Լրահոս
Օրվա լրահոսը

ՓՄՁ վարկերը աննպատակ էլ են ծախսում

Փետրվար 05,2013 14:15

Եղել է դեպք, երբ անհատ ձեռնարկատերը մահացել է եւ վարկի մարումը ընտանիքի վրա է մնացել

Ռուսաստանի կողմից Հայաստանին տրամադրված պետական վարկային միջոցների մի մասը, ինչպես այսօր, ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունում հայտնեց  «ՓՄՁ ներդրումներ» ունիվերսալ վարկային կազմակերպության գործադիր տնօրեն Արթուր Բադալյանը, տրամադրվել է մեր երկրում փոքր եւ միջին ձեռներեցությամբ զբաղվող սուբյեկտներին: Ընդհանուր առմամբ, 100 սուբյեկտ է վարկավորվել, որոնց գումարը կազմել է 6,5 միլիարդ դրամ: Ըստ Արթուր Բադալյանի, որպես կանոն, վարկավորման ենթակա են այն ՓՄՁ-ները, որոնց բիզնես-նախագծերն իրատեսական են եւ վարկը հետ վերադարձնելու ռիսկայնությունն էլ` բարձր:

Իր գործունեության 3,5 տարիների ընթացքում, ինչպես պարոն Բադալյանը նշեց, 99,9 %-ով վարկը վերադարձվել է, միայն մեկ դեպք է եղել, երբ, Արթուր Բադալյանի խոսքերով, անհատ ձեռնարկատերը մահացել է եւ վարկի մարման հարցն այժմ ընտանիքն է հոգում, վերադարձնելու ենթակա վարկի գումարը կազմում է 800 հազար դրամ: Խոշոր վարկերի դեպքում, երբեմն, վարկային կազմակերպությունը ստիպված է լինում վարկը տրամադրել գրավի դիմաց: Aravot.am-ի հարցին, թե որքա՞ն է վարկավորման  առավելագույն գումարը, պարոն Բադալյանը նշեց, որ իրենց գործունեության ընթացքում 900 միլիոն դրամի վարկ հատկացրել են «Լիկվոր» դեղագործական ընկերությանը` ներդրումներ անելու եւ միջազգային չափանիշներին համապատասխան արտադրություն կազմակերպելու համար:

Վարկային կազմակերպության ղեկավարի տվյալներով, վարկային գումարների 49 %-ն ուղղվում են մայրաքաղաքի ՓՄՁ-ին, մնացած գումարները մարզերում են ներդրվում: Վարկերի 83.2 %-ը տրամադրվում է արդյունաբերությանը, 10,1 %-ը գյուղատնտեսությանը, իսկ մնացած մասը՝ այլ ոլորտներին:

Իր գործունեության 3,5 տարիների ընթացքում «ՓՄՁ ներդրումներ»-ը 130 միլիոն դրամի հարկ է վճարել պետբյուջե: Վարկային կազմակերպությունը վարկը տրամադրում է շուկայականից ցածր` 11 %-ով:

Ինչ վերաբերում է գործարարի գործերին խառնվելուն, ապա պարոն Բադալյանը պատասխանելով Aravot.am-ի հարցին, թե կազմակերպությունը վերահսկո՞ւմ է, որ գործարարները կատարեն բիզնես-պլանում նկարագրած իրենց խոստումները, ասաց, որ մոնիթորինգ են անում, որպեսզի տեսնեն ձեռնարկատերերը չե՞ն շեղվել իրենց ծրագրերից եւ արդյոք վարկը նպատակայի՞ն են օգտագործում: Երբեմն էլ պարզվել է, որ վարկառուն գումարները աննպատակ է ծախսել: Նման դեպքեր, ըստ Արթուր Բադալյանի, գրեթե չեն լինում, բայց եթե լինում էլ են, ապա վարկառուից վարկը հետ են վերցնում:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728