Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանը՝ դիակիզման մասին
Օրերս Հայ առաքելական եկեղեցու «Մանանա» քրիստոնեական- երիտասարդական ծրագրի շրջանակում Մայր աթոռ սուրբ Էջմիածնի միաբան հոգեշնորհ տեր Երեմիա աբեղա Աբգարյանը Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու երիտասարդաց միությունում խոսեց դիակիզումից։
Ներկայացնելով թեմայի նախապատմությունը՝ հայր սուրբը նշեց, որ դիակիզումը մեր իրականության մեջ նոր երեւույթ չէ. «Քրիստոսից դեռեւս շատ տարիներ առաջ հնագույն մարդիկ կրակն ընդունում էին որպես աստվածություն եւ կարծում՝ հարազատի մարմինն այրելը կապահովի նրա պաշտպանությունը հանդերձյալ կյանքում։ Օրինակ, Հին Հունաստանում դիակիզումը մասշտաբային տարածում ուներ՝ այն համոզմամբ, որ մահացածի մարմինն այրելը մաքրում է նրա հոգին։ Հետագայում հիշյալ սովորություններն ու արարողությունները ներթափանցել են Հին Հռոմ։ Հայկական լեռնաշխարհում եւս նախաքրիստոնեական շրջանում ընդունված է եղել հանգուցյալին թաղելու երեւույթը՝ դին ամփոփելով հողում կամ դնելով դամբարանի մեջ։ Դիակները թաղվել են կքանստած ու թեւերը կրծքին խաչած, կողքի պառկեցրած ու ձեռքը գլխի տակ՝ կախված այն հանգամանքից, թե այդ ժամանակաշրջանում ժողովուրդն ինչ հավատալիքներ է ունեցել հետմահու կյանքի վերաբերյալ։ Նման գերեզմաններ հայտնաբերվել են Լճաշենում, Աստղաձորում, Կարճաղբյուրում եւ այլուր»։
Հայր Երեմիան հավելեց, որ Ք.հ. 400թ.-ին, երբ քրիստոնեությունը դարձավ եվրոպական ժողովուրդների պաշտելի կրոն, դիակիզումը փոխարինվեց հողի մեջ թաղելով, սակայն ընթացքում քրիստոնեության նկատմամբ անտարբերությունը բերեց դիակիզման վերականգնման։ «19-րդ դարի սկզբին Իտալիայի Ֆլորենցիա քաղաքում տեղի ունեցած «Համաշխարհային բժշկական կոնֆերանս»-ում ընդունվեց մի համաձայնագիր, որով խրախուսվում էր դիակիզումը։ Այսօր դիակիզում երեւույթը ծառացել է նաեւ մեր հասարակության առաջ, որովհետեւ այդ խնդիրը ոչ միայն ներթափանցել է Հայաստան, այլեւ 2007թ. փետրվարի 27-ին արժանացել ԱԺ-ի ուշադրությանը ու համապատասխան՝ «Հուղարկավորությունների կազմակերպման ու դիակիզարանների շահագործման մասին» օրենքի ընդունմանը»,- ասաց հայր սուրբը եւ հավելեց, որ հիշյալ հարցի առնչությամբ Մայր աթոռ սուրբ Էջմիածինը անտարբեր չէ. 2007թ. ապրիլին, երբ ուժի մեջ մտավ վերոհիշյալ օրենքը, եկեղեցին իր դժգոհությունը հայտնեց այն հիմնավորմամբ, որ դիակիզումը դեմ է Աստծո պատվիրանին, եկեղեցու ծիսաարարողական ավանդույթներին, ինչպես նաեւ մեր ժողովրդի մտածելակերպին։
Հայր սուրբն իր խոսքում անդրադառնալով Սուրբ Գրային տեղիներին՝ նշեց, որ Սուրբ Գրքում որեւէ տեղ չենք գտնի մարմինն այրելու մասին հիշատակություն՝ որպես ընդունելի թաղման ձեւ, որովհետեւ մարմնի այրումը Սուրբ Գրքում միշտ ունեցել է բացասական նշանակություն. «Լավագույն օրինակը մեզ՝ քրիստոնյաներիս համար, հենց ինքը Քրիստոսն է։ Նա մեզ պես մարմնավոր կյանք ապրեց, չարչարվեց խաչի վրա, ապա թաղվեց, եւ ոչ թե դիակիզվեց, եւ հարություն առավ՝ մեզ եւս խոստանալով մարմնավոր հարություն։ Չափազանց կարեւոր է այն հանգամանքը, որ Տիրոջ մարմինը ոչ միայն դրվեց գերեզմանի մեջ առանց այլակերպության, այլեւ խնամվեց եւ հոգածության արժանացավ»։
Մեկնաբանելով թաղման ծիսաարարողությունը՝ հոգեշնորհ տեր Երեմիա աբեղա Աբգարյանն արձանագրեց, որ աստվածաբանական իմաստով հուղարկավորությունը թեեւ ընդգծված խորհուրդ չէ, սակայն ունի բավական խորը հոգեւոր իմաստ. «Թաղման արարողությունը նույնիսկ դրվում է մկրտության եւ հաղորդության խորհուրդների հետ նույն շարքում՝ որպես անցում անդրշիրիմյան աշխարհ՝ հաստատելով հավատացյալի կատարյալ գոյությունն Աստծո հետ։ Թվարկվածները ցույց են տալիս, որ եկեղեցական կարգով թաղման մեջ չկա եւ ոչ մի ավելորդություն, աններդաշնակություն կամ հակասություն։ Եվ եթե մեզ քրիստոնյա ենք համարում եւ Հայ առաքելական եկեղեցու զավակ, ապա մեր կյանքի հանգրվանները պետք է անցնենք այնպես, ինչպես եկեղեցին է սահմանում՝ տեղի չտալով մեր հասարակությանն առաջադրած՝ ննջեցյալներին այս կյանքից հեռանալու եւ հանդերձյալին անցնելու մի նոր՝ «հետաքրքրաշարժ» ծիսական տարբերակի»:
ԼՈՒԻԶԱ ՍՈՒՔԻԱՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ