Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Մեր ոգին ամուր է, մեզնից ոչ մեկը չի լքելու մարտի այս դաշտը»

Փետրվար 05,2013 14:24

ԱԺ պատգամավորի երգն ու ՀՀԿ թեկնածուի քարոզարշավը

ՀՀ նախագահի հանրապետական թեկնածու Սերժ Սարգսյանի նախընտրական քարոզարշավը, որը երեկ շարունակվեց Արարատի մարզում, ուղեկցվեց մի քանի ուշագրավ դրվագներով: Դրանցից ամենաառանցքայինը վաղամեռիկ սպարապետ Վազգեն Սարգսյանի փոքր եղբոր՝ Արամ Սարգսյանի հայտարարությունն էր այն մասին, որ առաջիկա նախագահական ընտրություններին ինքը սատարելու է Սերժ Սարգսյանի թեկնածությունը: Ավելին, «Առավոտի» հարցին ի պատասխան՝ Արմեն Սարգսյանն ասաց, որ համագյուղացիներին ու բարեկամներին էլ կոչ է անում, որպեսզի սատարեն Սերժ Սարգսյանին: Արմեն Սարգսյանն իր որոշումը բացատրեց՝ փարատելով նաեւ լրագրողների զարմանքը. «Ուրիշ ավելի հզոր թեկնածուի ես չեմ տեսնում, որը կարող է մեր երկիրը այս վիճակից հանել, մարդը գործ է արել, հասել է գործի այն պահին, որ պետք է շարունակվի: Կիսատ թողնելը եւ վստահել ուրիշին, չեմ կարծում, որ նպատակահարմար է»: Թե իր կարծիքով՝ հատկապես ի՞նչ գործ է արել Սերժ Սարգսյանը, Արմեն Սարգսյանն ասաց. «Ինչո՞ւ եք դուք մենակ վատը տեսնում, շատ լավ բաներ կան, որ դուք չեք ուզում տեսնել: Եկեք չխորանանք, թե կոնկրետ ինչ»: «Ազատություն» ռադիոկայանի թղթակիցը Արմեն Սարգսյանին հիշեցրեց իր մյուս եղբոր՝ Արամ Սարգսյանի կեցվածքը, ով այս ընտրություններում որեւէ մեկին չի սատարում, ավելին՝ կարծիք էր հայտնել, թե սա ոչ թե ընտրություն է, այլ տուն-տունիկ: Արմեն Սարգսյանը պատասխանեց. «Նա իմ եղբայրն է, արյունը երբեք ջուր չի դառնում: Մենք տարբեր հայացքներ ունենք քաղաքականության առումով… Ես այսօր ընտրում եմ Սերժ Սարգսյանին, եւ դա մեկնաբանելու կարիք չկա»: Հիշեցնենք, որ Արմեն Սարգսյանը, ով Ռոբերտ Քոչարյանի նախագահության տարիներին դատապարտվել էր Տիգրան Նաղդալյանի սպանությունը պատվիրելու մեղադրանքով, ազատություն ստացավ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման տարիներին:

«Արարատում ստացած քվեները ինձ համար կարեւոր են»,- Արարատ քաղաքի մշակույթի տանն իր խոսքում ասաց Սերժ Սարգսյանը: Նա խոսեց արդար ընտրություններ անցկացնելու կարեւորության մասին՝ հույս հայտնելով, որ Վազգեն Սարգսյանի հայրենակիցները ավելի ըմբռնումով կմոտենան իր ասածներին: Բայց արարատցիների պասիվությունը զարմացրեց նաեւ Սերժ Սարգսյանին: Նախագահի թեկնածուին ընդամենը երեք հարց ուղղեցին, որոնք առավելագույնս համեմված էին երախտիքի խոսքերով: Սերժ Սարգսյանը իր զարմանքը բարձրաձայն արտահայտեց. «Շատ տարօրինակ է: Ես էլ ասում էի՝ ժամանակը չի հերիքելու հարցերին պատասխանեմ»:

Իսկ մինչ այդ Մասիս քաղաքի մշակույթի տան դահլիճում Սերժ Սարգսյանը խոսելով Պարույր Հայրիկյանի ուղղությամբ հնչած կրակոցներից՝ ասաց. «Խոստովանեմ՝ հաճելի է տեսնել, թե ինչպես է մեր գործընկերը՝ Պարույր Հայրիկյանը, արագ ապաքինվում, չնայած այն զազրելի հանցանքին, որը, իմ համոզմամբ, ուղղված էր ոչ միայն Հայրիկյանի դեմ, այլեւ մեր պետականության դեմ, մեզնից յուրաքանչյուրի դեմ»: Նրա համոզմամբ՝ «պետք է շարունակել անխափան, հստակ աշխատանքը, որովհետեւ այդ հանցագործության նպատակը հենց դա էր՝ խափանել մեր բնականոն աշխատանքը»: Նախագահն ասաց, որ ստեղծված իրավիճակում գործելու է բացառապես ՀՀ Սահմանադրությունը, եւ ինքը, իբրեւ Սահմանադրության երաշխավոր, խոստացավ, որ յուրաքանչյուր գործողություն համապատասխանելու է երկրի հիմնական օրենքի տառին ու ոգուն: Սերժ Սարգսյանը նաեւ կարծիք հայտնեց, որ Պարույր Հայրիկյանի հետ կատարվածը փորձություն էր, ու այդ փորձությունից Հայաստանն ու հայ ժողովուրդը պետք է դուրս գան առավել միասնական: Նա նաեւ անկեղծացավ. «Պարտավոր ենք լավ ընտրություն անցկացնել: Դա օդ ու ջրի պես մեզ անհրաժեշտ է, որպեսզի ունենանք ամուր իշխանություն՝ ընտրված նախագահ, որի ընտրությունը կասկած չի հարուցում»: Ի դեպ, նախագահը դեռ վատառողջ է, չնայած դրան՝ քարոզարշավը շարունակում է: Իսկ Արարատի մարզը նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանին դիմավորեց «Արարատի մարզը ողջունում է ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանին», «Արարատի մարզը Սերժ Սարգսյանի հետ է եւ վերջ» պաստառներով: Սերժ Սարգսյանի դահլիճային հանդիպումներն անցնում են «ընտրյալների» մասնակցությամբ՝ դպրոցների եւ մանկապարտեզների տնօրեններ, քաղաքապետարան-գյուղապետարանների աշխատակիցներ, գյուղապետեր, մի խոսքով՝ մարդիկ, ովքեր ավելորդ արտահայտություններ եւ գործողություններ թույլ չեն տա: Բոլոր նրանք, ովքեր հույս են փայփայում Սերժ Սարգսյանի հետ շփվելու, իրենց խնդիրներին հաղորդակից դարձնելու, մնում են դահլիճի պատերից այն կողմ: Լավագույն դեպքում տեղական չինովնիկների կողմից տրամադրված ավտոբուսներով հասնում են մարզկենտրոն՝ հույսով, որ բացօթյա հանրահավաքից հետո կմոտենան նախագահին, սակայն վերջին հույսն էլ մարում է նախագահի անվտանգության աշխատակիցների հետ շփումից հետո: Ի դեպ, Սերժ Սարգսյանի քարոզարշավներին մշտապես ներկա են լինում մայրաքաղաքի տարբեր բուհերի ուսանողներ՝ քարոզարշավային ատրիբուտներով՝ «Դեպի ապահով Հայաստան» մակագրությամբ դրոշներ, վզնոցներով, կիսաբաճկոններով: Նախագահի թեկնածուի բացօթյա հանդիպումներին մասնակցելու են բերվում մարզի տարբեր բնակավայրերից ներկայացուցիչներ:

«Լավ իշխանությունները երկնքից չեն ընկնում. լավն էլ, վատն էլ դուք եք ձեւավորելու: Երկիրը կարող է ազատ լինել, եթե գործատուները կամայականություն չեն դրսեւորում, ամբարտավան եւ սկսնակ գործիչները սին խոստումներ չեն տալիս: Մեր ներկան շատ համոզիչ է: Իհարկե, սա նյարդայնացնում է ոմանց, սա չի նշանակում, որ բոլոր հարցերը լուծել ենք, բայց պատասխանատվությունը մեծ է մեզ համար»,- Արտաշատում նախընտրական քարոզարշավի մարզային ամփոփիչ հանրահավաքում հայտարարեց Սերժ Սարգսյանը: Անդրադառնալով Պարույր Հայրիկյանի հետ կատարվածին էլ՝ Սերժ Սարգսյանն ասաց, որ ոչինչ չի կարող շեղել մեր ժողովրդին ընտրած ճանապարհից կամ կասեցնել նրա ընթացքը: Ասաց, որ մենք կառուցում ենք այնպիսի տուն, ինչպիսին մենք ենք ուզում, եւ ուրիշի ցանկությունները մեզ համար միգուցե ցանկալի են, բայց պարտադիր չեն: Նաեւ հավելեց, որ գալիք ընտրություններում մեզ հարկավոր է համոզիչ հաղթանակ, երբեւէ եղած հաղթանակներից ամենահամոզիչը: Ասաց, որ մեկ միավորով պակաս ձայները ավելացնելու են բռնությամբ հարցեր լուծող ստահակի ինքնավստահությունը, սին հավակնություններ ունեցողների վայրահաչությունների տոնը. «Հիշեք, որ ձեր քվեն ուժ է աղքատության, միգրացիայի, կաշառակերության, հովանավորչության, զոռբայության դեմ պայքարում: Ուժ է բոլոր արկածախնդիրների դեմ, ովքեր կարծում են, թե կարող են մեզ վախեցնել: Թույլ չենք տա: Համոզված եղեք: Մեր ոգին ամուր է, մեզնից ոչ մեկը չի լքելու մարտի այս դաշտը: Դա զոռբային լռեցնելու մարտադաշտն է»: Սերժ Սարգսյանը նկատեց, որ ընտրապայքար ելած մյուս թեկնածուներն իրեն խիստ քննադատում են, սակայն վստահություն հայտնեց, որ ամենասկզբունքային հարցերում նրանք դաշնակից են. «Քննադատում են, լավ են անում, իհարկե՝ պիտի քննադատեն, որովհետեւ նրանք դրանից կարծես թե հաճույք են ստանում: Բայց ես վստահ եմ, որ հաստատ հնարավոր է հաղթահարել մեր երկրում գոյություն ունեցող բոլոր արատները: Ես վստահ եմ, որ 100 քայլ չէ, այլ 100 անգամ հազար քայլ էլ կանենք, որ չկորցնենք պատմական պահը եւ իրականություն դարձնենք մեր երազանքների Հայաստանը»:

Սերժ Սարգսյանին մարզկենտրոնում դիմավորեցին ՀՀ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը, ԱԺ նախագահի եղբայրը՝ նախկին պատգամավոր Ջոնիկ Աբրահամյանը, Արարատի մարզպետը, այլ պաշտոնյաներ: Ի դեպ, նորաթուխ ՀՀԿ-ական պատգամավոր Շուշան Պետրոսյանը երեկ նույնպես երգեց ՀՀԿ թեկնածուի քարոզարշավին: Նա երկու կատարում նվիրեց այդ սուրբ գործին:

ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728