Հերթական դատական քննության հետաձգումը վարչական դատարանում տեղի ունեցավ ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայության (ՄՊԾ) կողմից ներկայացուցիչ չլինելու պատճառով՝ որպես պատասխանող կողմ: Արմեն Խաչատուրյանի փախստականի կարգավիճակը վերականգնելու հայցով դատաքննության հաջորդ լսումը նշանակվել է 2013 թվականի փետրվարի 13-ին: Արմենի փախստականի կարգավիճակը վերականգնելու հայցով, դատարանում որպես ներկայացուցիչ, Աստղիկ Ջանիկյանը միջնորդեց, որպեսզի դատը կրկին հետաձգվի եւ պարտավորեցվի ՄՊԾ-ին՝ որպես պատասխանող կողմի՝ ապահովել դատական քննությունները ներկայացուցիչով: Դատարանը միջնորդությունն ընդունեց եւ դատական քննությունը հետաձգվեց: Հարկ ենք համարում տեղեկացնել, որ ՄՊԾ-ն, որպես պատասխանող կողմ, դատավարություններին ներկայանում է պարբերաբար ընդմիջումներով: Արմեն Խաչատուրյանը հայց էր ներկայացրել դատարան՝ ընդդեմ ՄՊԾ-ի կայացրած որոշման, որտեղ հստակ նշված է, որ դադարեցվել է նրա՝ ՀՀ-ում փախստական լինելու հանգամանքը, առ այն, որ դատարանն անվավեր ճանաչի այդ որոշումը եւ պարտավորեցնի ՄՊԾ-ին կայացնել բարենպաստ վարչական ակտ, այն է՝ վերականգնել նրա փախստականի կարգավիճակը ՀՀ-ում:
Փախստականներին մի առիթով ՄՊԾ-ի պետ Գագիկ Եգանյանը հայտարարել է, թե այլ բան է լինել փախստական եւ այլ բան է ունենալ փախստականի կարգավիճակ, սակայն միեւնույն ժամանակ հաստատել է, որ առանց կարգավիճակի՝ ոչ ոք թերեւս չի դադարում լինել փախստական, պարզապես կորցնում է կարգավիճակը: Հարց է առաջանում, ապա առանց կարգավիճակի ինչպե՞ս կարելի է ազատ տեղաշարժվել: Ինչպես կորցնել կարգավիճակը եւ հաստատված մնալ որպես փախստական, եթե առանց կարգավիճակի անվավեր է ճանաչվում փախստականի միակ անձը հաստատող փաստաթուղթը, ըստ այդմ՝ Արմենի փախստականի անձնագիրը: Այդ հարցի վերաբերյալ Արմենն իր վճռականությունն է դրսեւորել եւ գործը ներկայացրել ՀՀ վարչական դատարան՝ հուսալով, որ կվերականգնվի իր կարգավիճակը, եւ նա ստիպված չի լինի պատասխանատվություն ստանձնել օրենքի ուժով՝ առանց անձնագրի գոյությունը պահպանելու համար: «Թերեւս արդեն չափահաս տղամարդ եմ եւ ինչ պայմաններով են ինձ այս տարիքում ստիպում անել այն, ինչը իրենց ասելով պետք է անեին 2004 թվականին: Ինչի համար 2004 թվականին չէին նկատել, որ ես չեմ կարող ճանաչվել փախստական, այլ դա արել են հիմա, երբ ես արդեն 16 տարեկան չեմ: Ես պայքարելու եմ իմ իրավունքների համար եւ հույս ունեմ, որ արդարությունը կհաղթի»,- անկեղծանում է Արմենը: Արմեն Խաչատուրյանը բռնագաղթվել է 1988 թվականին, ընտանիքի հետ միասին՝ Ադրբեջանի Հանրապետությունից Հայաստանի Հանրապետություն: Գալով Հայաստան՝ հաշվառվել է որպես փախստական եւ ապաստան գտել Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի հանրակացարաններից մեկում: «Առավոտն» անդրադարձել էր Արմեն Խաչատուրյանի ընտանեկան վիճակին եւ «կռվախնձոր» դարձած նրա փախստականի կարգավիճակին:
Հիշեցնենք, որ Արմենի հայրն առաջին կարգի հաշմանդամ է՝ Ղարաբաղում կորցրել է երկու ոտքը, իսկ աջ ձեռքը գրեթե չի կարողանում աշխատեցնել: Արմենի մայրը երրորդ կարգի հաշմանդամ է, իսկ քույրը խնամում է ծնողներին: Բնական է, որ այդ պայմաններում Արմենի սոցիալական վիճակը ծանր կլինի, քանի որ տան միակ աշխատող ուժը նա է եւ ամբողջ հոգսը նա է ստանձնել: Այդքանով հանդերձ, դեռ վիճարկվում է նրա փախստական լինելու եւ չլինելու հարցը, մինչդեռ նրան պետք է օգնություն «ոտքի կանգնելու», աջակցություն՝ որպես անհատ կյանքում տեղը գտնելու համար: Փաստացի, Արմենն առաջին անգամ փախստականի անձնագիր է ձեռք բերել 2003 թվականին, որը մինչեւ 2011 թվականը երկարաձգվել կամ փոխարինվել է նոր փախստականի անձնագրով, իսկ կարգավիճակը դադարեցվել է միայն 2011 թվականին այն մեկնաբանությամբ, թե ծնողների քաղաքացիության ձեռքբերման ժամանակ նրա 14 տարին լրացած չի եղել:
Փաստորեն, եթե հետեւենք ՄՊԾ-ի կայացրած որոշմանը՝ Արմենի կարգավիճակը դադարեցնելու մասին, ապա ըստ ՄՊԾ-ի՝ Արմենը համարվում է ՀՀ քաղաքացի, սակայն ինչու է այդ մասին հիշատակվում միայն Արմենի կարգավիճակի հաստատումից 8 տարի անց եւ որտեղ են այն փաստացի ապացույցները, որտեղ նշված է, որ Արմենի փախստականի կարգավիճակը դադարեցվել է 2004 թվականին, այլ ոչ թե 2011-ին:
Կարդացեք նաև
Խախտվել է Արմենի իրավունքը՝ վարչական վարույթի անմիջական մասնակիցը լինելու հարցում: Նրան գրություններ չեն ուղարկվել եւ չեն նշանակել լսման օր, տեղ եւ ժամ, որպեսզի քննարկեն, թե ինչի համար են դադարեցնում իր կարգավիճակը: Փաստացի, նա ստացել է արդեն իսկ կայացրած որոշում՝ կարգավիճակը դադարեցնելու վերաբերյալ: Արմենի վճռականությունն ապացուցում է, որ նա թերեւս չի ցանկանում կորցնել կարգավիճակը, քանի որ դա միակ ապացույցն է նրա, որ բռնագաղթված անձ է, կորուստներ է ունեցել եւ հիմա ապրում է անբարենպաստ պայմաններում: Արմենը փորձում է իրավունքները վերականգնել վարչական դատարանում եւ խնդրում է վերականգնել իր իրավունքները, այն է՝ անվավեր ճանաչել ՄՊԾ-ի կայացրած որոշումը եւ պարտավորեցնել կայացնել բարենպաստ վարչական ակտ:
ՍԵՐԳԵՅ ՀԱԿՈԲՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ