Լրահոս
Օրվա լրահոսը

«Քյաբաբի մեջ՝ ափիոն»-ի գործը ավարտման փուլում է

Փետրվար 05,2013 14:38

Ամբաստանյալը շարունակում է պնդել, որ ինքը թմրանյութ չի մտցրել «Վանաձոր» ՔԿՀ

Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Սուրեն Բաղդասարյանի նախագահությամբ, շարունակվում է առանց իրացնելու նպատակի թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի ապօրինի շրջանառությանը օժանդակելու մեջ մեղադրվող վանաձորցի Աշոտ Էվոյանի դատաքննությունը:

Գործը քննվում է «Վանաձոր» ՔԿՀ-ի դատապարտյալ Վալերիկ Հովսեփյանին առաջադրված մեղադրանքի շրջանակներում:

Համաձայն մեղադրական եզրակացության՝ Վալերիկ Հովսեփյանն առանց իրացնելու նպատակի թմրամիջոց ապօրինի ձեռք բերելու նպատակով 2011թ. իր ծանոթ, Երեւան քաղաքի բնակիչ Գ. Պողոսյանին հանձնարարել է ինքնությունը չպարզված անձանցից վերցնել 5.864 գրամ «ացետիլացված ափիոն» տեսակի թմրամիջոցը եւ ուղարկել ք. Վանաձոր։ Վ. Հովսեփյանի հանձնարարությամբ վերջինիս կնոջ եղբայրը՝ Վ. Հովհաննիսյանը, հիշյալ թմրամիջոցը ստացել եւ փոխանցել է Աշոտ Էվոյանին, որն էլ նույն օրը առավոտյան Վ. Հովսեփյանի համար նախատեսված 5.864 գրամ «ացետիլացված ափիոն» տեսակի թմրամիջոցը թաքցրել է քյաբաբ սննդամթերքում, այն դրել իր ընկերոջ՝ «Վանաձոր» ՔԿՀ-ի կալանավոր Վ. Բաղդասարյանի հարազատների կողմից իրեն տրված հանձնուքի մեջ եւ ժամը 16։30-ի սահմաններում փորձել է ապօրինի իրացնել «Վանաձոր» ՔԿՀ-ում, սակայն հիշյալ թմրամիջոցը «Վանաձոր» ՔԿՀ-ի աշխատակիցների կողմից հայտնաբերվել եւ առգրավվել է։

Աշոտ Էվոյանի փաստաբան Գուրգեն Հարությունյանը, սակայն, «Առավոտի» հետ զրույցում նշում է, որ իր պաշտպանյալը տեղյակ չի եղել թմրամիջոցի մասին, այդ են վկայում նաեւ վկաների տված ցուցմունքները:

Փաստաբանի փոխանցմամբ՝ իր պաշտպանյալը ոչ միայն չի ընդունում մեղքը, այլ նաեւ ցուցմունք է տվել այն մասին, որ հանձնուք հանձնելու օրը իր կողքին եղել են եւս երկու անձինք, ու խնդրել են իր հանձնուքի հետ քյաբաբն էլ հանձնել:

«Ես բազմիցս միջնորդել եմ, որ «Վանաձոր» ՔԿՀ-ի տեսաձայնագրությունները ուսումնասիրվեն, գտնեն այդ երկու անձանց, սակայն քննիչը, բավականին երկար ժամանակ ձգձգելով տվյալ միջնորդությանս կատարումը, հայտարարեց, որ այդ տեսաձայնագրությունները չեն պահպանվել»,- ասում է Գուրգեն Հարությունյանը:

Բացի այդ՝ փաստաբանի փոխանցմամբ՝ դատաքննության ընթացքում վկաներից մեկը պատմել է մի անձնավորության մասին, ով կապ է ունեցել թմրամիջոցի՝ ՔԿՀ մտցնելու հետ:

«Այն հարցին, թե դուք այդ մասին ասել եք նախաքննական մարմնին, վկան հաստատեց, բայց պարզվեց, որ այդ ցուցմունքը տեղ չի գտել գործի նյութերում: Այնպիսի տպավորություն է, որ նախաքննական մարմինը ամեն ինչ արել է, որպեսզի գործը ամբողջությամբ չբացահայտվի, չպարզվի»,- ասում է փաստաբան Հարությունյանը:

Նա տեղեկացնում է, որ ՀՀ կառավարության որոշման համաձայն՝ հանձնուք տանող անձը դիմում է ներկայացնում ՔԿՀ-ի ծառայողին, ղեկավարի թույլատրելուց հետո նրա անձնագիրը, դիմումը, հանձնուքը մնում է ՔԿՀ ծառայողների մոտ եւ այն զննելուց, ստուգելուց հետո նոր հանձնուք տանողի անձնագիրը վերադարձնում են:

«Աշոտ Էվոյանի գործով այնպես է ստացվել, որ ստուգել են հանձնուքը, ոչինչ չեն հայտնաբերել, անձնագիրը վերադարձրել են Էվոյանին, նա թողել, հեռացել է: Հիմա պատճառաբանում են, թե հետո են հայտնաբերել»:

Բացի այդ, փաստաբան Հարությունյանը, վերհիշելով նախաքննության փուլում տեղ գտած խախտումները, նշում է, որ քննիչը, առանց պաշտպանական կողմին տեղյակ պահելու՝ գաղտնի, քրեական գործն ուղարկել է Լոռու մարզի դատախազություն, որտեղ էլ այն հաստատվել է եւ ուղարկվել դատարան:

«Օրենքով որեւէ մեկը իրավունք չունի փաստաբանին զրկել գործի նյութերին ծանոթանալու իրավունքից: Այդ հակաօրինական քայլով ես եւ պաշտպանյալս, նախաքննության ավարտից հետո, ըստ էության, չծանոթացանք մեղադրանքի հիմքում ընկած փաստերին ու ապացույցներին, զրկվեցինք միջնորդություններ ներկայացնելուց, դրանք բողոքարկելու իրավունքից»,- քննիչի գործողությունների անօրինականության հետեւանքների մասին է պատմում պաշտպանը՝ նշելով, որ այդ քայլը մարդու իրավունքների կոպիտ խախտում է:

Պաշտպանության կողմը գործի նյութերին ծանոթացել է նախաքննությունից հետո, երբ գործն արդեն դատական քննության էր ենթակա:

«Այս կարգի խախտումներով էլ գործը շարունակվում է քննվել, արդեն ապացոււյցների հետազոտման փուլն է, դեռեւս հարցաքննվում են վկաներ, հարցաքննվել են «Վանաձոր» ՔԿՀ-ի երկու աշխատակիցներ»,- եզրափակում է փաստաբան Գուրգեն Հարությունյանը:

ԱՆՈՒՇ ԲՈՒԼՂԱԴԱՐՅԱՆ

Վանաձոր

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728