Պարույր Հայրիկյանը կրկին խոսեց «չեկիստների» մասին՝ իր դեմ մահափորձի համատեքստում: Ես մոտավորապես պատկերացնում եմ, թե ինչի մասին է խոսքը, բայց ամբողջապես չեմ հասկանում, որովհետեւ «չեկիստ», «կագեբե», «գործակալ» բառերն օգտագործվում են տարբեր իմաստներով: Օրինակ՝ 94 թվականին, բազմահազարանոց հանրահավաքի ժամանակ (այն ժամանակ սոցիալական ցանցեր եւ կայքեր չկային, եւ հայհոյանքների մեծ մասը հնչում էր բանավոր), արմատական ընդդիմադիր Աշոտ Մանուչարյանը, ի թիվս այլ մեղադրանքների եւ հայհոյանքների, ինձ անվանեց «կագեբեի գործակալ»: Որքան հասկանում եմ, իմ կողմից հարգված այս գործիչը նկատի ուներ ինչ-որ վատ, բացասական երեւույթ: Առիթ չեմ ունեցել ճշտելու, թե որ մի «կագեբեն» նա նկատի ուներ՝ խորհրդայի՞ն, ռուսակա՞ն, թե՞ հայկական: Խորհրդային «կագեբեի» գործակալը, իմ պատկերացմամբ, մասնավորապես նա է, ով «խաբար է տալիս», թե ով է խնջույքի ժամանակ անեկդոտ պատմել Բրեժնեւի մասին, եւ հետո այդ պատմողը խնդիրներ է ունենում իր աշխատավայրում: Բայց 1985 թվականից հետո այդ խնդիրը չկա, եւ նման նողկալի մատնագրերով զբաղվող մարդիկ իրենց համար գործունեության այլ բնագավառներ են գտել: Օրինակ՝ դարձել են «ազգային գործիչներ»:
Բայց բացասական իմաստով «չեկիստներն» այսօր էլ գոյություն ունեն: Օրինակ՝ նրանք, ովքեր գաղտնալսել եւ տարածել են Վարդան Օսկանյանի եւ Լեւոն Զուրաբյանի խոսակցությունը սրճարանում: (Եթե նրանք չեն արել, ապա վաղուց կբացահայտեին, մեղավորն էլ վաղուց նստած կլիներ, ինչպես որ դա եղավ մի դերասանուհու դեպքում): Ասացեք խնդրեմ, ի՞նչ իմաստով է նման գաղտնալսումը նպաստել մեր ազգային անվտանգությանը: Ոչ մի: Սա հենց այն դեպքն է, երբ հատուկ ծառայությունն օգտագործվում է քաղաքական նպատակներով:
Հավանաբար, երբ Հայրիկյանը եւ մնացած այլախոհները խոսում են «չեկիստների» մասին, նրանք նկատի ունեն հենց դա՝ քաղաքական գործառույթներ ունեցող նմանատիպ կառույցները: Բայց պետություններն այդ կառույցների միջոցով սեփական երկրում եւ այլ երկրներում իրականացնում են գործողություններ, որոնք բխում են իրենց՝ այդ պետությունների քաղաքական շահերից: Խոսքը, հետեւաբար, ոչ թե առհասարակ քաղաքական գործառույթների մասին է, այլ այնպիսի գործառույթների, որոնք ուղղված են ոչ թե պետության, այլ իշխանության շահերի բավարարմանը: Մնում է միայն ապացուցել, որ որեւէ պետությանը կամ թեկուզ որեւէ երկրի իշխանությանը ձեռնտու է Հայաստանում անկայուն վիճակ ստեղծել:
…Հատված խորհրդային մի հին ֆիլմից, որի անունը չեմ հիշում: Ձերժինսկին պատժում է իր ստորադաս մի նավաստու, որը «սխալմամբ» գնդակահարել է ինչ-որ մի կասկածելի «ինտելիգենտի»: Նավաստին արդարանում է. «Ֆելիքս Էդմունդովիչ, հակա էր նա, հակա, ես լյարդով էի դա զգում»: «Հաջորդ անգամ,- խիստ տոնով ասում է «չեկա»-ի ղեկավարը,- կմտածեք ոչ թե լյարդով, այլ գլխով»:
Կարդացեք նաև
ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Չկա գլուխ, անհնար է լյարդով, ուրեմն պետք է շարունակել նրանով ինչով մինչ այս դատում են:
Իրոք ողորմելի վիճակ է, երբ ամեն մի երևույթ փորձում են աղավաղել, միայն ճիշտը չխոսեն:
Փառք ու պատիվ նրանց, ովքեր անկախ ամեն իրավիճակից, ազնվության և արդարության խոնարհ
ծառան են, իսկ երկրի խաբեբաները նրանց առաջ,՝ աղբանոցի որդեր:
Ներքին եւ արտաքին քաղաքականություն վարելու որակը կախված է անվտանգության աշխատակիցների («չեկիստների») մակարդակից, էությունից, որը համապատասխանում է պետության կարգավիճակին: