջարկում են այլ տարբերակներ՝ պիցերիայում, այգում՝ նախօրոք անհրաժեշտ գնումներ կատարելով, շատ տղաներ էլ՝ միաժամանակ տարբեր վայրերում, օրինակ՝ նախ «շաուրմյանոցում», ապա կինոթատրոնում, վերջում էլ՝ կրկին «հաց ուտելու որևէ վայրում»: Ծննդյան տոներով շահագրգռված են նաև հայտնի աստղերը: Բեյոնսեն իր ծննդյան օրը (ծնվել է սեպտեմբերի 4-ին) նշել էր մի շքեղ նավի տախտակամածին: Հանրահայտ աստղի հարազատները անակնկալ էին մատուցել երգչուհուն. պատրաստել էին տորթ՝ նրա անվան գրությամբ: Այդ օրվա լուսանկարները երգչուհին տեղադրել էր ֆեյսբուքյան իր էջում: 31-ամյա Բեյոնսեն լուսանկարվել էր առանց դիմահարդարման:
Սակայն կան նաև մարդիկ, ովքեր չեն էլ հիշում, թե վերջին անգամ երբ են նշել իրենց տարեդարձը. պատճառաբանում են՝ ֆինանսական խնդիրներ ունեն: Տարեդարձը ժամանցային վայրերում նշելու համար հարկավոր է անհրաժեշտ գումար: Սակայն ոչ շատ մեծ ֆինանսի դեպքում ևս կարելի է հիանալի կազմակերպել տոնը: Գլխավոր նախապայմանը ցանկությունն է:

Նազենի Բաղդասարյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728