Սերժ Սարգսյանն ու Տիգրան Սարգսյանը ռուսական մամուլին ծավալուն հարցազրույցներ են տվել, որոնցում ուշագրավ հայտարարություններ են արել:
Սերժ Սարգսյանի պատասխանը՝
Ռոբերտ Քոչարյանին
Նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանը «Կոմերսանտի» կայքում հրապարակված «Օգոնյոկ» ամսագրին տված հարցազրույցում պատասխանելով հարցին, թե իր կարծիքով՝ ի՞նչ նկատի ուներ Ռոբերտ Քոչարյանը, ով վերջերս բացատրելով նախագահի պաշտոնի համար պայքարում իր չմասնակցությունը՝ հիմնավորել էր, թե՝ «քաղաքական կոմպրոմիսի փնտրտուքը Հայաստանում փոխակերպվել է մանրածախ քաղաքական առեւտրի», իսկ քաղաքական մրցակցությունը «ընտրություններից առաջ մի տեսակ տիկնիկային է դարձել», պատասխանել է. «Բնականաբար, չեմ մեկնաբանի տարատեսակ քաղաքական հայտարարությունները, որոնք հնչել են այս օրերին, քանի որ դրանք արվում են սեփական շահերից ելնելով: Ինչ վերաբերում է իրադրությանը, ապա այն այնպիսին է, ինչպիսին ընտրություններից առաջ կարելի է սպասել քաղաքակիրթ երկրներում: Մարդիկ ուշադիր հետեւում են պայքարին, որին արժանապատիվ քաղաքական գործիչներ են մասնակցում, նրանցից ոչ մեկին ես թշնամի չեմ համարում: Մրցակից՝ այո, բայց ոչ թշնամի»:
Կարդացեք նաև
Փաստորեն Ս. Սարգսյանը «իշխանության պայքարը երկու ղարաբաղցիների, երկու վաղեմի գործընկերների միջեւ ինձ համար անընդունելի է»՝ Քոչարյանի ձեւակերպումը այնքան էլ անկեղծ չի համարել, ավելին՝ Ս. Սարգսյանը ըստ էության կարծում է, որ Քոչարյանը «իր շահերից ելնելով» է հայտարարություններ արել:
Ս. Սարգսյանը հավելել է նաեւ, որ բոլոր թեկնածուների համար գոյություն ունեն նախընտրական միջոցառումների, քարոզչության անցկացման հավասար հնարավորություններ, ոչ ոք նրանց համար խոչընդոտներ չի ստեղծում: Երկրում արդեն աշխատում են միջազգային դիտորդների մի քանի խմբեր: Նրանք նույնպես ունեն ընտրությունների ընթացքն օբյեկտիվ գնահատելու բոլոր հնարավորությունները, մամուլը բաց է բոլոր տեսակետներից, թեկնածուների գրանցումը թափանցիկ է կատարվել:
Անդրադառնալով ԼՂ-ի խնդրին՝ Ս. Սարգսյանը նշել է, որ ղարաբաղցիներն իրենք պետք է որոշեն իրենց ճակատագիրը, թե ինչ քաղաքական կարգավիճակով պետք է ապրեն ապագայում։ «Սա ինքնորոշման համար պայքարի դասական օրինակ է, եւ չկա որեւէ փաստարկ, որը կհստակեցնի, թե ինչու Արցախի ժողովուրդը չպետք է ունենա այդ իրավունքը»։ Հարցին, թե ինչ կարող է անել ՌԴ-ն ԼՂ-ի հարցի լուծման համար, Ս. Սարգսյանը նշել է, որ ՌԴ-ն կարեւորագույն միջնորդ է հակամարտության մեջ՝ Ֆրանսիայի եւ ԱՄՆ-ի հետ համատեղ, եւ միայն ՌԴ-ի շնորհիվ է հնարավոր եղել կնքել 1994թ.-ի հրադադարը։ Ս. Սարգսյանը հիշեցրել է, որ իրենք լուրջ հույսեր են կապել ՌԴ-ի բարձրագույն մակարդակով կազմակերպված միջնորդության հետ, սակայն Ադրբեջանը վերջին պահին փորձել է փոփոխություններ մտցնել արդեն հաստատված փաստաթղթում։ «Ես շնորհակալ եմ ՌԴ բարձրագույն ղեկավարությանը՝ հակամարտության լուծման ուղիների որոնման ճանապարհին ցուցաբերած հետեւողականության համար։ Համոզված եմ, որ նրա մասնակցությունը բանակցություններին էապես սառեցնում է բազմաթիվ տաք գլուխների»։
Հայկական տնտեսության կառուցվածքը խիստ տարբերվում է
Մաքսային միության երկրների տնտեսության կառուցվածքից
Վարչապետ Տիգրան Սարգսյանը ՌԴ-ի հետ հարաբերությունների, Մաքսային միության, հայ-վրացական շփումների թեմաների շուրջ զրուցել է «Մոսկովսկիե նովոստի» թերթի թղթակցի հետ:
Դիտարկմանը, որ անցյալ տարի ՀՀ-ն ու ՌԴ-ն ստեղծեցին աշխատանքային խումբ, որը պետք է առաջարկի Մաքսային միությանը Հայաստանի մասնակցության ձեւաչափը՝ հաշվի առնելով այն, որ մենք ընդհանուր սահմաններ չունենք ՌԴ-ի հետ, եւ հարցին, թե որքանո՞վ է հավանական միությանը ՀՀ-ի անդամագրվելը, Տ. Սարգսյանը, ոչ դիվանագիտական լեզվով ասած, նկատել է տվել, թե առանձնապես ոգեւորված չեն այդ գաղափարով: «ՀՀ-ի յուրահատկություններից մեկն էլ այն է, որ հայկական տնտեսության կառուցվածքը խիստ տարբերվում է Մաքսային միության երկրների տնտեսության կառուցվածքից, որտեղ կան էներգետիկ ռեսուրսների զգալի պաշարներ, եւ որտեղ հայրենական արտադրողի պաշտպանության քաղաքականություն է անցկացվում բավականին բարձր մաքսային տուրքերի միջոցով: Ընդհանուր առմամբ, Մաքսային միությունում մաքսատուրքերի մակարդակը կրկնակի բարձր է այն տուրքերից, որոնք կիրառվում են ՀՀ-ում: ՀՀ-ն ԱՊՀ-ի առաջին երկրներից մեկն էր, որ դարձավ Առեւտրի համաշխարհային կազմակերպության անդամ, եւ դա նույնպես որոշակի յուրահատկություն է տալիս Մաքսային միության հետ մեր հարաբերություններին: Ուստի անհրաժեշտ է գտնել միության հետ մեր փոխգործակցության բանաձեւը եւ առավել արդյունավետ գործիքները: Ընդսմին, մենք քանիցս խոսել ենք այն մասին, որ Հայաստանը շահագրգիռ է ԱՊՀ-ի տարածքում ինտեգրացիոն գործընթացների ծավալմամբ եւ պատրաստ է ըստ ամենայնի խթանել դրանք, քանի որ, մի կողմից, ՌԴ-ն մեր ռազմավարական գործընկերն է»:
Ռուս-հայկական հարաբերությունների, խնդրահարույց պահերի վերաբերյալ հարցին ի պատասխան՝ Տ. Սարգսյանը մասնավորապես նկատել է. «Պարբերաբար ծագում են հարցեր, որոնք մենք լուծում ենք երկկողմ կարգով: Շատ կարեւոր է այն, որ պատմականորեն մեր ժողովուրդների միջեւ ձեւավորվել են այնպիսի հարաբերություններ, որոնք արժեւորվում են եւ փոխանցվում սերնդից սերունդ: Ուստի մեր հարաբերությունները համապարփակ բնույթ են կրում: Եվ այս տեսանկյունից նույնիսկ դժվար է առանձնացնել ինչ-որ մեկ կամ մի քանի ուղղություն՝ որպես առաջնային: Դրա հետ մեկտեղ վերջին ժամանակներս առաջին պլան են մղվում անվտանգության եւ ապագայի համար մեր համատեղ պատասխանատվության հարցերը, ինչպես նաեւ տնտեսական համագործակցության այն ձեւաչափը, որում ՀՀ-ն կկարողանա ամուր դիրքերից գործակցել ՌԴ-ի հետ: Մենք տեսնում ենք, որ ՌԴ-ն շահագրգիռ է՝ ի դեմս Հայաստանի Կովկասում ուժեղ դաշնակից ունենալու հարցում»:
Անդրադառնալով Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի հայաստանյան այցին եւ Աբխազիայի տարածքով ՌԴ-ի հետ երկաթուղային հաղորդակցությունը վերականգնելու հնարավորությանը՝ Տ. Սարգսյանը նախ նշել է, որ Ադրբեջանը եւ Թուրքիան արգելափակում են մեր սահմանները, միջազգային պատժամիջոցները դժվարացնում են մեր տնտեսական հարաբերություններն Իրանի հետ: «Եվ իհարկե, Վրաստանով անցնող երկաթուղին առաջնահերթ նշանակություն ունի: Ուստի այդ հարցը մենք չենք կարող շրջանցել հանդիպման ժամանակ: Խոսակցությունը շատ անկեղծ էր՝ փոխվստահության մթնոլորտում, եւ չեղավ մի այնպիսի հարց, որի շուրջ մենք չգտնեինք փոխըմբռնում, եւ մեր դիրքորոշումները շատ մոտիկ չլինեին: Վրաստանը նույնպես շահագրգռված է Ռուսաստանի հետ կապերի կարգավորմամբ: Հասկանալի է, որ կան շատ հարցեր, որոնք պետք է լուծել, եւ դրանք այսրոպեական խնդիրներ չեն: Մեզ ուրախացրեց Վրաստանի վարչապետի դիրքորոշումը, նրա շահագրգռությունը այդ հիմնախնդիրների ամբողջ թնջուկի լուծման եւ ՌԴ-ի հետ շփումների հաստատման հարցում: Մենք ակնկալում ենք, որ մոտ ապագայում այդ հիմնախնդիրը կլուծվի, եւ մեր կողմից առավելագույն ջանքեր կգործադրենք դրա համար»,- պարզաբանել է ՀՀ վարչապետը:
ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
,,Երկու ղարաբաղցիների,, գործոնը համոզիչ է մի բանում, որ կգա մի օր երբ Հայաստանի
ժողովուրդը թքած ունենա Ղարաբաղի ճակատագրին, որը ամենասարսափելին կլինի: