Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ինչպես երիտասարդ արվեստագետները չլքեն երկիրը

Փետրվար 05,2013 14:48

Կամ՝ կոմպոզիտոր Վարդան Աճեմյանի «դեղատոմսերը»

Հայաստանցի կոմպոզիտորները մշտապես հավաստիացնում են, որ իրենց ստեղծագործությունների պրեմիերաները ցանկանում են տեսնել հայրենիքում: Սակայն վերջին շրջանում նրանցից շատերի խոսքը գործի հետ չի համընկնում: Համակարծիք լինելով այս դիտարկման հետ, «Առավոտի» հետ զրույցում կոմպոզիտոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ստեղծագործական ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Վարդան Աճեմյանն ասաց, որ, օրինակ, 2012թ. դեկտեմբերին իր հեղինակային երեկոյի ընթացքում Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ Հայաստանի երիտասարդական նվագախմբի կողմից առաջին անգամ հնչեցրած Adventure երկը, գրված Ֆրանսիայի մշակույթի նախարարության պատվերով: Հավելեց նաեւ, որ ալտի, սաքսոֆոնի, դաշնամուրի եւ լարային նվագախմբի համար գրված այս գործը Ֆրանսիայի մշակույթի նախարարության պատվերն էր՝ լույս տեսած շվեյցարական հայտնի Editions Bim հրատարակչության կողմից: Հետաքրքրությանը՝ ինչպե՞ս է եղել համագործակցությունը նշյալ շվեյցարական ֆիրմայի հետ, կոմպոզիտորն ասաց, թե այդ ստեղծագործության նոտաները պահվում են Ֆրանսիայի եւ Շվեյցարիայի կոնսերվատորիաների գրադարաններում: Վարդան Աճեմյանը նշեց. «2000-ականների սկզբին շվեյցարաբնակ դիրիժոր Լյուք Բաղդասարյանը մեր ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ կատարելով իմ «Տոնական նախերգանքը», հետագայում այն ներկայացրել է Editions Bim-ի տնօրեն Ժան Պիեր Մատեզին: Վերջինիս հավանությանն արժանանալուց հետո հրատարակչական ֆիրման պարբերաբար անդրադարձավ երկերիս»:

Ինչ վերաբերում է հայաստանյան պետական կոլեկտիվների կողմից իր եւ կոլեգաների ստեղծագործությունների կատարմանը, պարոն Աճեմյանը հիշեցրեց, թե մեր կոլեկտիվները ստեղծված են առաջնահերթ հենց հայ կոմպոզիտորների ստեղծագործույթունները քարոզելու համար, նման առաքելություն ունի նաեւ Ազգային օպերային թատրոնը: Մեր զրուցակիցը հիշեցրեց, որ 1980թ. պապի՝ անվանի ռեժիսոր Վարդան Աճեմյանի լիբրետոյով, Տիգրան Լեւոնյանի բեմադրությամբ մեր օպերային թատրոնում բեմ է բարձրացել իր «Կիկոսը» կոմիկական օպերան: Նա ափսոսանք հայտնեց, որ, օրինակ, Ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ, կոնկրետ ինքը եւ գուցե իր որոշ կոլեգաներ մեզանում լիբրետո գրողի բացակայության պատճառով չեն կարողանում անդրադառնալ մեծակտավ ստեղծագործության, նշելով, թե նման գործը մինչեւ 2015թ. արժեր ցույց տալ աշխարհին:

Տեղեկացնելով, որ Ցեղասպանության զոհերի հիշատակի առիթով ինքն ունի ստեղծագործություններ, այդ թվում՝ երկու ձայնի, երգեհոնի եւ նվագախմբի համար կոնցերտ՝ գրված դեռեւս 1981թ. կամ «1915 թվական» ստեղծագործությունը, որի առաջին կատարումը հնչեց Երեւանում՝ Սոնա Հովհաննիսյանի ղեկավարած «Հովեր» կամերային երգչախմբի մեկնաբանությամբ, կոմպոզիտորը հավելեց, թե համոզված է, որ թեեւ օպերա գրելու համար շուրջ երկու տարի է պահանջվում, սակայն ցանկության դեպքում այն կարելի է իրականացնել: Հետաքրքրվեցինք, թե կոնկրետ ինքը ո՞ւմ աջակցությունն է ակնկալում: Վարդան Աճեմյանը պատասխանեց. «Նախ պետք է կառավարության կամ մշակույթի նախարարության կողմից հայտարարվի մրցույթ, որի հաղթողը լծվի այդ աշխատանքին: Կրկնում եմ՝ օպերա գրելու համար պետք է ամեն ինչ դնել մի կողմ… Ճիշտ կլիներ այդ աշխատանքին ներգրավել նաեւ մեր լավագույն բեմադրիչներին, այդ թվում՝ Վիգեն Չալդրանյանին, Արմեն Մելիքսեթյանին, Արմեն Մազմանյանին եւ մյուսներին: Ինչ վերաբերում է լիբրետոյին, այդ հարցն էլ ցանկության դեպքում կարելի է լուծել…»:

Զրույցի ընթացքում անդրադարձ եղավ Երեւանի կոնսերվատորիայում իր ղեկավարած ստեղծագործական ամբիոնի ուսանողներին: «Վերջին տարիներին անցկացնում ենք տարբեր միջոցառումներ, մրցույթներ, նույնիսկ ուսանող կոմպոզիտորների երկերն են հնչեցրել մեր պետական կոլեկտիվները»,- հայտնեց մեր զրուցակիցը, հավելելով, թե պետք է մտածել այն մասին, որ կոնսերվատորիան ավարտելուց հետո ուսանող կոմպոզիտորը բախտ չորոնի արտերկրում: Պրոֆեսորը հիշեց, որ ժամանակին Հայաստանի կառավարությունն է հոգացել Մոսկվայում Բաբաջանյանի, Հարությունյանի, Միրզոյանի, Սարյանի եւ մյուս մեծերի ուսումը: Նշեց նաեւ, որ 1920-ականներին, դարձյալ մեր պետության հոգածության արդյունք էր, որ իր պապը՝ մեծանուն Վարդան Աճեմյանը կրթվեց Ստանիսլավսկու արվեստանոցում եւ այլն. «Մեր երկիրը մշակույթի ոլորտում աչքի ընկնող երիտասարդներին պետք է աջակցի Արեւմուտքում կատարելագործվելու համար: Գուցե այս դեպքում կդադարի երիտասարդների արտահոսքը արտերկիր…»:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Անդրեասյան says:

    Սիրելի Սամվել, Շատ կուզենայի այս մշակույթի մարզում ոտարամոլության մասին հարցազրույցով բացատրել թե ՝ բանը ինչումն է

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728