Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ադրբեջանական դիմադրություն եւ հայկական աստղագիտական հաղթանակ

Փետրվար 05,2013 14:42

Վերջերս ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան իր լիագումար նիստում ընդունեց բանաձեւ, համաձայն որի Հայաստանն ընտրվեց Տիեզերքի խաղաղ օգտագործման հանձնաժողովի (United Nations Committee on the Peaceful Uses of Outer Space, COPUOS) անդամ: Հայաստանին անդամագրելու գլխավոր հիմնավորումն է, որ սեփական տիեզերական ծրագրեր իրականացնելու հնարավորություն չունեցող, բայց այդ ոլորտում բարձր գիտական ներուժ ունեցող պետություններն ավելի լայնորեն ներգրավվեն միջազգային տիեզերական գործակալությունների աշխատանքներին: Չնայած Ադրբեջանի գործադրած բոլոր ջանքերին՝ խանգարել Հայաստանի անդամակցությանը, Հայաստանն ընդունվել է ձայների բացարձակ մեծամասնությամբ: Այս թեմայով «Առավոտը» զրուցեց Հայկական աստղագիտական ընկերության համանախագահ, Բյուրականի աստղադիտարանի առաջատար գիտաշխատող եւ գիտական խմբի ղեկավար, Հայկական վիրտուալ աստղադիտարանի ղեկավար Արեգ Միքայելյանի հետ:

– Մեծ հաշվով ի՞նչ է տալիս Հայաստանի՝ COPUOS-ի անդամ լինելը:

– Ըստ իս, սա առաջին հերթին քաղաքական քայլ է, քանի որ նման միջազգային կազմակերպություններին անդամագրվելը Հայաստանի համար նշանակում է մասնակցել միջազգային ինտեգրացիային, ընդունել համամարդկային մոտեցումները եւ միանալ համաշխարհային կոնվենցիաներին: Հայաստանի անդամագրվելու գլխավոր հիմնավորումն էր, որ սեփական տիեզերական ծրագրեր իրականացնելու հնարավորություն չունեցող, բայց այդ ոլորտում բարձր գիտական ներուժ ունեցող պետությունը՝ ավելի լայնորեն ներգրավվելով միջազգային տիեզերական գործակալությունների աշխատանքներին, կարող է էապես խթանել մի շարք գիտությունների զարգացումը, այդ թվում՝ աստղագիտության եւ այնպիսի գիտությունների, որոնք ներկայումս օգտագործում են արբանյակային հետազոտություններ: Տիեզերքի խաղաղ օգտագործման դրսեւորումներից է, որ, մասնավորապես, մեր աստղագետները մասնակցում են ամերիկյան եւ եվրոպական տիեզերական աստղադիտարաններով իրականացվող գիտական նախագծերի՝ օպտիկական (Հաբլի տիեզերական աստղադիտակ), ենթակարմիր (IRAS, Սպիտցերի եւ Հերշելի տիեզերական աստղադիտակներ) եւ ռենտգենյան (ROSAT, Chandra, XMM) տիրույթներում: Կարծում եմ, Հայաստանի մասնակցությունը COPUOS-ին շահավետ եւ արդյունավետ կլինի, մասնավորապես, հնարավոր է դառնում նոր տիեզերական ծրագրերին Հայաստանի մասնակցությունը: Մեր երիտասարդ գիտնականները հնարավորություն կունենան մասնակցելու այդ նախագծերին եւ դրանց շրջանակներում այցելելու ԱՄՆ-ի (NASA), Եվրոպական (ESA) եւ ՌԴ տիեզերական գործակալությունների գիտական կենտրոնները:

– Ինչպե՞ս է ստացվել, որ մենք ավելի ուշ ենք անդամակցում, քան Ադրբեջանը՝ ունենալով համապատասխան ավանդույթներ եւ վարկանիշ՝ աստղագիտության ոլորտում:

– Իրոք, գիտության մեջ մենք ակնհայտորեն առաջ ենք Ադրբեջանից, եւ եթե արվեստի որոշ ոլորտներում նրանք փորձում են յուրացնել մեր արժեքները (մասնավորապես իրենց ժամանակակից տարածքում մեր պատմամշակութային հուշարձանների հայտնվելու պատճառով), ապա գիտության մեջ պարզապես շանս չունեն: Սակայն պարզվում է, այստեղ էլ քաղաքականությունն ու դիվանագիտությունը նշանակություն ունեն: Մասնավորապես, իրենք ավելի շուտ էին անդամակցել COPUOS-ին՝ միմիայն լոբբիզմի շնորհիվ: Մենք թերեւս ամեն ինչին ավելի լուրջ եւ խիստ ենք մոտենում ու նախկինում չէինք էլ մտածում նման ամբիցիոզ ծրագրերին միանալու մասին: Ադրբեջանի մոտեցումների մեջ գերիշխող է ցուցամոլությունը եւ կեղծարարությունը: Օրինակ, Մոսկվայում մասնակցելով Եվրասիական աստղագիտական ընկերության աշխատանքներին, Ադրբեջանի ներկայացուցիչները շարունակաբար փորձում են ներկայացնել իրենց աստղագիտության «հաջողությունները», մինչդեռ մենք գիտենք, որ նրանց Շեմախիի աստղադիտարանի աստղադիտակը կառուցման օրից չի էլ գործել, եւ աստղագիտության մեջ Ադրբեջանը որեւէ արդյունք երբեւէ չի ունեցել: Այդ պատճառով, խիստ անհրաժեշտ է մեր ներկայացուցիչների մասնակցությունը բոլոր միջազգային կարեւոր միջոցառումներին, ինչը թույլ է տալիս օբյեկտիվորեն ներկայացնել իրավիճակը:

– Խնդրում եմ մի քիչ մանրամասնեք՝ Ադրբեջանն ի՞նչ ձեւերով էր փորձում խոչընդոտել Հայաստանի՝ COPUOS-ի անդամ լինելուն:

– Հենց նույն լոբբիզմի շնորհիվ էլ Ադրբեջանը փորձում էր խոչընդոտել Հայաստանին՝ զանազան հանդիպումներով եւ բանակցություններով, տարբեր պատվիրակներին համոզելով, որ Հայաստանն իբր պատերազմող երկիր է եւ չի կարող մասնակցել խաղաղության կոնվենցիաներին: Նախնական քննարկումների ժամանակ Հայաստանին դեմ էր քվեարկել, առաջարկել էր հանել Հայաստանի թեկնածությունը (այն դրված էր երկու այլ երկրների հետ միասին): Սակայն նորից ուզում եմ նշել մեր դիվանագետների հմուտ աշխատանքը, ում ջանքերի շնորհիվ էլ ի վերջո Հայաստանն ընդունվեց COPUOS անդամ:

– Վերջերս մասնակցել եք Շվեյցարիայում տեղի ունեցած եվրոպական աստղագիտական ընկերությունների խորհրդակցությանը, խնդրում եմ պատմեք այդ մասին նույնպես:

– Շվեյցարիայում տեղի ունեցավ Եվրոպական աստղագիտական ընկերության (ԵԱԸ, European Astronomical Society–EAS) խորհրդակցությունը, որին մասնակցեցին ԵԱԸ ղեկավարությունը, եվրոպական երկրների աստղագիտական ընկերությունների նախագահները եւ եվրոպական գիտական այլ կազմակերպությունների ներկայացուցիչներ: Նման խորհրդակցություններ տեղի էին ունեցել նաեւ 2008-ին Հոլանդիայում եւ 2012-ին նույնպես Շվեյցարիայում, եւ այս հանդիպման նպատակն էր ամփոփել վերջին տարվա արդյունքները, քննարկել հետագա անելիքները, շարունակել ազգային ընկերությունների հետ ակտիվ համագործակցությունը, ինչպես նաեւ ամրապնդել եվրոպական աստղագիտության առաջատար դերը: Մասնակիցների թվում էին ճանաչված աստղագետներ, ընդամենը 15 երկրի 26 գիտնական: Ես ներկայացնում էի Հայաստանը եւ զեկուցեցի Հայկական աստղագիտական ընկերության 2012 թ. գործունեության մասին: Եվրոպան ԱՄՆ-ի հետ մեկտեղ աշխարհի երկու խոշորագույն աստղագիտական կենտրոններից մեկն է: Գործելով համատեղ, եվրոպական երկրները կարողանում են բազմաթիվ ուղղություններով առաջատար դեր պահպանել: Մասնավորապես, Եվրոպային են պատկանում Չիլիում գործող 8-մետրանոց հայելիով 4 միանման աստղադիտակները (Եվրոպական հարավային աստղադիտարան, ԵՀԱ), որոնց արդյունարար հզորությունը համապատասխանում է 16-մետրանոց տրամագծով աստղադիտակի: Ներկայումս Եվրոպան կառուցում է 39-մետրանոց աստղադիտակ եւ այս տարի պատրաստվում է արձակել Gaia տիեզերական աստղադիտարանը, որոնց շնորհիվ աստղագիտության մեջ հեղափոխական հայտնագործություններ են սպասվում: Բացի ԵԱԸ եւ ԵՀԱ, եվրոպական համագործակցության վառ օրինակներ են նաեւ 14 երկրներ միավորող Եվրոպական տիեզերական գործակալությունը, Եվրոպական վիրտուալ աստղադիտարանը (Euro-VO), ASTRONET եւ OPTICON նախագծերը եւ Astronomy & Astrophysics համաեվրոպական ամսագիրը: Ներկայումս ԵԱԸ կազմում պաշտոնապես ընդգրկված են 25 երկրների աստղագիտական ընկերություններ (ներառյալ Հայկականը), իսկ անհատ անդամների թվում են աստղագետներ Եվրոպայի բոլոր եւ մի շարք այլ երկրներից:

Զրուցեց ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728