Լրահոս
Օրվա լրահոսը

Ամբաստանյալը տեղափոխվել է «Դատապարտյալների հիվանդանոց»

Փետրվար 05,2013 14:19

Որդու սպանության դիմաց պատասխան սպանության գործով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի այսօրվա նիստը տեղի չունեցավ ամբաստանյալ Արտակ Մելքոնյանի դատարան չներկայացվելու պատճառով:

Ինչպես դատարանին տեղեկացրեց ամբաստանյալի պաշտպան Ռազմիկ Թովմասյանը, նախօրեին Արտակ Մելքոնյանը առողջության կտրուկ վատթարացման պատճառով տեղափոխվել է «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ, ամբաստանյալը ներկայումս նախավիրահատական բուժում է անցնում: Պաշտպանը դատարանին փոխանցեց նաև ամբաստանյալի դիմումն՝ ուղղված դատարանին, որով վերջինս խնդրում էր իր բացակայությամբ քննություն չանցկացնել, քանի որ ինքը «լուրջ միջնորդություններ է ներկայացնելու դատարանին»: Ամբաստանյալը միաժամանակ խնդրել էր վերաքննիչ բողոքների քննությունը հետաձգել մեկ ամսով:

Դատարանը՝ դատավոր Եվա Դարբինյանի նախագահությամբ, որոշեց հարցում ուղարկել «Դատապարտյալների հիվանդանոց»՝ տեղեկանալու ամբաստանյալի առողջական վիճակի և այն մասին, թե որքան ժամանակ է պահանջվում ամբաստանյալի առողջական վիճակի կարգավորման համար: Գրությունը ստանալուց հետո դատարանը որոշում կկայացնի հաջորդ դատական նիստը նշանակելու կամ վերաքննիչ բողոքների քննությունը որոշակի ժամկետով կասեցնելու մասին:

Գործը դատարանում քննվում է տուժողի իրավահաջորդ Դավիթ Վարդիկյանի և ամբաստանյալի պաշտպան Ռազմիկ Թովմասյանի վերաքննիչ բողոքների հիման վրա: Առաջինը իր վերաքննիչ բողոքում միջնորդում է ամբողջությամբ բեկանել և փոփոխել Արտակ Մելքոնյանի նկատմամբ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` դատավոր Մխիթար Պապոյանի նախագահությամբ, կայացրած հոկտեմբերի 31-ի դատավճիռը և Արտակ Մելքոնյանին դատապարտել ցմահ ազատազրկման: Իսկ ամբաստանյալի պաշտպան Ռազմիկ Թովմասյանը միջնորդում է մասնակիորեն բեկանել Արտակ Մելքոնյանի դեմ կայացված դատավճիռը՝ արարքը սպանությունից վերաորակելով որպես Հոգեկան խիստ հուզմունքի վիճակում կատարված սպանության և նշանակել համաչափ պատիժ:

Հիշյալ դատավճռով Արտակ Մելքոնյանը մեղավոր էր ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով և 235-րդ հոդվածի 4-րդ մասով և դատապարտվել ազատազրկման 11 տարի 6 ամիս ժամկետով:

Ըստ մեղադրանքի՝ Արտակ Մելքոնյանը 2010թ. նոյեմբերի 14-ին` ժամը 13.30-ի սահմաններում, Երևան քաղաքի Զավարյան 49/1 տան դիմաց հանդիպելով 2009թ. նոյեմբերի 29-ին առանձին դաժանությամբ սպանված իր հանգուցյալ որդու` Սոս Մելքոնյանի սպանությանը առնչված և օրենքով սահմանված տարիքի հասած չլինելու հիմքով քրեական պատասխանատվությունից ազատված Սարգիս Վարդիկյանին, վրեժխնդիր լինելով նույն եղանակով սպանել է նրան:

«Փաստինֆո»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728