Մեր հանրապետության երկրորդ քաղաքն ապրում էր իր գեղեցիկ ու լուսավոր, ոմանց համար նույնքան տխուր ու անհետաքրքիր օրերից մեկը, երբ ես որոշեցի դուրս գալ փողոց ու մի քիչ թափառել: Քայլում էի ու փորձում լսել, թե ինչ են խոսում համաքաղաքացիներս. փորձում էի հասկանալ՝ ի՞նչ են մտածում, ի՞նչ են խոսում, ի՞նչ են երազում ու ի՞նչ են բամբասում: Այոʹ, Գյումրիում բամբասաքը դեռևս կարող է հետաքրքիր թվալ, կամ այն, թե ինչ են երազում այս քաղաքում: Մի քաղաքում, որտեղ լիքն են խնդիրները, որտեղ աղբահանությունից, կիսաքանդ տնակներից ու օդի մաքրությունից խոսելն արդեն անիմաստ է դառնում: Բայց այստեղ մարդիկ ապրում են իրենց կյանքի սովորական ռիթմով: Այստեղ դեռևս բակերում հավաքվում են պապիկներն ու զրուցում իրենց փչացած խողովակներից, տատիկները՝ իրենց հարևանուհիների աղջիկներից: Այստեղ աղջիկները երթուղայինների մեջ խոսում են իրենց քննություններից ու արտագրությունից, այստեղ տղաները բարձր միացնում են իրենց մեքենաների երաժշտությունը, որ ողջ քաղաքը լսի, այստեղ դեռևս կան մարդիկ, ում համար սովորական երևույթ է փողոցներն արտաքնոցի վերածելը, ում համար սովորական է տնօրեն լինելն ու «թունդ» բարբառով խոսելը: Մեր քաղաքում չկան ու երևի երբևէ չեն էլ եղել անցումներ, դրա համար ես ամեն փողոցն անցնելիս կամ արժանանում էի վարորդների մի երկու «լավ» խոսքին, կամ հազիվ մի կերպ՝ հավասարակշռությունս պահելով, գնում էի առաջ: Չնայած այստեղ կարելի է ուղղակի «գլուխը տնկել» ու գնալ առաջ. սովորական, գյումրեցուն հատուկ արարք:
Քայլում եմ նեղ ու երկար ձգվող փողոցներով ու նկատում, որ ձմռանն ավելի շատ մարդ կա դրսում, որովհետև ավելի շատ մարդ կա քաղաքում, քանզի արտագնա աշխատանքից մարդիկ վերջապես վերադարձել են տուն:
Նայում եմ քայլող աղջիկներին. Գյումրիում գեղեցիկ աղջիկները շատ են: Նայում եմ խմբերով կանգնած տղաներին՝ տղաները շատախոս են ու կռվարար, բայց դա էլ իր համն ու հոտն ունի: Փորձում եմ մտաբերել փողոցների անունները՝ Թուրքի մայլա, Սլաբոտկա, Բառակներ ու ամեն փողոց ունի իր առանձնահատկությունը, ասենք՝ մի քանի տարի առաջ ոչ մեկը Պիտուշոկը չէր պատկերացնի առանց կապույտ տնակ-խանութի, որը ցավոք հիմա չկա: Ավելին, մեր փողոցներում կանգառներ չկան, երթուղայինները միշտ ուշացած են գալիս կամ էլ ճանապարհին փչանում են. դե երանի մեզ էլի: Այստեղ ոչ մի խոսակցություն, ոչ մի հավաքույթ, կամ քննարկում չի անցնում առանց քաղաքապետի ու նրա որդու մասին խոսակցությունների:
Ու, չնայած ամեն ինչին, Գյումրին, միևնույն է, մնում է աշխարհի ամենաուրախ ու զվարճալի քաղաքը, որտեղ մարդիկ ամեն ինչին թեթև են նայում, որտեղ մարդիկ իրոք մարդամոտ են ու բարի: Այս քաղաքի մարդիկ ավելի շատ դժվարություններ են տեսել, քան ողջ Հայաստանում, այստեղ մարդիկ երկրաշարժ են հաղթահարել ու տասնյակ տարիներ տնակներում ու փողոցներում են ապրել, այստեղ մարդիկ շարունակում են ապրել փողոցներում, այստեղ գործազուրկների թիվն ամենամեծն է:
Մարիամ Սարիբեկյան՝ (mynews.am)